Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը արձագանքեց

Փետրվար 28,2009 00:00

\"\"ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը օպերատիվորեն էր արձագանքել «Առավոտի» փետրվարի 18-ի համարում «Մարդկային անտարբերության զոհը» վերտառությամբ հրապարակմանը:

Հիշեցնենք, որ խոսքը 1989թ. Բաքվից Երեւան գաղթած եւ մինչեւ 2006թ. «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքի մի սենյակում ապաստանած 72-ամյա Ռուդոլֆ Ստեփանյանի մասին էր: 2006-ին հյուրանոցի սեփականաշնորհումից հետո նոր սեփականատերը նրան պարզապես դուրս էր նետել փողոց, եւ դրանից ի վեր ծերունին ապրում էր հյուրանոցի տարածքից ոչ հեռու՝ կամ բենզակիր ավտոմեքենայի վարորդական խցիկում, կամ իր «կառուցած» ստվարաթղթե ու տախտակե կացարանում: Այս տարվա հունվարին նա ցրտից մահացել էր: Մեր հրապարակման վերջին պարբերությամբ, իբրեւ հավելյալ տեղեկատվություն, նշել էինք, որ 2007թ. ՄԱԿ-ը 600 մլն դոլար էր հատկացրել ՀՀ կառավարությանը՝ փախստականներին կացարաններով ապահովելու համար:

ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի արտաքին կապերի աշխատակից Անահիտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, թե գրասենյակի աշխատակիցներն ու անձամբ ինքը լավ են ճանաչել Ռ. Ստեփանյանին եւ ափսոսանք հայտնեց ծերունու ողբերգական մահվան առնչությամբ: Բայց նա միաժամանակ շեշտեց, որ տեւական ժամանակ ե՛ւ իրենց գրասենյակի աշխատակիցները, ե՛ւ Միգրացիայի վարչությունը հետեւողականորեն զբաղվել են Ռ. Ստեփանյանին կացարանով ապահովելու խնդրով: Տիկին Հայրապետյանի փոխանցմամբ, համառ ու մի քիչ էլ արկածախնդիր ծերունուն գլխավերեւում տանիք ունենալու բազմաթիվ առաջարկներ են արվել. «Առաջարկվել է սենյակ հանրակացարանում, «Նաիրի» հյուրանոցում: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը պատրաստակամություն է հայտնել նաեւ նրա համար բնակարան վարձել, մինչեւ որ իր առանձին բնակարանի հարցը լուծվի: Առաջարկվել է նաեւ մշտական բնակության համար տուն՝ մարզում: Նույնիսկ Երեւանի քաղաքապետարանն ու Միգրացիայի վարչությունը միասին ամիսներ շարունակ նրան կացարան տրամադրելու առաջարկներ էին արել եւ անգամ խնդրել էին, բայց Ռուդոլֆը հրաժարվել էր՝ համառորեն պնդելով, որ ուզում է իր առանձին բնակարանն ու օրդերը ստանալ»: Ա. Հայրապետյանը նաեւ պատմեց, որ իրենց գրասենյակը մշտապես օգնել է Ռուդոլֆին՝ տրամադրելով հագուստ, սնունդ: Իսկ ծերունու մահից մեկ շաբաթ առաջ իր իսկ խնդրանքով նրան տրվել էր Կարմիր խաչից ձեռք բերված քնապարկ: Տիկին Հայրապետյանը միաժամանակ շեշտեց, որ գրասենյակը զբաղվում է նմանատիպ բազմաթիվ այլ դեպքերով: Վերջում նա նաեւ հավելեց, որ մեր հրապարակման վերջին պարբերության մեջ մատնանշված եւ ՄԱԿ-ի կողմից փախստականներին կացարանով ապահովելու նպատակով 600 մլն դոլարի հատկացման վերաբերյալ նշումը իրականությանը չի համապատասխանում եւ պետք է այն չեղյալ համարել: Հրապարակման մեջ տեղ գտած այդ անճշտության համար հայցում ենք ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներողամտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել