Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 03,2009 00:00

ՉԱՎԵՍԸ 3 ՕՐ ԼՌԵԼՈ՞Ւ Է

\"\"Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին բժիշկը խորհուրդ է տվել մի փոքր լռել: Ինչպես հայտնի է, Չավեսը սիրում է խոսել, եւ նրա ճառերը երբեմն տեւում են 5 ժամ եւ ավելի: Սակայն վերջերս նա այնքան է լարել իր «հռետորական գործիքը», որ հիվանդացել է անգինայով, եւ անձնական բժիշկը խորհուրդ է տվել նրան առնվազն 3 օր զերծ մնալ ելույթներից: Բայց, ինչպես հայտնում է newsru.

com-ը, Չավեսը դեմ է նման բուժմանը եւ հայտարարում է, որ նույնիսկ 1 օր լռելը իր համար շատ ծանր փորձություն կլինի: 2007 թվականի նոյեմբերին Չավեսի շատախոսությունը պատճառ դարձավ դիվանագիտական սկանդալի: Լատինամերիկյան համաժողովներից մեկի ժամանակ նա անընդհատ միջամտում էր Իսպանիայի թագավորի ելույթին, ինչի հետեւանքով վերջինս խնդրեց Վենեսուելայի նախագահին «ձայնը կտրել»: Վերջին ամիսներին երկու հաջորդական ընտրարշավները բացասաբար անդրադարձան Չավեսի առողջության վրա: Նրա կոկորդը բորբոքվեց, եւ սովորական բուժումը արդյունք չտվեց: Ուգո Չավեսն իր բազմաժամանոց ելույթների ժամանակ հաճախ երգում է եւ գոռում: Այս տարվա հունվարին, ելույթ ունենալով երկրի կոնգրեսի առաջ, նա խոսեց 7 ժամ առանց ընդմիջման:

«ՆՈՐ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ» ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ

\"\"Շաբաթ օրը Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիության արտակարգ համաժողովը, որի հիմնական թեման էր, բնականաբար, տնտեսական ճգնաժամը: Ինչպես գրում է «Գազետա» թերթը, Բրյուսելում Եվրոպան հերթական անգամ բաժանվել է արեւելյան եւ արեւմտյան մասերի: Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ներկայացուցիչները, մինչեւ համաժողովի պաշտոնական սկիզբը, հանդիպել են Լեհաստանի դեսպանատանը եւ հայտարարել, որ ճգնաժամը հաղթահարելու համար իրենց պետք է 300 միլիարդ եվրո: ԵՄ նոր անդամները իսկապես ավելի շատ են տուժում ճգնաժամից, քան հները: Օրինակ, գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Բալթյան երկրներում՝ Լատվիայում կազմելով 9,7%: Նույնքան խոսուն են այդ երկրների ազգային փոխարժեքի թուլացումը վկայող թվերը. լեհական զլոտին եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 28%-ով, հունգարական ֆորինտը՝ 20%-ով, ռումինական լեյը՝ 17%-ով, չեխական կրոնը՝ 12%-ով: Մասնագետները կանխատեսում են, որ ավստրիական եւ շվեդական բանկերը, որոնք միջանկյալ օղակ են եվրոյի եւ այդ երկրների գոտիների միջեւ, մոտ ժամանակներս մեծապես տուժելու են: Եվրամիության ղեկավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում 300 միլիարդ եվրո հատկացնել իր երիտասարդ անդամներին: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն (նկարում) բացատրել է դա նրանով, որ եվրոպական տնտեսության տուժած ոլորտներին աջակցելը չպիտի խոչընդոտի՝ ԵՄ-ի որպես համաշխարհային շուկայում խաղացողի զարգացմանը:

ՕԲԱՄԱՆ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԶՈՐՔԵՐԸ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությունը՝ մինչեւ 2010 թվականի օգոստոս դուրս բերել Իրաքից ամերիկյան հիմնական ռազմական կոնտինգենտը, հավանության է արժանացել Իրաքի ղեկավարության կողմից, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Ըստ Իրաքի վարչապետի, իր երկրի անվտանգության ուժերը պատրաստ են ողջ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա, իսկ Իրաքի նախագահ Թալաբանին, որը վերջերս գտնվում էր Իրանում, նշեց, որ ամերիկյան զորքերը ցանկացած պահի կարող են լքել իր երկիրը: Սակայն Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Համենեին զգուշացրեց Իրաքի նախագահին ավելորդ էյֆորիայից, ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ ամերիկացիները, այնուամենայնիվ, կպահպանեն որոշակի ներկայություն հարեւան երկրում: Ուրբաթ օրը Բարաք Օբաման խոստացավ, որ 2010 թվականի օգոստոսի 31-ին իր երկրի մարտական առաքելությունը Իրաքում ավարտվելու է: «Մենք չենք կարող ազատել Իրաքը բոլոր այն ուժերից, որոնք դիմակայում են Ամերիկային կամ համակրում են մեր թշնամիներին: Իրաքը ինքնիշխան պետություն է, իշխանության իր ինստիտուտներով, եւ Ամերիկան չի ուզում եւ չպիտի դրանք փոխարինի»,- հայտարարել է Օբաման: ԱՄՆ նախագահի ծրագրով, Իրաքում այժմ գտնվող 142 հազար զինծառայողներից մնալու է 30-50 հազար, իսկ վերջիններս Իրաքը կլքեն 2011 թվականի վերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել