Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ «ԽԱՂԵՐ»

Փետրվար 28,2009 00:00

Ապագա ասպիրանտները ստիպված են ոչ միայն գիտելիքներ կուտակել, այլեւ՝ հետաքննություն վարել

Երեք տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց, որ ասպիրանտուրայի դիմորդները պիտի հանձնեն անգլերենի՝ Toefl ծրագրով քննություն, որի նախապատրաստական դասընթացները եւ քննության կազմակերպումը հանձնարարված է Հայաստանի Ամերիկյան համալսարանին: Ֆրանսերեն լեզվի դասընթացներն ու քննությունն անցկացնում է «Ալիանս ֆրանսեզ» կազմակերպությունը, գերմաներենինը՝ «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը» (DAAD): Այս որոշումը դեռ ժամանակին հարուցեց բուհերի մասնագետների դժգոհությունը: Նրանք նեղսրտում էին՝ մի՞թե իրենք տեղում չեն կարողանա անցկացնել այդ դասընթացները, ի՞նչ է, որակյալ մասնագետներ չունե՞ն: Դժգոհությունների մի նոր ալիք բարձրացավ, երբ ասպիրանտներն արդեն հանձնեցին օտար լեզվի քննությունը: Արդյունքում, նրանցից շատերը չկարողացան հաղթահարել անհրաժեշտ շեմը, եւ բուհերի ֆակուլտետները կորցրին ասպիրանտական որոշ տեղեր, որոնք նախարարությունից «իջեցնելը» ոչ միշտ է հաջողվում: Բայց ամենակարեւոր բացթողումը, որը բնորոշ է բոլոր այս տարիներին, այն է, որ ասպիրանտները, որպես կանոն, ցանկացած նորության մասին իմանում են ամենավերջինը: Այս հարցում երեւում է, թե որքան օպերատիվ են աշխատում բուհերի ասպիրանտուրայի բաժինները կամ այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են նշված հարցերով: «Առավոտը» փորձեց իրազեկել ասպիրանտներին, թե ինչ ընթացքի մեջ են տարբեր օտար լեզուների գծով նախապատրաստական աշխատանքները:

Զրուցեցինք Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի հատուկ ծրագրերի ղեկավար Անահիտ Ղազարյանի հետ: Նա տեղեկացրեց, որ նախապատրաստական դասընթացներն իրենք սկսել են դեռ հունվարից, ասպիրանտները, որոնք տեղյակ չեն եղել այդ մասին, կարող են այժմ էլ դիմել իրենց, քանի որ դասընթացների մի փուլ էլ սկսվելու է մարտի 9-ից: Տիկին Ղազարյանի հետ զրույցում պարզվեց, որ յուրաքանչյուր բուհ ամերիկյան համալսարան է ուղարկում այն անձանց անուններով ցուցակ, որոնք, ըստ բուհի, ասպիրանտուրայի հավանական թեկնածուներն են: Այդ անձինք նախապատրաստական դասընթացներին կարող են մասնակցել անվճար, քանի որ վճարում է իրենց բուհը: Բայց «Առավոտի» զրույցը մի շարք բուհերի «ասպիրանտացուների» հետ ցույց տվեց, որ նրանք տեղյակ չեն այդ մասին, ինչը ձեռնտու է բուհերին, քանի որ կկարողանան տեղում նախապատրաստական պարապմունքներ իրականացնել: Ասպիրանտը, չիմանալով, որ ընդգրկվել է այդ ցուցակում, ստիպված է Ամերիկյան համալսարանին վճարել 41 հազար դրամ՝ դասընթացներին մասնակցելու համար: «Ասպիրանտներին պիտի բուհերն իրազեկեն, եթե մենք զբաղվենք դրանով, մեր գործը չենք հասցնի»,- ասաց Ա. Ղազարյանը:

Հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է կազմակերպվելու քննությունը: Ա. Ղազարյանը պատասխանեց. «Քանի որ ծրագիրը տեւում է մի քանի ամիս, ապա ուսանողները հնարավորություն ունեն քննություն հանձնել դասընթացից հետո: Երբեմն այդ ցուցանիշը չի բավարարում ուսանողին, եւ նորից է քննություն հանձնում»: Անցողիկ շեմը հաստատված է ԿԳ նախարարության կողմից: Անգլերենի դեպքում բնագիտական բաժիններ ընդունվելու համար ուսանողը առավելագույն 677 միավորից պիտի հավաքի նվազագույնը 480, հումանիտարի համար՝ 503, լեզվի բաժինների համար՝ 550: Տիկին Ղազարյանին փոխանցեցինք նաեւ այն մտահոգությունը, որ օտար լեզվի ցածր ցուցանիշների պատճառով ֆակուլտետները ասպիրանտական տեղեր են կորցնում: Նա ասաց. «Այս մասին խոսել ենք փոխնախարարի հետ: Իրոք, բուհեր կան, որոնց ուսանողների անգլերենի իմացությունը թույլ է: Բայց մյուս կողմից էլ մենք չենք որոշել շեմային գնահատականները»: Իսկ օտարերկրյա ծրագրերով քննություն կազմակերպելու մասին տիկին Ղազարյանը նշեց. «Հայոց լեզվով անգլերեն հանձնելու թեստ չկա Հայաստանում, իսկ 1947-ին ստեղծված այս թեստը ընդունված է ամերիկյան համալսարանների կողմից, որը բավականին արդյունավետ է: Ուստի, եթե մեր ասպիրանտական ծրագրերին անհրաժեշտ է անգլերենի իմացության որեւէ վկայական, չեմ կարծում, որ այսպիսով ինչ-որ հայրենասիրական բաներ ենք խախտում»: Զրուցեցինք նաեւ «Ալիանս ֆրանսեզ» կազմակերպության տնօրեն Սյուզան Ղարամյանի հետ: Նրա փոխանցմամբ, ֆրանսերենի քննությունը տեղի կունենա ապրիլի 21-ին, իսկ նախապատրաստական դասընթացները կսկսվեն մարտի սկզբից: Հստակեցրինք նաեւ անհրաժեշտ միավորային շեմը. բնագիտական «մասով» առավելագույն 699-ից նվազագույն 200-ը, հումանիտարի դեպքում՝ 300, լեզուների համար՝ 400:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են համագործակցում բուհերի հետ, որոնք չեն ուզում բաց թողնել իրենց ուսանողներին: «Այս տարի ապագա ասպիրանտների հոսքը կտրուկ նվազել է: Բայց նախարարության ասպիրանտուրայի բաժնում դա պատճառաբանեցին այն փաստով, որ որոշ համալսարաններ, օրինակ՝ մանկավարժականը, տնտեսագիտականը, անցել են մագիստրատուրայի համակարգ: Ուզում եմ հավատալ, որ այլ պատճառ չկա»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել