Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ
Մարտի 1-ին կայանալու է հանրահավաք եւ երթ՝ ի հիշատակ մեկ տարի առաջ համաժողովրդական բողոքը ճնշելուն ուղղված ոճիրի հետեւանքով նահատակված մեր տասը համաքաղաքացիների: Առաջին անգամ նորանկախ պատմության ընթացքում Հայաստանի իշխանությունները հեղեցին սեփական ժողովրդի արյունը՝ խախտելով սահմանադրական կարգը, կազմակերպելով պետական հեղաշրջում եւ սեփական քաղաքացիների եղկելի սպանդ:
Այդ օրվանից սկսած իշխանությունները սանձազերծել են բռնաճնշումների մի լայնածավալ ալիք, որի նպատակն է կոտրել ժողովրդի կամքը, ոչնչացնել ժողովրդավարական ազատությունները եւ որեւէ իրական ընդդիմություն երկրում: Այդ նպատակով է, որ բանտերում շարունակում են պահել 58 քաղբանտարկյալների, անցկացնում արդարադատությունը բռնաբարող պատվիրված դատավարություններ, արգելում եւ ցրում ցույցեր, երթեր, հավաքներ, քաղաքական դրդապատճառներով հետապնդում գործարարներին:
Չնայած այս ամենին, Շարժումը միայն հզորանում է: Իշխանությունների համար ժամանակն է՝ հասկանալու, որ բռնաճնշումներով հնարավոր չէ կասեցնել Համաժողովրդական շարժումը, խեղդել ազատատենչ հայ ժողովրդի կամքը՝ կառուցելու ժողովրդավարական եւ բարեկեցիկ հայրենիք: Միակ ճիշտ ճանապարհը քաղբանտարկյալների ազատումն ու հակաժողովրդավարական բռնաճնշումների դադարեցումն է, որից հետո իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է երկխոսության միջոցով համատեղ լուծումներ փնտրեն ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Միայն հաշտեցման միջոցով եւ համատեղ ջանքերով հնարավոր կլինի դիմագրավել երկրի առջեւ ծառացած բախտորոշ հիմնախնդիրները, մասնավորապես՝ օրեցօր ահագնացող տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը:
Մարտի 1-ը կարող էր դառնալ ազգային հաշտության սկիզբ, եթե իշխանությունները ընտրեին այդ ճանապարհը: Ցավոք, իշխանությունները բաց թողեցին այդ հրաշալի հնարավորությունը: Բայց մեր բոլորիս պարտականությունն է այնպես անցկացնել մարտի 1-ը, որ այդ ճանապարհը շարունակի բաց մնալ:
Մեր նպատակն է անցկացնել քաղաքակիրթ հանրահավաք եւ երթ՝ համապատասխան մեր իրազեկման հայտի, եւ մենք օգտվելու ենք մեր սահմանադրական իրավունքից: Նորից կոչ ենք անում իշխանություններին եւ ոստիկանությանը՝ համատեղ ջանքերով եւ համագործակցությամբ ապահովել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ հանրահավաքի եւ երթի բնականոն եւ օրինական ընթացքը: