Գիրք յոթերորդ
Գլուխ քսանչորսերորդ
ՄՐՋԱՆԱՆՑ ԵՎ ՊԵՏՆԱՆՑ
Երբ հրապարակի մետրոյի դիմացի բացօթյա սրճարան մտա, Ջավախյանը, իր ախպեր Ռաֆոն ու Իշխանյան Վահանն արդեն նստած էին, եւ որոշ ժամանակ անց հրապարակի մետրոյից ուժեղ մարդկային հոսք սկսվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ արդեն ասեղ գցելու տեղ չկար, որովհետեւ յոթին անկախության օրվան նվիրված համերգն էր սկսվելու, եւ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց տիկնանց համար նախատեսված աթոռները դեռեւս ազատ էին, եւ էսքան մանրամասն ու ստույգ եմ նկարագրում, որովհետեւ էդ բացօթյա սրճարանում տեղադրված հսկայական էկրանին էդ ամենը հստակորեն ցուցադրվում էր, եւ չնայած Վահանն «Արմենիայի» էդ միջոցառմանը հրավիրված չէր, ինքն է՛լ անտարբեր չէր, որովհետեւ խոսք կար, որ էդ միջոցառման ժամանակ Լեւոնը հայտարարելու էր իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, եւ Վահանն ինձ ու Ջավախյանին հարցրեց՝ «չեք գնալո՞ւ», եւ Ջավախյանն իմ ու իր փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Վահանն ասաց՝ «Վիոլետին էլ են հրավիրատոմս տվել», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞վ ա տվել», եւ Վահանն ասաց՝ «չեմ հարցրել», եւ Ջավախյանը հարցրեց՝ «Վիոլետը գնալո՞ւ ա», եւ Վահանն ասաց՝ «չեմ հարցրել», ու էդ պահին մետրոյից դեպ հրապարակ հոսքի մեջ հհշական ու հհշամետ դեմքերն է՛լ էին շատ, եւ պարզ էր, որ նրանք ոչ թե հրապարակի համերգին էին շտապում, այլ՝ «Արմենիա» հյուրանոցում տեղի ունենալիք միջոցառմանը, եւ բոլորը հնարավորինս տոնական էին հագնված, եւ շատերն ընտանյոք էին, ու էդ պահին մտածեցի, որ ՀՀՇ-ն էլ է կամաց-կամաց դաշնակցության պես ավանդական ու տնական կուսակցություն դառնում. այսինքն, ՀՀՇ-ին հավատացողներն ու համակրողներն էլ են հիմնականում ընտանյոք հավատում ու համակրում, ու էդ նույն օրը մամուլում Զուրաբյան Արարատն էլ էր ՀՀՇ-ին ու դաշնակցությանն իրար հետ համեմատել, ասելով, որ մեր կուսակցություններից էդ երկուսն են միայն գաղափարական, եւ ահա ՀՀՇ-ի ամենագաղափարականները՝ որ ավտո չունեին եւ ընտանյոք ու մետրոյով էին «Արմենիա» համենում, մետրոյից դուրս եկող մյուսներից էականորեն էին տարբերվում, որովհետեւ հրապարակ գնացողները հիմնականում էն ջահելներն էին, որոնց համար սեպտեմբերի քսանմեկը պարելու ու թռվռալու հերթական առիթ էր, մինչդեռ «Արմենիա» աճապարողներն ութսունութին էին ջահել եղել եւ հիմա իրենք իրենց ու իրենց ջահել երեխեքին ո՛չ թե հրապարակ, այլ «Արմենիա» էին ուղղորդում, որովհետեւ խոսք կար, որ էդ միջոցառման ժամանակ Լեւոնն իր առաջադրման մասին հայտարարություն է անելու, եւ Ջավախյանի ախպեր Ռաֆոն՝ որ էդ պահին դեռեւս հետներս նստած էր եւ հեռվանց իր հագածկապած կուսակիցներին էր հիացմունքով նայում, ժպտալով ասաց՝ «ինչքան զգում եմ՝ էս անգամ կրել տենք», եւ Ջավախյանը եղբորն ասաց՝ «նայի՝ գոնե էս անգամ քեզ փայ հասնի», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էս անգամ Ալավերդու կադրերի ցուցակը ես տեմ կազմի», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «անցած անգամ էլ էիր դու կազմում, բայց մոռացար քու անունը գրես», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էս անգամ գիտեմ՝ ոնց տեմ անի», եւ Ջավախյանը եղբորն ասաց՝ «քեզ հեչ հրավիրատոմս էլ չեն տվել. ինձ ու Արմենին տվել են, բայց քեզ մի հրավիրատոմսն ինչ ա՝ էդ էլ չեն տվել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ չուժոյներին են հրավիրատոմս տալի. ես դռները ջարդելով էլ ներս կմտնեմ», եւ Ջավախյանն ասաց՝ «մենք չուժոյ չենք», եւ Ռաֆոն հարցրեց՝ «չուժոյ չեք՝ ի՞նչ եք», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «Լեւոնի նոր թիմն ենք», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «Աստված Լեւոնին ձեզանի հեռու պահի», եւ Ջավախյանն իր հրավիրատոմսը եղբորը տալով ասաց՝ «էս վերցրու», եւ Ռաֆոն հրավիրատոմսը վերցնելով հարցրեց՝ «է՞ս ինչի ես տալի», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «որ դռները չջարդես», եւ ես Ռաֆոյին ասացի՝ «էս անգամ ախպորդ մի պաշտոն կտաս», եւ Ռաֆոն ժպտալով եղբորը հարցրեց՝ «Ալավերդի ի՞նչ պաշտոն ես ուզում», եւ ես Ջավախյանի փոխարեն պատասխանեցի ու ասացի՝ «Ալավերդու կուլտուրայի մինիստր», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էդ մեկից մեկ ա», եւ Ջավախյանն ասաց՝ «էն անգամ էլ էիր ըսենց մեծ-մեծ խոսում», եւ Ռաֆոն մեղավոր տոնով ասաց՝ «էն անգամ չափից ավելի գաղափարական էի. չէի իմանում, որ պաշտոնի հաշիվ կա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «հիմի գիտե՞ս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «երբվանի՞ց ես իմացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իշխանափոխությունից հետո», եւ ես ասացի՝ «գոնե ախպորդ պաշտոն տայիր», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ի՞նչ պաշտոն», եւ Վահանն իմ փոխարեն ասաց՝ «Ալավերդու գրողների միության նախագահ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն վախտերն ուրիշն էր կադրերի հարցերով զբաղվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ էն վախտերն ախպերս դաշնակ էր», եւ Ջավախյանը եղբորն ասաց՝ «գնա՛, գնա՛, ուշացար», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ուշ ըլնի՝ նուշ ըլնի», եւ երբ Ռաֆոն գնաց, Վահանը Ջավախյանին հարցրեց՝ «խի՞ մինչեւ հիմի չէիր ասում, որ ախպերդ վախտին Ալավերդու ՀՀՇ-ի նախագահն ա էղել», եւ ես ասացի՝ «հիմի էլ ա նախագահ», եւ Ջավախյանն ասաց՝ «հիմի պեչատն իրա մոտ ա, բայց ինքը հիմնականում իրա քանդակագործությամբ ա զբաղվում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի Ալավերդու ՀՀՇ-ն զրոյից նորից ա կազմավորվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հիմի իրանից ակտիվ լիքը տղերք կան», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «բայց պեչատն իրա մոտ ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պեչատը խելոք կտա էդ թազա ակտիվներին ու իրա քանդակագործությամբ կզբաղվի», եւ Վահանը Ջավախյանին ասաց՝ «բայց ո՞նց մինչեւ հիմի չէիր ասում, որ ախպերդ ՀՀՇ-ի նախագահ ա էղել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ թվերին դու էլ պակաս հհշական չէիր», եւ Վահանն ասաց՝ «էն վախտ սաղ Հայաստանն էր հհշական», եւ Ջավախյանն ասաց՝ «աչքիս հիմի էլ են սաղ հհշական դառնալու», եւ Վահանն ինձ հարցրեց՝ «դու գիտեի՞ր, որ իրա ախպերը Ալավերդու ՀՀՇ-ի նախագահն ա էղել», եւ ես ասացի՝ «չէ», եւ Ջավախյանը զարմացած ինձ հարցրեց՝ «ո՞նց չես իմացել. Քոթոյի էն խոխմեն մոռացե՞լ ես», եւ ես հարցրի՝ «ո՞ր Քոթոյի», եւ Ջավախյանն ասաց՝ «Պետնանց», եւ ես հարցրի՝ «ի՞նչ խոխմա», եւ Ջավախյանն ասաց՝ «մեր էն խեղճ կովի հաշվով», եւ ես հիշեցի ու հիմա ձեզ էլ եմ ուզում տեղյակ պահել, որ երբ իննսունականների սկզբներին Շնողում Ջավախյանների կովն ընկել էր գնացքի տակ, շնողցի ու իմ համակուրսեցի Պետնանց Քոթոն ասել էր՝ «իրանց կովը հենց իմացել ա, որ Ռաֆոն Ալավերդու ՀՀՇ-ի նախագահ ա դառել, ամոթու իրան քցել ա պոյեզի տակ», եւ Վահանը ծիծաղելով Ջավախյանին հարցրեց՝ «ո՞նց ա, որ էդ պատմությունը պատմվածքներիդ մեջ չես գրել», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ ի՞նչ գրելու բան ա», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «շատ հետաքրքիր դեպք ա», եւ Ջավախյանը Վահանին հարցրեց՝ «այսինքն, դու էլ ե՞ս համոզված, որ ամոթից ա իրան պոյեզի տակ քցել», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «հակառակն էլ չես կարա ապացուցես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, կովն էդ գաղտնիքն իրա հետ տարել ա», եւ Ջավախյանն ինձ ասաց՝ «բայց դու ամենահետաքրքիրը չգիտես», եւ ես հարցրի՝ «ամենահետաքրքիրը ո՞րն ա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «մեր էդ կովի անունն Աննա էր. մամաս իրան Անուշկա էր ասում», եւ ես ասացի՝ «հետո՞ ինչ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «որ մեր էդ Անուշկա կովն ընկել էր պոյեզի տակ, Քոթոն ինձ տեսավ ու ասեց՝ խե՜ղճ Աննա Կարենինա», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ո՞ր Քոթոն», եւ Ջավախյանն ասաց՝ «Պետնանց», եւ Վահանը ծիծաղելով հարցրեց՝ «էդ ո՞վ ա», եւ Ջավախյանն ասաց՝ «Արմենենց կուրսեցի ա», եւ ես ասացի՝ «էրկու Քոթոներն էլ մեր կուրսից էին. էրկուսն էլ շնողցի էին ու մեկը մեկից օղբաթ», եւ մինչ սրճարանի մեծ էկրանի վրա Քոչարյանն ու Սերժն իրենց կանանց հետ կտեղավորվեին առաջին կարգում հատուկ իրենց համար տեղադրված բազկաթոռներին, եւ մինչ մյուս պաշտոնյաներն ու նախկին ընդդիմադիրներն ազատ աթոռներ կփնտրեին, ես մտովի ուղեւորվեցի յոթանասունականների սկզբներն ու կարոտով հիշեցի իմ համակուրսեցի Պետնանց ու Մրջանանց Քոթոներին, որոնք նույն կուրսերում մի քանի տարի միասնաբար մնալով, երկուական տարի բանակներում ծառայելով ու բանակներից զորացրվելով՝ հասել էին մեր կուրս, եւ Մրջանանց Քոթո կոչվողն Ամիրջանյան Արեւշատն էր, իսկ Պետնանց Քոթոն՝ Պետրոսյան Հենրիկը, ու էս երկուսի Քոթո մականունները Շնողում դրվելով ու հաստատվելով՝ տեղափոխվել ու հասել էին Երեւան, ավելի ստույգ՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի մեր երրորդ կուրս, ու երկուսն էլ խմիչքի հանդեպ սեր ու ահագին թուլություն ունեին, ու երկուսն էլ Շիրազի պոեզիայի հանդեպ ավելի սեր ու թուլություն ունեին, քան՝ խմիչքի հանդեպ, բայց, ըստ ամենայնի, Պետնանց Քոթոն մի քիչ ավելի էր Շիրազ սիրում, քան՝ Մրջանանցը, որովհետեւ երբ Մրջանանցը «Հրազդան» գինին ըմբոշխնելով՝ Շիրազին գիտականորեն ու գրագիտորեն գովաբանում ու պանծացնում էր, Պետնանցը նույն էդ «Հրազդանն» ըմբոշխնելով՝ ահավոր նեղսրտում էր, որ Մրջանանցը Շիրազին էդաստիճան հասարակացնելով՝ մահկանացուներիս ներկայությամբ բարձրաձայն ու հրապարակայնորեն գովաբանում էր, եւ, բացի այդ, Պետնանց Քոթոն Շիրազին էնքան ներքուստ ու էնքան խորքանց էր սիրում, որ ուրիշի՝ նույնիսկ իր ամենամոտիկ ընկերոջ շիրազասիրությունը չէր հանդուրժում, եւ երբ Մրջանանցն սկսում էր գրականագիտորեն ու հրապարակայնորեն մեծարել Շիրազին, Պետնանցն էդ դեպքերում սրճարանի լուսամուտից արհամարհական դուրս էր նայում, եւ երբ Մրջանանցի շիրազասիրությունը չափից անցնում էր, Պետնանցը կտրուկ շրջվելով՝ դիտավորյալ ու բարձրաձայն հակադրվում էր Մրջանանցին, եւ հակադրության մշտական առարկաները Բայրոնն ու Էլիոտն էին, եւ հունից դուրս գալով՝ Պետնանց Քոթոն հիմնականում էդ երկու արտասահմանյան անուններն էր Շիրազի դեմ հանում, որովհետեւ, չնայած մի քանի տարի նույն կուրսում էր մնացել, հոգու խորքում շարունակաբար փայփայում էր արտասահմանյան գրականության գծով ասպիրանտուրայի տեսլականը, որովհետեւ էդ թվերին հարազատ եղբայրը՝ Պետրոսյան Հովիկը մեր մանկավարժականում հեռակաների դեկանն էր, եւ չնայած հեռակաների դեկան Պետնանց Հովիկն իր Քոթո եղբորը հետեւողականորեն հորդորում էր արտասահմանյան գրականությունից ձեռ քաշել ու հայ գրականության վրա կենտրոնանալ, այդուհանդերձ, Պետնանց Քոթոն անդրդվելի էր, որովհետեւ ինքը հայ գրողներից միայն Շիրազի ստեղծագործության վրա էր կարողանում կենտրոնանալ, բայց, միեւնույն ժամանակ, Շիրազի ստեղծագործության մասին խոսելն ու մանավանդ գրելն անթույլատրելի սրբապղծություն էր համարում, ու էդ էր պատճառը, որ երբ «Արաքս» սրճարանում Մրջանանցն սկսում էր հերթական անգամ ներկաներիս ապացուցել, որ համաշխարհային պոեզիայի անդաստանում Շիրազից ավելի մեծ երեւույթ գոյություն չունի, Պետնանց Քոթոն ցուցադրաբար չլսելու էր տալիս եւ սրճարանի լուսամուտից Թումանյան փողոցի անցորդներին էր նայում՝ Մրջանանցին անուղղակիորեն հասկացնելով, որ ամեն մեկին Շիրազից խոսելու իրավունք չի տրված, կամ, ավելի ճիշտ, ամեն մեկի մոտ չարժե Շիրազից խոսել, եւ սովորաբար Մրջանանց Քոթոն իսկապես չափն անցնում էր՝ չափազանց երկար Շիրազին գովաբանելով ու ներկաներիս պարտադրելով, եւ դա հիմնականում տեղի էր ունենում «Արաքս» սրճարանում համարյա ամեն իրիկուն, որովհետեւ «Հրազդան» ու «Արենի» գինիներն «Արաքսում» անհամեմատ էժան էին, ու հատկապես յոթանասուներեքի ամառային արձակուրդին Մրջանանց Քոթոն Շիրազի մասին շատ խոսեց, որովհետեւ էդ տարվա ամառային արձակուրդին զույգ Քոթոներն էլ Շնող չէին գնացել ու մնացել էին Երեւանում՝ հասկանալով, որ հենց ոտ դնեին գյուղ, ձեռները մի-մի գերանդի էին տալու ու քշեին խոտհարքները, եւ ահա էդ ամառ «Արաքս» սրճարանում հավաքվում ու Մրջանանց Քոթոյի Շիրազամեծար կենացներն էինք ունկնդրում, համարյա ամեն իրիկուն՝ բացի ուրբաթ իրիկուններից, որովհետեւ ուրբաթը շնողցիների օրն էր, ու էդ տարիներին ամեն ուրբաթ շնողցիք պարտադիր իրար գլխի էին հավաքվում Իսահակյանի արձանի դիմացի «Երիտասարդական» կոչվող ու շատ մեծ ակվարիում հիշեցնող սրճարանում. սրճարանի բոլոր սեղաններն իրար էին կպցնում ու մինչեւ ուշ գիշեր գոռգոռում էին, ու չնայած երբեւէ Շնողը չէի տեսել, էդ ուրբաթների «Երիտասարդական» սրճարանի մարդաշատությունը վկայում էր, որ Շնողը պիտի որ չափազանց մեծ գյուղ լինի, եւ չնայած իրենց էդ ուրբաթօրյա հավաքներին կողմնակիներս ներկա գտնվելու իրավունք ու հնարավորություն չունեինք, կողմնակիներս դրսից ազատորեն լսում էինք իրենց գոռգոռոցներն ու տեսնում իրենց շատությունը, որովհետեւ «Երիտասարդական» կոչվող էդ սրճարանն ամբողջովին ապակեպատ էր, ու իրենց էդ ուրբաթօրյա հավաքները, փաստորեն, անցորդների ու կողմնակիների աչքի առաջ էին տեղի ունենում, եւ դրսում գտնվողներիս համար միանգամայն տեսանելի էր, որ էդ միացված սեղանների մշտական թամադան Պետրոսյան Հովիկն էր՝ Պետնանց Քոթոյի ավագ եղբայրն ու հեռակաների երկարամյա դեկանը, եւ չնայած Պետնանց Հովիկը չափազանց արագախոս էր, շնողցիք ամեն ուրբաթ միայն ու միայն Հովիկին էին իրենց էդ հավաքների թամադա նշանակում՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ տարիներին Շնողի ողջ երիտասարդությունը հեռակա մանկավարժականի ուսանող էր, այլեւ էն պատճառով, որ շնողցիք, ի տարբերություն սովորական մահկանացուներիս, ոչ միայն սարսափելի արագախոս Պետնանց Հովիկի արտաբերած բառերն էին հասկանում, այլեւ՝ իմաստուն ու թեւավոր մտքերը, եւ երբ ուրբաթ իրիկունները դրսից իրենց էինք նայում, գրեթե միշտ Պետնանց Հովիկն էր հոտնկայս խոսում, եւ մյուսներն ուշադիր լսում էին ու ժամանակ առ ժամանակ ծիծաղում, որովհետեւ Պետնանց Հովիկը ոչ միայն իմաստուն ու թեւավոր մտքեր ուներ, այլեւ՝ գյուղական առողջ հումոր, եւ չնայած չափազանց արագախոս էր, իր համագյուղացիք իր առողջ կատակները հասկանում ու գնահատում էին, եւ երբ Պետնանց Հովիկը հոտնկայս խոսում էր, մնացածները համակ ուշադրությամբ իրեն էին նայում ու լսում, եւ հատկապես ու առանձնապես Մրջանանց Քոթոն էր համակ ուշադրությամբ նայում ու լսում, որովհետեւ Մրջանանցի ասպիրանտական տեսլականն, ի տարբերություն Պետնանց Քոթոյի, բացառապես լեզվաբանական էր, բայց Մրջանանց Քոթոն Պետնանց Հովիկին իբրեւ լեզվաբան միանգամայն անշահախնդրորեն էր մեծարում ու Աճառյանի հետ համեմատում եւ Աճառյանի հետ համեմատությունն ավարտելիս մշտապես ասում ու կրկնում էր՝ «որ իրա խմելը չըլներ՝ երեւի Աճառյանից էլ անցներ» եւ շատ հաճախ էդքանով էլ չբավարարվելով ավելացնում էր՝ «Հովոն լեզվի ու լեզվաբանության գծով ընենց գել ա, ոնց որ պոեզիայի մեջ՝ Շիրազը», եւ սա Մրջանանց Քոթոյի էն եզակի միտքն ու համեմատությունն էր, որին Պետնանց Քոթոն չէր հակադրվում ու հակաճառում, եւ էս դեպքերում Պետնանցը հաճելիորեն ժպտում ու հաճույքով լռում էր, եւ չնայած ինքն էլ եղբորից պակաս արագախոս չէր, բայց, արագախոս լինելով, չափազանց լռակյաց ու չափազանց ուրբաթախոս էր եւ, ի տարբերություն ավագ եղբոր, ոչ թե մտքեր ու ամփոփ նախադասություններ էր արտաբերում, այլ ընդամենը՝ հատուկենտ ու ընտրովի բառեր, եւ իրեն չճանաչողներն իր արագախոս լինելու մասին չէին կարող տեղյակ լինել, որովհետեւ ինքը հազիվ իրեն ճանաչողներիս հետ էր հատուկենտ բառեր փոխանակում եւ իրեն չճանաչողների համար խուլուհամր մի ժայռաբեկոր էր, եւ իր լռակյացությունը գագաթնակետին էր հասնում հատկապես էն դեպքերում, երբ խոսակցությունն իր պաշտամունք Շիրազին էր վերաբերում, եւ առանձնապես է՛ն դեպքերում, երբ Շիրազի մասին Շիրազի գծով իր միակ կոնկուրենտ Մրջանանց Քոթոն էր խոսում, եւ չնայած նյարդերի վրա շատ փիս էր ազդում, այդուհանդերձ, շնողցի Քոթոներն իրարից առանձին գոյություն չունեին, ավելի ճիշտ՝ էդ թվերին Երեւանում էդ երկուսին իրարից անջատ տեսնող չէր լինում, որովհետեւ Մրջանանցին չափազանց մեծ լեզվաբանական ապագա խոստացած Պետնանց Հովիկը Մրջանանցին շարունակաբար հորդորում էր մի աչքը մշտապես Պետնանց Քոթոյի վրա պահել՝ ոչ միայն էն պատճառով, որ Պետնանցը բանակից վերադառնալով՝ ոչ մի կերպ չէր ընտելանում քաղաքացիական հարաբերություններին, այլեւ էն պատճառով, որ Պետնանց Քոթոն, լռակյաց ու խաղաղասեր լինելով, մի քանի բաժակից հետո պատահածի հետ կռիվ էր սարքում, ընդ որում՝ առանց որեւէ պատճառի, ընդ որում՝ ահավոր կատաղությամբ էր կռվում, եւ չնայած Պետնանց Հովիկն ինձ որեւէ ապագա չէր խոստացել, այդուհանդերձ, ես էլ էի մշտապես աչքս Պետնանց Քոթոյի վրա պահում, ու երեւի ինքն էլ էր դա զգում, ու երեւի նաեւ էդ էր պատճառը, որ ինքն ինձ հետ երբեւէ կռիվ չարեց, չնայած կռվի պահերին ինքն էնքան մոլեգին էր, որ հավասարապես վտանգավոր էր բոլոր ներկաների համար, եւ էս պահին իր կռիվներից մեկն եմ հիշում, ու էս հիշածս կռիվ դժվար է անվանել, որովհետեւ կռվի կոնկրետ օբյեկտներ չկային, ու էդ դեպքն «Արաքս» սրճարանում սկսվեց, ու առիթը վերստին Շիրազն էր, եւ չնայած էդ իրիկուն «Արաքսում» երեքով էինք ու կողմնակի լսողներ չկային, Մրջանանց Քոթոն սկսել ու չէր ավարտում Շիրազի պոեզիայի մասին իր հանապազօրյա դասախոսությունը եւ, կարելի է ասել, արդեն չափն անցել էր, եւ չնայած իրեն հակաճառող չկար, Մրջանանցն, ինչպես միշտ, Շիրազի գծով հակաճառող էր փնտրում, եւ քանի որ էդ իրիկուն մեր սեղանի շուրջ կողմնակի մարդ չկար, Մրջանանցն էդ հակաճառությունն ինձնից ու Պետնանց Քոթոյից էր ակնկալում, բայց երկուսս էլ դիտմամբ մեզ զսպում էինք, ու արդեն գինովցած Մրջանանցն ավելի ու ավելի ագրեսիվ էր Շիրազին մեզնից պաշտպանում եւ երբ հերթական անգամ վրաս գոռաց՝ «կարող ա՞ դեմ ես, որ Շիրազն աշխարհի էրեսին ամենազիլ պոետն ա», ես հերթական անգամ ծպտուն չհանեցի, բայց էդ վերջին անգամ Պետնանց Քոթոն չդիմացավ ու Մրջանանցի վրա գոռաց՝ «ես դեմ եմ. բան ե՞ս ասում», եւ հանկարծակիի եկած Մրջանանցը խեղճացած հարցրեց՝ «որ Շիրազը չի՝ բա ո՞վ ա», եւ Պետնանց Քոթոն կտրուկ վեր կացավ, հերթական գինու դեռեւս լիքը շիշը սեղանից վերցրեց, խփեց հատակին ու գոռաց՝ «Էլիո՛տը», եւ սրճարանում նստածներն ապշահար մեզ էին նայում, եւ երբ վճռական քայլերով մեզ մոտեցավ «Արաքսի» տնօրեն Մաթեւոսյանը՝ «Արարատի» լեգենդար դարպասապահ Տոլման, եւ երբ Մրջանանց Քոթոն Մաթեւոսյանին ասաց՝ «կներեք մեզ, ընկեր Մաթեւոսյան», Պետնանց Քոթոն կատաղած նայեց Մրջանանցին ու գոռաց՝ «դու քո՛ւ անունից ներողություն խնդրի», եւ Մաթեւոսյանը հարցական նայեց Մրջանանցին ու հարցրեց՝ «էս ի՞նչ ա ասում, Արեւշատ», ու հենց էդ պահին Պետնանցը ձեռը գցեց «Հրազդանի» մյուս՝ դատարկ շշին ու էդ դատարկ շիշն ամբողջ ուժով խփեց հատակին, եւ դատարկ շիշն ուղղակի պայթեց հենց Մաթեւոսյանի ոտքերի մոտ, եւ շիշը հատակին խփելով՝ Պետնանց Քոթոն ավելի ահեղ գոռաց՝ «Էլիո՛տը», եւ սարսափահար Մաթեւոսյանը Մրջանանցին շշուկով հարցրեց՝ «էդ Էլիոտն ո՞վ ա, Արեւշատ», եւ Մրջանանց Քոթոն պատասխանեց ու ասաց՝ «հեչ. արտասահմանցի օքմին ա, ընկեր Մաթեւոսյան», եւ Մաթեւոսյանի տեղակալ Գագոն, որ էդ պահին վազելով մոտեցավ մեզ, հետեւից բռնեց Պետնանցի թեւերը, եւ Պետնանցն իրեն ուժգին թափ տվեց, եւ Գագոն մի քանի մետր շպրտվեց, եւ Մաթեւոսյանն ասաց՝ «քեզ հանգիստ պահի, արա՛», եւ Գագոն շեֆի ասածը կրկնելով ասաց՝ «քեզ հանգիստ պահի, արա՛», եւ Մաթեւոսյանը խիստ տոնով Գագոյին ասաց՝ «քե՛զ եմ ասում, Գագո՛. քեզ հանգիստ պահի», եւ հենց էդ պահին վազելով սրճարան մտան երկու միլիցիոներներ, եւ միլիցիոներներից կոչումովը շշերի կտորտանքներին նայելով՝ Մաթեւոսյանին հարցրեց՝ «ի՞նչ ա պատահել, ընկեր Մաթեւոսյան», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «ոչ մի բան էլ չի պատահել. գնացե՛ք», եւ կոչումովը Մաթեւոսյանին ասաց՝ «եթե պետք ըլնի՝ մենք դռների մոտ ենք», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «գնացե՛ք», եւ երբ միլիցիոներները գնացին, Մաթեւոսյանը Գագոյին ասաց՝ «դու էլ գնա, Գագո» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «քու հույսին չենք մնացել», եւ երբ հավաքարարն սկսեց հավաքել շշերի կտորտանքները, Պետնանց Քոթոն ձեռը գցեց երրորդ շշին, բայց Մրջանանցը հասցրեց Պետնանցի ձեռից խլել էդ երրորդ շիշը, ու Մաթեւոսյանը Մրջանանցի ձեռից շիշը վերցնելով՝ մեկնեց Պետնանցին ու հանգիստ ասաց՝ «խփի՛, Հենդո ջան», եւ Պետնանց Քոթոն Մաթեւոսյանին զարմացած նայելով ասաց՝ «ինձ գժի տեղ ե՞ս դրել, ընկեր Մաթեւոսյան», եւ Մաթեւոսյանը շիշը սեղանին դնելով ասաց՝ «խփի՝ հանգստացի», եւ երբ Պետնանցը Մաթեւոսյանին ասաց՝ «ներող էղի, վենձ ախպեր», Մաթեւոսյանը Մրջանանցին հարցրեց՝ «ասում ես՝ էդ արտասահմանցու անունն ինչ ա՞», եւ Մրջանանց Քոթոն պատասխանեց ու ասաց՝ «Էլիոտ», եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «կարող ա՞ ձեր խաթրին կպել ա», եւ Մրջանանց Քոթոն ժպտալով ասաց՝ «մի թեթեւ», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «տեղն ասեք՝ քիթմռութը ջարդենք», եւ Մրջանանցը ծիծաղելով ասաց՝ «որ տեղն իմանայինք՝ էլ ի՞նչ դարդ ունեինք», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «նայեք, Արեւշատ ջան. որ հանկարծ մի բան ըլնի՝ մեջքներիդ կայնած եմ»: