Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանվենք ինտերնետից

Փետրվար 28,2009 00:00

Փետրվարի 10-ը ապահով համացանցի (ինտերնետ) միջազգային օրն էր

Այդ կապակցությամբ «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը եւ «Մեդիա» կրթության կենտրոնը համատեղ անցկացրեցին ապահով համացանցին նվիրված տեղեկատվական միջոցառումներ Երեւանի երեք դպրոցներում՝ «Անանիա Շիրակացի» ճեմարանում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եւ Հ. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Իսկ երկու օր առաջ այդ ծրագրի ամփոփումը կայացավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: «Մայքրոսոֆթ ԱրԷյ»-ի «Գործընկերություն ուսման ոլորտում» ծրագրի պատասխանատու Քրիստինե Գյոնջյանն «Առավոտին» ասաց, որ տեղեկատվական հանդիպումները դպրոցներում լինելու են շարունակական. «Դպրոցներում անցկացվող սեմինարների նպատակն է երեխաներին բացատրել, ներկայացնել այն ռիսկերն ու սպառնալիքները, որոնք իր մեջ կարող է ներառել ինտերնետը: Նման սեմինարներ անցկացնելու ենք բոլոր մարզերում, լինելու են այցելություններ դպրոցներ, խոսելու ենք ծրագրի եւ համացանցի մասին: Նշածս դպրոցներում մենք երեխաներին պատմեցինք այն ռիսկերի մասին, որ ունի համացանցը՝ վիրուսներ, անհատականության գողացում, յուրացում, բանկային հաշիվների գողացում: Ասենք, երեխան կարող է միամիտ, առանց հասկանալու, ծնողի բանկային հաշվեհամարը գրի, եւ այդ համարից գումարներ յուրացվեն ինտերնետային «աֆերիստների» կողմից: Մեզ համար շատ ուրախալի էր, որ այդ դպրոցների երեխաներն արդեն իսկ բավականին տեղեկացված էին, եւ նույնիսկ իրենք համակարգչային վիրուսների մասին նյութեր էին պատրաստել: Պատկերացրեք, որ կային վիրուսներ, որոնց մասին մենք չէինք էլ լսել: Սակայն մարզային դպրոցներում դժվար թե այսքան պատրաստված լինեն»:

Նկատենք, որ ապահով համացանցի մասին հարկ է տեղեկացնել ոչ միայն դպրոցականներին: Շատ են դեպքերը, երբ անհատականության յուրացումներ են տեղի ունենում նաեւ աշխատավայրերում, երբ գործընկերները միմյանց վստահում են ու չեն հետեւում համացանցի անվտանգությանը:

Մ. Բ.

Պարզաբանում է ԳԹԿ-ն

Շարունակում ենք հանրապետության ավարտական դասարանների աշակերտներից եւ նրանց ծնողներից ստանալ տարբեր հուզող հարցեր, որոնց պատասխանների համար դիմում ենք ԿԳՆ ԳԹԿ-ին: Հնչել է հարց՝ «Դպրոցներում այժմ ավարտին է մոտենում հայտագրման գործընթացը: Ի՞նչ է հաջորդելու դրան»: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Հայրապետյանը պատասխանել է. «Դիմում-հայտերի տվյալները Գնահատման եւ թեստավորման կենտրոնում բազավորվելու են, այնուհետեւ տպագրվելու են ճշգրտման ցուցակները եւ կրթության վարչությունների միջոցով տրամադրվելու են դպրոցներին: Շրջանավարտն իր դիմում-հայտում կարող է փոփոխություն, ճշգրտում կատարել դիմում-հայտի ընդունման ժամկետի ավարտից հետո՝ 25 օրվա ընթացքում: Դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելու, այն հաստատելու կամ նոր դիմում-հայտ ներկայացնելու համար շրջանավարտը դիմում է դպրոցի տնօրենին եւ համապատասխան ցուցակում կատարում փոփոխություն, ճշգրտում: Դպրոցի տնօրենը ճշգրտված, փոփոխված ցուցակները կամ նոր դիմում-հայտերը կնքում եւ մինչեւ ապրիլի 15-ը կրթության վարչության միջոցով ուղարկում է ԳԹԿ»:

Համալսարանական օլիմպիադա

Այսօր, ժամը 11-ին, ԵՊՀ-ում կմեկնարկի Մայր բուհի 90-ամյակին նվիրված դպրոցական առարկայական օլիմպիադան: Այս օլիմպիադան նախաձեռնել է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության կենտրոնը: Օլիմպիադան անցկացվելու է առաջին անգամ, սակայն, կազմակերպիչների հավաստմամբ, ավանդական դառնալու միտում ունի: Այն կանցկացվի հանրակրթական 11 առարկաներից՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն:

Օլիմպիադային կմասնակցեն ՀՀ 90 դպրոցների ավարտական դասարանների 600 աշակերտներ, այդ թվում՝ Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերից: Բոլոր առաջադրանքները կտրվեն գրավոր, կլինեն որոշակի թեստային հարցեր, բայց նախատեսվում են գրավոր պատասխաններ եւս՝ աշակերտի տրամաբանությունը եւ վերլուծական կարողությունները գնահատելու համար: Շարադրություն ընդգրկված չէ: Ինֆորմատիկա առարկայի օլիմպիադայի համար նախատեսված են համակարգիչներ, որոնցով մասնակիցը որոշակի խնդիրներ կլուծի:

Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն մարտի 5-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի Մեծ դահլիճում:

Նույն օրը հայտարարված է նաեւ բաց դռների օր՝ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման նպատակով, որի ընթացքում աշակերտները կհանդիպեն ֆակուլտետների դեկանների հետ: Ի դեպ, կարող են այցելել ոչ միայն օլիմպիադայի մասնակիցները, այլեւ բոլոր ցանկացողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել