Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ

Փետրվար 28,2009 00:00

Հայերը համախմբվելու երեք առիթ ունեն միայն՝ դիմակայում, շինարարություն եւ… խորոված

Մոսկվա, կիրակի, հայկական եկեղեցի: Ընտանիքներ ամբողջ կազմով, ուսանողների ծիծաղկոտ խմբեր, «կոնկրետ» եւ «շատ կոնկրետ» երիտասարդներ, որ շտապում են պատարագի: Եթե ականջ դնեք, ապա կլսեք հայկական զուլալ գրական խոսքն ու Երեւանի փողոցային ժարգոնը, Հայաստանի գավառների բարբառները եւ դրա հետ մեկտեղ՝ Բաքվի, Թբիլիսիի, Ջավախքի, Միջին Ասիայի հայերին, որոնցից ոչ բոլորը գիտեն մայրենի լեզուն:

Ահա սկսվում է պատարագը: Սրբազան Եզրասի «Հայր մերը» կրկնում են դահլիճից երիտասարդ ձայները: Ահելները լռում են, երիտասարդները մրցակցում՝ ով ավելի լավ գիտի ծեսը եւ աղոթքները:

Իսկ դրսում նստած է մի տատիկ: Ասենք, անունը Ասյա տյոտյա է: Նա ժամանակ առ ժամանակ մոտենում է նոր հայտնված ընտանիքներին եւ հարցնում՝ ամուսնացա՞ծ է, արդյոք, գեղեցիկ օրիորդը, փեսացու ունի՞: Թե ոչ, ապա ինքը՝ Ասյա տյոտյան, կարող է հարմար փեսացու գտնել՝ համապատասխան ընտանիքից:

Ոմանք ժպտալով հրաժարվում են, ոմանք էլ՝ ուրախությամբ համաձայնում: Դրսում հայերի մեջ սուր է զավակների ամուսնության խնդիրը: Մեծ քաղաքում լավ է երեւում մշակույթների տարբերությունը, սովորույթները: Այլազգի աղջկա կամ տղայի հետ ամուսնանալը հաճախ նշանակում է հայտնվել միանգամայն անծանոթ մթնոլորտում եւ միգուցե՝ անսովոր ապրելակերպի հարմարվել: Այդ պատճառով էլ Մոսկվայում ապրող տարբեր ազգեր ձգտում են մի կողմից ինչ-որ ընդհանուր վարքագիծ հաստատել միմյանց հետ շփվելու համար, մյուս կողմից՝ պահպանել ինքնատիպությունը, եզակիությունը:

Պատարագից հետո սկսվում են ամուսնության, կնունքի ծեսերը: Կիրակի օրերը գալիս են ահռելի քաղաքի տարբեր եզրերից, ոմանք էլ գնացքով՝ մոտակա փոքրիկ քաղաքներից: Կիրակին միակ օրն է, երբ կարելի է այցելել հայոց լեզվի դասերի կամ պարզապես շփվել հայկական մթնոլորտում:

Հայկական եկեղեցու բակ ասվածը այնքան էլ ճիշտ չէ: Մենք գտնվում ենք հայկական գերեզմանոցում: Ղազարյանների (Լազարեւների) կառուցած այս սուրբ պատերը ի սկզբանե հանգուցյալների վերջին ուղին լուսավորելու համար են կառուցել, սա մատուռ է, ոչ թե եկեղեցի: Իսկ ինքը՝ Մոսկվայի Հայկական եկեղեցին մեծ տաճար է եղել եւ ցարի օրոք գտնվել է քաղաքի կենտրոնում: Բոլշեւիկների օրոք հայկական տաճարը քանդել են, իսկ գերեզմանատան մատուռը՝ պահպանել:

Հայկական գերեզմանատունը հանրահայտ Վագանկովոյի հատվածն է, որտեղ թաղված են ռուսազգի մեծերը: Տարիներ շարունակ այստեղ է եղել Մոսկվայի հայության կենտրոնը: Նույնիսկ աթեիստ երկրում հայերը եկեղեցու շուրջ են հավաքվել, թեեւ նեղվել են, որ այն գերեզմանատան կենտրոնում է կանգնած: Մեր օրերում դրությունը փոխվել է: Այսօր ավտոմեքենայով Մոսկվան շրջելիս կարելի է տեսնել նոր հայկական տաճարի հսկա գմբեթը: Շինարարությունը դեռ շարունակվում է, իսկ կրոնական ծառայություններն արդեն մատուցվում են:

Մոսկվայում ցանկացած խառնվածքի հայ կարող է հայրենակիցների համապատասխան շրջապատ գտնել: Իսկ սկսվում է ամեն ինչ այստեղից՝ Ղազարյան-Լազարեւների կառուցած փոքրիկ մատուռից, իր Ասյա տյոտյայով, հայկական մթերքի խանութով, գրքերի եւ ամսագրերի կրպակով:

Ահ, ներեցեք, մոռացել եմ, չէ՞ որ սա թերթի համար եմ գրում եւ պետք է անպայման ինչ-որ պրոբլեմ նշեմ, իսկ ես չնշեցի: Կարդալիս կարելի է կարծել, թե ամեն ինչ ուրախ ու զվարթ է: Բայց կարելի էր պատմել նաեւ, որ գերեզմանատունը լի է անճաշակ արձաններով, եկեղեցի այցելող տիկնանցից ոմանք օրը ցերեկով տոնածառի նման զարդարված են, իսկ Ասյա տյոտյան բոլորի զահլան տարել է: Կարելի է ավելի խոր պրոբլեմներ քչփորել: Այո, անմոռանալի են երկու երիտասարդ տղամարդկանց արձանները: Ոսկեզարդ տիկնայք, որ թարս-թարս զննում են ջինսերով եւ սվիտրներով իրենց հասակակից կանանց, հաճախ հեռանում են շատ ավելի հասարակ ավտոմեքենաներով, քան ջինսավորները: Այդ պատճառով էլ զննում են՝ չեն հասկանում: Իսկ Ասյա տյոտյան… Ասյա տյոտյան ազգանվեր գործ է անում, եկեք նրան հանգիստ թողնենք:

Հայերիս ամենամեծ պրոբլեմը դժգոհությունն է: Ոչինչ աչքներիս չի երեւում, ամեն ինչ շատ վատ է, եւ, ընդհանրապես, շուտով աշխարհի վերջն է: Մոսկվայի համայնքը շատ խնդիրներ ունի: Բայց այսօր մենք աշխարհի խոշոր մեգապոլիսներից մեկում եկեղեցի ենք կառուցում, որը հանրահայտ Քրիստոս Ամենափրկչի տաճարի նման երեւացող գմբեթ ունի:

Այս եկեղեցին կառուցելու համար ամբողջ համայնքն է աշխատել: Ո՞ւմ է պետք օտար երկրում նման մեծածավալ շինարարություն ձեռնարկելը: Իսկ դուք փոքրաթիվ շատ ազգեր գիտե՞ք, որոնք մեզ հավասար ունակ են ցույց տալու իրենց կամքի ուժը: Կարծում եմ՝ ոչ: Իսկ այսօր դա շատ կարեւոր է՝ ցուցադրել համախմբվածությունը եւ աշխատելու կարողությունը: Բայց արդյո՞ք այդքան համախմբված ենք: Ոչ, ոչ: Դա էլ է սուտ, դա էլ է պրոբլեմ: Համախմբվելու ցանկություն, նպատակ, ծրագիր չունենք, պարզապես, երբ պետք է լինում՝ համախմբվում ենք: Իսկ պետք չեղած ժամանակ հայերն էլ ինչի՞ համար կհամախմբվեն: Իհարկե՝ խորոված ուտելու համար: Այդպես էլ անում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել