Որովհետեւ բետոնը խնամելը աշխատատար չէ
Դեռ անցած տարի էր Երեւանի քաղաքապետարանը հայտարարում, որ Արշակունյաց փողոցում հանդիպակաց երթեւեկելի մասերը իրարից բաժանող քարե արգելապատնեշ է տեղադրվելու: Մի քանի օր է՝ ինչ աշխատանքները սկսվել են: Նման պատնեշներ արդեն կան Իսակովի, Մյասնիկյան պողոտաներում: Ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանությունն ապահովելուն ուղղված գործողությունները ողջունելի են: Հատկապես Երեւանում, ուր, մեղմ ասած, քիչ չեն այդ կանոններից անտեղյակ, բայց «մեջք» ունեցող եւ բրաբուսա-համերային շարասյուներով երթեւեկող դեմքերն ու այդ դեմքերի բալաները: Բայց Արշակունյաց ու այլ փողոցների «բետոնապատումը» լավագույն լուծումը չէ: Վերը նշված դեմքերի համառորեն չփակվող ախորժակի պատճառով Երեւանում կանաչ տարածությունները գրեթե վերացել են: Բնապահպաններն ահազանգում են եւ առաջարկում չզարմանալ, եթե Երեւանում ինչ-որ մեկի տանը կարիճ է երեւում՝ կիսաանապատը վերադարձել է Երեւան, կարիճը կիսաանապատում սովորական է:
Այնպես որ, փողոցների երթեւեկելի մասերն իրարից բաժանող պատնեշը կարող էր լինել ոչ թե անշունչ բետոն, այլ շնչող եւ մեզ էլ շնչելու օդ տվող կանաչ: Կարելի էր 50 սմ բարձրության բետոնի փոխարեն նույն բարձրության թփեր տնկել՝ «թփաշար» ստեղծել: Շատ ավելի օգտակար է, շատ ավելի գեղեցիկ ու շատ ավելի անհրաժեշտ: Բայց քաղաքային իշխանությունը չի անում: Ես գիտեմ, թե ինչու: Ես գիտեմ, որ մեր քաղաքի բնակիչների մի մեծ հատված քաղաքի նկատմամբ հոգատար չէ. աղբը նետում է ուր պատահի, սիզամարգերը՝ տրորում, այգիների նստարանները՝ կոտրում եւ այլն, եւ այլն, եւ այլն: Ես չեմ բացառում, որ բետոնը թփով փոխարինելու իմ այս առաջարկին ի պատասխան՝ քաղաքային իշխանությունները կասեն՝ ախր չի մնա, չեն պահպանի, կփչացնեն: Իհարկե, մեծ է հավանականությունը, որ կլինեն չպահպանողներ, փչացնողներ:
Հետո՞ ինչ: Քաղաքային իշխանությունները հաստատ գյուղի հետ կապ կունենան կամ գոնե լսած կլինեն: Երբեմն կարկուտը ոչնչացնում է գյուղացու դեռ չհասունացած ողջ բերքը: Գյուղացին, սակայն, հաջորդ տարի ոչ թե «բետոնի գործ» է անում, այլ կրկին իր այգին կամ դաշտը մշակում է: Եթե կանաչը տրորում են՝ դրա դեմ պետք է պայքարել, այնքան, մինչեւ կանաչը հաղթի: Ձեւեր՝ ինչքան ուզեք:
Ստացվում է, որ քաղաքային իշխանությունները «մեջք» ունեցող եւ բրաբուսա-համերային շարասյուներով երթեւեկող դեմքերի ու այդ դեմքերի բալաների դեմ անզոր են ու մեզ պարտադրվում է փոշի-բետոնային իրականություն, կանաչազերծ Երեւան: Ու սեփական անկարողությունից զայրացած քաղաքապետարանը մեզ լրացուցիչ բետոն է պարտադրում: Անշունչ բետոնը խնամելը զգալիորեն պակաս աշխատատար է, քան կենդանի սիզամարգը: Ուրեմն, մեր քաղաքի հանրապետական ղեկավարով իշխանությունները ոչ միայն առանձին դեպքերում անկարող են, այլ երբեմն-երբեմն՝ ծույլ: