Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը շանս է տալիս

Մարտ 03,2009 00:00

«Սոցիալիստական կոնֆերանսը» դեռ որոնումների մեջ է

«Մենք փորձում ենք սկսել հենակետից՝ փիլիսոփայությունից: Եվ այդ գործընթացը, մեր տեսանկյունից, արդեն իսկ սկսվել է՝ մենք հավաքվում ու մտորում ենք, ունենք արդեն այդ փնտրտուքների խոհանոցը, աշխատանքի կարգը: Մենք սկսում ենք փիլիսոփայությունից ոչ պատահական, քանզի այդ մակարդակում է գտնվում, մեր կարծիքով, հիմնահարցերի սկզբնաղբյուրը: Այսինքն՝ մենք եկել ենք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել խորքային պատճառները բացահայտելու համար, իսկ հանրահավաքները եւ նման գործողությունները պետք է ավարտին հասցնեն փնտրտուքի գործընթացը: Միջոցների ամբողջ ներկապնակը պետք է իրագործվի ոչ թե որեւէ հաջորդականությամբ, այլ միաժամանակ, օրինակ՝ հնարավոր հանրահավաքները ու զանգվածային այլ գործողությունները պարբերաբար պետք է ամփոփեն մեր «փիլիսոփայական» աշխատանքը»,- «Սոցիալիստական կոնֆերանսի» պասիվության մասին «Առավոտի» դիտարկմանը այսպես պատասխանեց կոնֆերանսի աշխատանքային խմբի անդամ Լալա Պողոսյանը:

Ելքը տեսնում եք սոցիալիզմի հարթությունո՞ւմ՝ հարցի պատասխանը եղավ. «Առայժմ չէինք ցանկանա ամփոփել, առայժմ փնտրտուքի մեջ ենք, որը, մեր կարծիքով, արժեքավոր է: Այնուամենայնիվ, նույնիսկ Արեւմուտքում ներկայումս ինքնաբերաբար սկսել են դիմել սոցիալիստական սկզբունքների տարրերի: Օրինակ, ուժեղացնում են պետության կարգավորիչ դերը տնտեսության մեջ: Պարզապես, այնտեղ այդ ամենը դիտարկում են որպես ժամանակավոր միջոց, սակայն նրանք էլ դեռ փնտրտուքի մեջ են, եւ հնարավոր է կհանգեն սոցիալիզմին նաեւ հայեցակարգային մակարդակով: Ճգնաժամը յուրաքանչյուր ոլորտում ազդարարում է ինչ-որ մի բանի վերջը, սակայն այն կարող է նաեւ մի այլ բանի սկիզբը լինել, եթե գտնվի այդ իրավիճակից հենակետային, հայեցակարգային ելք: Այսինքն՝ ճգնաժամը ինքն իր մեջ կրում է նորացմանը ուղղված ազդակ: Մենք համաձայն ենք, որ տեղի է ունենում ոչ միայն եւ նույնիսկ ոչ այնքան տնտեսական, որքան համակարգային, գլոբալ ճգնաժամ, ճգնաժամ՝ հենակետային արժեքների մակարդակով: Հետեւաբար՝ ելքերը դրանից պետք է փնտրել ավելի խոր իմաստով, այլ ոչ թե միայն տնտեսության ոլորտում: Հենց դա է այն շանսը, որ տալիս է ցանկացած ճգնաժամ՝ ընդհանրապես եւ ներկայիս ճգնաժամը՝ մասնավորապես: Իսկ մենք արդեն մշակում ենք համակարգային, հայեցակարգային մոտեցում, որը հիմնված է սոցիալիզմի արժեքների վրա: Անկախ նրանից՝ սոցիալիզմ կլինի դա, թե ոչ, կարեւոր է հասարակության մեջ իր ապագայի, իր պետության արարման նկատմամբ ստեղծագործական մոտեցման մթնոլորտի ձեւավորումը: Որքան բնակչության ավելի մեծ մաս ընդգրկվի որոնման գործընթացում, այնքան էլ կպակասի իշխանության բռնազավթման հնարավորությունը դրսից, ժողովրդի համար օտար արժեքներ կրող օտար մարդկանց կողմից»,- ասում է մեր զրուցակիցը:

Գոյություն ունի սոցիալիստական գաղափարների լայն սպեկտր՝ սոցիալ-դեմոկրատական արեւմտյան տարբերակից մինչեւ լենինյան: Ո՞ր գաղափարախոսության հետեւորդներն են «Սոցիալիստական կոնֆերանսի» անդամները: «Չէի ցանկանա օգտագործել «նեոսոցիալիզմ» բառը, սակայն ներկայումս զանազան հոսանքների համախոհների միջեւ ընթանում է բանավեճ, որի ժամանակ ենթադրում ենք մշակել, համադրել հայրենի հողին հարմարեցված նոր ամբողջական հայեցակարգ»,- պարզաբանեց Լալա Պողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել