Այս համոզմանն է Թուրքմենստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Էմերյանը
Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում անցկացված ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնության ընթացքին հետեւողների մեջ էր նաեւ մարզաձեւի Թուրքմենստանի ֆեդերացիայի նախագահ, մեր հայրենակից Արթուր Էմերյանը:
Օգտվելով պատեհ առիթից՝ «Առավոտը» զրուցեց նրա հետ:
– Մենք տեղյակ չէինք, որ Թուրքմենստանի ծանրամարտի ֆեդերացիան հայ է գլխավորում: Ձեր մասին մի քանի խոսք ասեք:
– Ծնվել եւ մեծացել եմ Ադրբեջա նում: Մինչեւ 1988 թվականը հանդես եմ եկել այդ հանրապետության հավաքականի կազմում: Այնուհետեւ տեղափոխվել եմ Աշգաբադ: 91-92 թթ. եղել եմ ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի անդամ: Մեծ սպորտը թողնելուց հետո եղել եմ Թուրքմենստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, իսկ 2003-ից՝ նախագահը:
– Ի՞նչ առիթով եք եկել Հայաստան:
– Հարազատներիս ութսուն տոկոսից ավելին բնակվում է այստեղ: Եկել եմ նրանց տեսակցության: Բարեբախտաբար, այս այցելությունս համընկավ իմ սիրելի մարզաձեւի՝ Հայաստանի առաջնության անցկացման օրերին: Գիտե՞ք, միշտ ցանկացել եմ ներկա լինել Հայաստանի առաջնությանը, բայց չի հաջողվել: Այս անգամ բախտս բերեց:
– Եվ ի՞նչ տպավորություն ունեք:
– Հաճելի է հետեւել ձեր առաջատար ծանրորդների պայքարին, որոնցից շատերը աշխարհում լավագույնի համարում ունեն: Ինձ հետ է նաեւ որդիս: Նա նույնպես ծանրամարտիկ է, Թուրքմենստանի երիտասարդների չեմպիոն: Այս մրցումներին ներկա լինելը նրա համար շատ օգտակար է:
– Հայաստանի եւ Թուրքմենստանի ծանրամարտի դպրոցները կարելի՞ է համեմատել:
– Ոչ: Հայաստանի ծանրամարտի դպրոցը շատ է առաջ եւ սրընթաց զարգանում է: Հատկապես Սամվել Խաչատրյանի՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո: Իմ համոզմամբ, Հայաստանն այսօր ծանրամարտի աշխարհի հինգ լավագույնների մեջ է: Ժամանակին Թուրքմենստանն էլ վատ դպրոց չուներ: Բայց անկախացումից հետո՝ մինչեւ 1999 թվականը, մարզաձեւը շատ է ետ մնացել: Ճիշտ է, արդեն աստիճանաբար ոտքի է կանգնում: Մասնավորապես, 62 կգ քաշային կարգում մեր երկու մարզիկներ աշխարհի լավագույն տասնյակի մեջ են: Եվ սա միայն սկիզբն է: Սա հնարավոր է դարձել մեր երկրի նոր նախագահի շնորհիվ, որը սպորտին, այդ թվում նաեւ՝ ծանրամարտին աջակցելու նպատակ ունի:
– Մեր ֆեդերացիայի հետ համագործակցություն կա՞:
– Այո: Բայց դա ավելի սերտացնելու եւ կոնկրետացնելու անհրաժեշտություն կա: Անձամբ ես միշտ այստեղի իմ գործընկերներից եւ մասնագետներից խորհուրդներ եմ հարցնում, թե ի՞նչ վիտամիններ, ուժերը վերականգնող սննդատեսակ կարելի է օգտագործել, որպեսզի հակադոպինգային համաշխարհային գործակալության «զոհ» չդառնանք: Իսկ երբ միասին ներկա ենք լինում միջազգային մրցումներին, իմ մարզիչներին եւ մարզիկներին ստիպում եմ, որպեսզի մարզումները հայերի հետ համատեղ անցկացնեն, սովորեն ձեր մարզումային գործընթացի կազմակերպման նրբությունները:
– Փոխադարձ այցելություններ լինո՞ւմ են:
– Հետաքրքիր է, որ մենք էլ, ձեր ֆեդերացիան էլ մշտապես միմյանց հրավիրում ենք: Բայց համատեղ հավաքներ կազմակերպել էլի չի ստացվել: Այստեղ դուք ունեք Ծաղկաձորի նման հրաշալի մարզաբազա: Հայաստան գալ հնարավոր չի եղել՝ ֆինանսների բացակայության պատճառով: Հիմա, կարծում եմ, խնդիրը կկարգավորվի:
– Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հարցը ես էլ եմ կրկնում. ե՞րբ եք գալու:
– Կաշխատենք այս տարի Ծաղկաձորում մեկ հավաք կազմակերպել: