Ասում է «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր
Կարինե Առուստամյանը՝ նկատի ունենալով արտամարմնային բեղմնավորման «Փոխնակ մայրության ծրագիրը»:
Տարիներ շարունակ չբերությամբ տառապող եւ հնարավոր բոլոր մեթոդները փորձած ամուսնական զույգերն արդեն հնարավորություն ունեն դիմելու արտամարմնային բեղմնավորման եղանակին՝ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում», որը նմանատիպ բժշկական ծառայություն իրականացնող միակ հաստատությունն է Հայաստանում: Կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Օկոեւի գլխավորությամբ հայ բժիշկների խումբը տեւական ժամանակ համագործակցել է Մարսելի «Մարդու վերարտադրողական առողջության բժշկական ինստիտուտի» բժիշկների հետ: Երկուստեք այցերի, վերապատրաստման եւ մարսելցի բժիշկների՝ Հայաստանում անցկացրած ուսուցման փուլերից հետո 2004 թ. մայիսից արդեն արտամարմնային բեղմնավորումն ամբողջությամբ իրականացվում է հայ մասնագետների կողմից: Մինչ օրս այդ ճանապարհով կենտրոնում լույս աշխարհ է եկել 120 փոքրիկ, որոնք կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանի հավաստմամբ՝ նորմալ, առողջ փոքրիկներ են: Ըստ Կ. Առուստամյանի՝ «Առհասարակ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնված երեխաների մոտ հիվանդացությունը նույնն է, ինչ բնական ճանապարհով ծնվածներինը: Նրանք իրենց ֆիզիկական-հոգեկան, մտավոր զարգացման ունակություններով չեն տարբերվում բնական ճանապարհով ծնված երեխաներից: Միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ այդ երեխաներն ավելի շատ են սիրված, քանի որ շատ ավելի սպասված են»:
Սկսած 2006-ից, Հայաստանում իրականացվում է նաեւ «Փոխնակ մայրության ծրագիրը»: Դա արտամարմնային բեղմնավորման տեսակներից մեկն է, որը կիրառվում է այն դեպքերում, երբ կինն այս կամ այն պատճառով չի կարող կրել սեփական երեխայի հղիությունը: Դա կարող է լինել այն դեպքում, երբ կնոջ մոտ առկա է զարգացման բնածին արատ՝ արգանդի բացակայություն, կամ, եթե կինը վիրահատության հետեւանքով զրկվել է արգանդի փողերից կամ արգանդից: Նման դեպքերում հղիությունը կրում է մեկ այլ կին՝ փոխնակ մայրը, որը որեւէ կենսաբանական կապ չունի երեխայի հետ: Փոխնակ մոր օրգանիզմ ներարկված բեղմնավորված պտուղն արդեն իսկ կրում է ողջ գենետիկական ինֆորմացիան եւ ընդամենը զարգանում է այլ կնոջ արգանդում: Այլ կերպ ասած՝ փոխնակ մոր արգանդը «ինկուբատորի» դեր է կատարում: Իսկ երեխան հանդիսանում է բացառապես իր ծնողների ժառանգական ինֆորմացիայի կրողը:
«Փոխնակ մայրության» եղանակով Հայաստանում առաջին երեխաները ծնվել են 2006-ին՝ դրանք զույգ աղջիկներ էին: Իսկ այսօր արդեն «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» այդ ճանապարհով կյանք է ստացել 18 փոքրիկ: Մեր երկրում «Փոխնակ մայրության ծրագիրը» կարգավորվում է 2002թ. ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որտեղ հստակ սահմանված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Համաձայն օրենքի, փոխնակ մայր կարող են լինել 18-35 տարեկան լիարժեք առողջ կանայք, որոնք պետք է անցնեն բոլոր համապատասխան բժշկական հետազոտությունները, ընդհուպ՝ մինչեւ բժշկագենետիկական: Այնուհետեւ, մինչեւ բեղմնավորումը, փոխնակ մայրը երեխայի կենսաբանական ծնողների հետ կնքում է իրավաբանորեն հաստատված պայմանագիր, որով սահմանվում են արտամարմնային բեղմնավորման, հղիության ընթացքի եւ ֆինանսական փոխհատուցման հետ կապված հարցերը: Նշենք, որ ծննդաբերելուց անմիջապես հետո երեխան հանձնվում է կենսաբանական ծնողներին, որից հետո փոխնակ մայրն այլեւս ոչ մի իրավունք եւ պարտականություն չունի այդ երեխայի նկատմամբ: Ըստ Կ. Առուստամյանի. «Դա արվում է 2 նկատառմամբ, նախ՝ որ կենսաբանական մայրն անմիջապես կապվի երեխային, ապա՝ որ փոխնակ մայրը չունենա մեծ հոգեբանական կապեր»: Կենտրոնի փոխտնօրենի խոսքերով, այսօր ամենամեծ խնդիրը համապատասխան փոխնակ մայր գտնելն է: Հաճախ զույգերն իրենք են գտնում փոխնակ մայր, երբեմն էլ կենտրոնն է առաջարկում: «Եթե փոխնակ մորը տրամադրում է կենտրոնը, ապա կնքվում է եռակողմ պայմանագիր՝ կենտրոնի, ծնողների եւ փոխնակ մոր միջեւ: Բայց այսօր ունենք փոխնակ մայր գտնելու խնդիր: Այդ նպատակով մենք պարբերաբար հայտարարություններ ենք տալիս: Սակայն փոխնակ մայրերի թիվը նվազ է: Դժվարանում եմ նշել, թե որն է ամենամեծ պատճառը՝ երեւի հայկական մտածելակերպը, շրջապատի կարծիքը, ընտանիքի վերաբերմունքը»,- կարծում է տիկին Առուստամյանը: Այս պահին «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» կա մի քանի փոխնակ մայրերից բաղկացած բանկ: Բացի այդ, կենտրոնում վերահսկվում է հինգ փոխնակ մայրերի հղիություն:
Այնուամենայնիվ, նշենք, որ արտամարմնային բեղմնավորումն այսօր ֆինանսական առումով քիչ թվով ՀՀ քաղաքացիների է մատչելի: Կապված բարդությունից՝ այն արժե 740 հազարից մինչեւ մեկ միլիոն դրամ: Ըստ մեր զրուցակցի՝ «Արտամարմնային բեղմնավորումն ունի իր կոնկրետ ցուցումները, որոնց դեպքում միայն զույգը պետք է դիմի այդ եղանակին»: Ինչ վերաբերում է փոխնակ մորը տրվող ֆինանսական փոխհատուցմանը, ապա կենտրոնի փոխտնօրենի ներկայացրած տվյալներով. «Եթե փոխնակ մորը տրամադրում է կենտրոնը, ապա այդ դեպքում փոխնակ մայրը ստանում է մինչեւ երեք միլիոն դրամ ֆինանսական փոխհատուցում: Իսկ եթե փոխնակ մորը տրամադրում են կենսաբանական ծնողները՝ այդ դեպքում նրանք են պայմանավորվում գումարի շուրջ: Ընդ որում, այդ գումարի մեջ ներառված չեն արտամարմնային բեղմնավորման հետ կապված ծախսերը»: