Լրահոս
Օրվա լրահոսը

«Խտրական մոտեցում»

Փետրվար 28,2009 00:00

Ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

Երեւանի Դ. Անհաղթի 19 շենքի 39 տան սեփականատեր Գայանե Մարկոսյանի եւ նույն շենքի 40 տան սեփականատեր Արթուր Ղեւոնդյանի միջեւ ծագած դատական վեճը (կապված խորդանոցի օրինականության հետ) դեռ չէր ավարտվել, Գ. Մարկոսյանը դիմել էր վճռաբեկ դատարան, երբ ԴԱՀԿ աշխատակիցները մտան շենք՝ քանդելու վիճարկվող կցակառույց-խորդանոցը: Գործի դատաքննությանը դատական տարբեր ատյաններում հետեւած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց.

– Այս գործին հետեւել եմ՝ սկսած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանից, ապա ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում, հետո՝ ընդհանուր իրավասության դատարանում: Նախապես ասեմ, որ Գայանե Մարկոսյանին ճանաչել եմ, ճանաչելով այդ անձին, գիտեի, որ հնարավոր չէ նա դիմած լինի որեւէ անօրինական քայլի: Դատաքննության ընթացքում էլ, հետեւելով այդ ամենին, համոզվեցի, որ այստեղ օրինականությունը Գայանե Մարկոսյանի կողմն է: Խոսքն այն մասին է, որ 1996-ից առկա կցակառույցը, որը տնօրինում է Գ. Մարկոսյանը, հետագայում լրիվ իրավունք ուներ սեփականաշնորհվելու, եւ, որոշակի խնդիրների հետ կապված, բարդացել է սեփականաշնորհումը: Սա հարցի մի կողմն է: Այստեղ զայրացուցիչն այլ է՝ դատարանի խտրականությունը: Զայրացնում է այն, որ նույն շենքի նույն մուտքի 6 հարկերում կան այդպիսի կցակառույցներ, բայց հանկարծ որոշվում է քանդել միայն Գ. Մարկոսյանինը: Իհարկե, չեմ ասում, թե մյուսներն էլ հետո քանդեն, այլ՝ ուշադրության արժանի է այդ գործի նկատմամբ մոտեցումը:

Ցանկացած մարդ, եթե քայլի Երեւանի փողոցներով, եւ ոչ միայն մայրաքաղաքի, ապա կտեսնի ամբողջ Երեւանի ճարտարապետությունն այլանդակված, շենքերի տանիքներին «հենված» անօրինական կառույցներ, նկուղներ՝ խանութների վերածված, օդապարիկի պես կախված պատշգամբներ՝ քաղաքաշինության նորմերի եւ սեյսմակայունության խախտումներով: Այս ամենը որեւէ մեկի աչքից չի վրիպում, տարբեր անօրինական ճանապարհներով այս ամենն օրինականացվում է կամ գործում է օրինականության դաշտից դուրս, եւ հանկարծ «օրինականությունը» տարածվում է միայն Գ. Մարկոսյանի փոքրիկ կցակառույցի նկատմամբ: Սա ակտիվ քաղաքացու, իրավապաշտպանի, գիտական գործունեությամբ զբաղվող քաղաքացու նկատմամբ ուղղակի խտրական վերաբերմունք է:

Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներից մեկը. «2×2» ռեստորանային շենքը, որը կառուցված է բնակելի շենքում, որտեղ հանվել են շենքի հենասյուները, որտեղ ամբողջ շենքի բնակիչներն աղմուկից ահաբեկված են, դատական բազմաթիվ ատյաններով անցել է, բնակիչները տասնյակի հասնող տեղեկանքներ ունեն այդ անօրինական շինության վերաբերյալ, ոչինչ չի ձեռնարկվել: Քանի որ «2×2» ռեստորանի տերը պաշտոնյա է: Փոխարենը հանկարծ հիշում են Գ. Մարկոսյանի օրինական փոքրիկ կցակառույցի մասին: Այսպիսի դեպքերի հետ առնչվելիս՝ հուսահատության ես մատնվում Հայաստանում համատարած զոռբայության, դատական համակարգի եւ իշխանության նկատմամբ:

Նշեմ նաեւ դատական ակտերի հարկադիր կատարողների մասին: Բազմաթիվ են դեպքերը, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, եւ հարկադիր կատարողները ոչինչ չեն ձեռնարկում: Հանկարծ գնում են կցակառույց քանդելու, այն դեպքում, երբ քաղաքացին չի սպառել դատական պաշտպանության իր բոլոր հնարավորությունները, երբ գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում: Երբ տեղեկացա հարկադիրի մուտքի մասին, դա ինձ զայրացրեց ու չի կարելի լռել:

– Այն տպավորությունն է, որ իրավապաշտպաններն անպաշտպան են սեփական հարցերը լոււծելիս: Սա չի՞ վարկաբեկում ինստիտուտը կամ միտված չէ՞ դրան:

– Ձեր տեսակետին լրիվ համաձայն եմ: Իրավապաշտպանները շատ ծանր գործունեությամբ են զբաղված, թերեւս կատարվածը միտված էր այդ գործունեությունը վարկաբեկելու համար, մանավանդ շատերը Գ. Մարկոսյանին ճանաչում են հենց այդ գործունեությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել