Դատավորների «լցոնում»
Նախորդ երկու օրերը ամենալարվածն էին դատավորաց դասի համար: Փակվել էին Հյուսիսային քաղաքացիական եւ քրեական, Հարավային քրեական եւ քաղաքացիական, Երեւանի քաղաքացիական եւ քրեական մասնագիտական դատարանների «դարպասները», եւ դատավորներից շատերին սպառնում էր անգործ մնալու, էլ չենք խոսում Ազգային ժողովի կողմից սահմանած 440 000 դրամ աշխատավարձից զրկվելու հեռանկարը: Երեկ մի քանի դատարաններում դատավորների «լցոնումներ» եղան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան վերադարձան նախկինում այս դատարանում (առաջին ատյան կոչվող) աշխատած Ռուբիկ Ներսիսյանը, Էդիկ Ավետիսյանն ու Մնացական Մարտիրոսյանը: Վերջինի դեպքում անհասկանալի իրավիճակ կստեղծվի, քանի որ նա, ըստ էության, նախագահում է լուծարված Երեւանի քրեական դատարանի՝ գոյություն չունեցող դատարանի վարույթում գտնվող «7-ի գործը»:
Սամվել Թադեւոսյանը, որը արդարադատության նախարարությունից գնացել էր Կենտրոնի, ապա Երեւանի քաղաքացիական դատարան, վերադարձավ նույն դատարան: «Առավոտի» դեմ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակցի հայցադիմումը քննած Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը տեղափոխվեց Կենտրոնի դատարան: Քրեական գործերով թրծված Շենգավիթի դատավորներ Գագիկներ Խանդանյանն ու Պողոսյանը դարձյալ Կենտրոնում են: Ի դեպ, Գ. Խանդանյանը նաեւ արդարադատության խորհրդի անդամ է: Հարազատ ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ Երեւանի քրեական դատարանից տեղափոխվեցին Եվա Դարբինյանն ու Սերգեյ Չիչոյանը:
ՀՀ դատավորների դեպարտամենտը երկու ղեկավար է ունեցել. Արսեն Մկրտչյանն ու Կարեն Մաթեւոսյանը: Արսենից հետո հիմա էլ վարչական դատարանի դատավոր դարձավ Կ. Մաթեւոսյանը: Երեւանի քրեական դատարանի նախագահի պաշտոնը լուծարվելուց հետո Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ դարձավ Վարդան Աբրահամյանը: Վերջինս էլ նախագահում էր «Օդնոկլասնիկի» աղմկահարույց գործը: Դավիթաշենի դատարանի հիմնական «կլիենտները» հարկադիրի աշխատակիցներն են:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
Ոստիկանապետը համաձայն չէր
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ մամուլի ասուլիսին անդրադառնալով մարտի 1-ին, ասաց, որ որեւէ իրավախախտում թույլ չեն տա. «Մենք ինքներս էլ տուժողի կեցվածք ենք ընդունելու: Մեր շարքերից էլ են մարդիկ զոհվել այդ օրը: Մենք էլ ենք հարգելու մեր զոհերի հիշատակը»: Նա անդրադարձավ նաեւ փետրվարի 3-ին սպանված իր տեղակալի՝ Գեւորգ Մհերյանի գործին: «Մեզ համար ամոթաբեր է սպանությունը չբացահայտելը, այն պետության վարկանիշի հարց է»,- հավելեց նա:
Ա. Սարգսյանն այնքան էլ համաձայն չէր ՀՀ գլխավոր դատախազության՝ օրերս տեղի ունեցած կոլեգիայի նիստին հնչած քննադատությանը, թե ոստիկանությունը չի բացահայտում հանցագործությունները:
Բերման են ենթարկել՝ բազկաթոռով
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան բերման ենթարկեցին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբորը՝ Վարդանին: Վերջինս տառապում է ողնաշարի տուբերկուլյոզով, որն ավելի է սրվել, երբ անցյալ տարի իրեն ու եղբորը, դիմակավորներին դիմադրություն ցույց տալու համար, տեղափոխեցին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչություն: Չնայած բազմաթիվ միջնորդություններին, Վ. Ջհանգիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը շարունակվում է:
Երեկ բերման ենթարկվելիս՝ նա գամված էր բազկաթոռին: Սակայն դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ մեղադրող Կորյուն Փիլոյանը բացակայում էր դատական նիստից: