Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՄԱՑՆԵ՞Լ՝ ԳՈՒՑԵ: ԱԶԱՏԵ՞Լ՝ ՈՉ

Փետրվար 28,2009 00:00

\"\"Ակնհայտորեն սա է իշխանության դիրքորոշումը «7»-ի գործի վերաբերյալ

«Առավոտին» տված հարցազրույցում պարզաբանելով, թե ինչու էր կոալիցիան աննպատակահարմար գտել «Քրեական օրենսգրքի» 225 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերը թողնել անփոփոխ (հիշեցնենք, որ ՔՕ փոփոխությունները մշակող աշխատանքային խումբն առաջարկել էր 225 հոդվածի 1-ին մասում սահմանել «զանգվածային անկարգություն» հասկացությունը, իսկ 2-րդ մասում հստակեցնել «կատարող» հասկացությունը)՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել էր. «Զարուհի Փոստանջյանը եւ մի շարք այլ իրավաբաններ ներկայացրել էին իրենց կարծիքը, թե քրեական հոդվածի դիսպոզիցիայում, այսինքն՝ նկարագրական մասում, ինքնին փոփոխություն անելը նշանակում է նոր պատասխանատվություն սահմանել, եւ միայն այդ հիմքով պետք է դադարեցվի քրեական հետապնդումը: Ես այդ հարցադրման վերաբերյալ մեկնաբանություն եմ խնդրել ԵԽ Վենետիկի հանձնաժողովից: Ինքս բացարձակապե՛ս համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ: Սակայն քանի որ առկա է նման դիրքորոշում՝ կոալիցիան որոշեց այս պահին ձեռնպահ մնալ»:

Այս բացահայտումն ապացո՞ւյց չէ, որ կոալիցիան հաստատակամ է մտադրության մեջ՝ «Քրեական օրենսգրքում» հանկարծ չանել որեւէ փոփոխություն, որի հետեւանքով «7»-ի գործով մեղադրվող ընդդիմադիրները կարող են հայտնվել ազատության մեջ: Մեր այս հարցադրմանը խնդրեցինք պատասխանել ե՛ւ «Ժառանգության», ե՛ւ կոալիցիայի գործիչներին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես կարող եմ ասել, որ դա ոչ միայն կոալիցիայի դիրքորոշումն է, այլ նաեւ ՀՀ գլխավոր դատախազի, քանի որ նա քաջ գիտակցում է՝ եթե փոխվի այդ հոդվածը, դրանով առաջադրված մեղադրանքն այլեւս դադարելու է գործել: Սա Սահմանադրության պահանջն է»: Նաեւ հավելեց, թե սա ողջ իշխանության դիրքորոշումն է՝ առիթ չտալ դադարեցնելու հետապնդումը. «Մինչ օրս էլ այդպես է եղել: Նրանք կարող էին օգտվել նաեւ այլ միջոցներից, համաներումից: Այդ լիազորությունն ունի ՀՀ նախագահը, ԱԺ-ն էլ լիազորություն ունի որոշում կայացնել համաներման վերաբերյալ, բայց չարեցին: Հիմա իրենց ամբողջ խնդիրն է նախ՝ Եվրոպայի խորհրդին ցույց տալ, թե իրապես ցանկություն ունեն փոփոխման միջոցով այս մարդկանց ազատելու, սակայն նաեւ թողնում են մի տեղ, որ հնարավորություն ունենան պահելու ազատազրկման մեջ: Հիմա դա է տեղի ունենում»:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Արծրունի Աղաջանյանը, որը «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի համահեղինակներից է՝ չհամաձայնեց մեր հարցադրմանը. «Այդպես չեմ կարծում: Նախնական տարբերակում կային նաեւ 225 հոդվածի այդ մասերի փոփոխությունները: Պարզապես հետագայում ե՛ւ ընդդիմության, ե՛ւ չեզոք իրավաբանների բարձրացրած հարցերի հետեւանքով չընդգրկվեց այդ նախաբանը, թե ինչ է նշանակում զանգվածային անկարգություն, եւ թողեցինք նույնը»: Նկատեցինք թե ինքը խոսում է աշխատանքային խմբի մասին, մինչդեռ մեր հարցը վերաբերում է կոալիցիայի դիրքորոշմանը, սակայն պրն Աղաջանյանը նշեց. «Աշխատանքային խումբը ներկայացնում էր կոալիցիան, ինչի՞ եք առանձնացնում: Աշխատանքային խմբի 4 անդամները ներկայացնում են կոալիցիայի 4 ուժերը: Այսինքն՝ այն, ինչ ներկայացվել է աշխատանքային խմբում՝ նշանակում է, կոալիցիայի կողմից էր: Ներկայացրեցինք, բայց պարզապես քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ, դրա համար էլ այդ հարցի լուծումը հետաձգեցինք՝ մինչեւ Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն կստանանք այդ հարցադրման վերաբերյալ»:

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը նույնպես չհամաձայնեց հարցադրմանը. «Ընդհակառակը: Ես մտածում եմ, որ կոալիցիայի նման նախաձեռնության իմաստը, պատճառներից մեկը հենց դա է, որպեսզի բոլոր այն դատավարությունները, որոնք շարունակվում են ընթանալ մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ առնվազն այդ գործերը թեթեւացվեն»: Մեր դիտարկմանը, թե գուցե ցանկանում են թեթեւացնել, բայց չեն ուզում առիթ տալ, որ այս նախաձեռնությամբ դադարեցվեն քաղաքական հետապնդումները՝ պրն Կարապետյանն այսպես արձագանքեց. «Քրեակա՛ն հետապնդումները: Դուք չեք կարող գտնել մի ժողովրդավար երկիր, որտեղ նման հոդվածներ չլինեն, եթե մարդիկ իսկապես ոտնձգություն են կատարում ինքնիշխանության դեմ, պետության դեմ եւ այլն: Քաղաքական հոդվածներ չպետք է լինեն: Բայց քրեական այդ հոդվածները չպետք է հանվեն, այլապես նման հանցագործությունները մեզ կկլանեն»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմի անդամ է՝ մեր դիտարկմանը, թե կոալիցիան չի ցանկանում անել որեւէ փոփոխություն, որը կարող է առիթ դառնալ, որ 225 հոդվածով մեղադրվողները հայտնվեն ազատության մեջ՝ պատասխանեց. «Կարծում եմ, որ այդպես չէ: Գիտեք, որ ԱԺ նախագահի վերջին նամակում, որն ուղղված էր ԵԽԽՎ-ին՝ ձեւակերպում կար, թե՝ այո՛, այդ փոփոխություններն անդրադառնալու են մարտի 1-2-ի դեպքերով ձերբակալված անձանց վրա: Եվ 1643 բանաձեւը, եւ ԱԺ նախագահի այդ նամակն իրենց մեջ պարունակում են հստակ ուղերձ, որ 225 եւ 300 հոդվածների այս փոփոխությունները պետք է անդրադառնան «7»-ի գործով մեղադրանքի վրա: Չեմ տիրապետում ողջ տեղեկատվությանը, թե ինչու են որոշել 225 հոդվածի այդ մասերը թողնել անփոփոխ, այդուհանդերձ հույս ունեմ ու վստահ եմ, որ վերախմբագրված ու վերաձեւակերպված հոդվածներն անպայման հիմք կհանդիսանան, որ դատախազը վերանայի մեղադրանքը «7»-ի գործով»:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր հարցադրմանն այսպես արձագանքեց. «Բոլորն էլ կուզենան, որ հանցակազմ չլինի, եւ բոլորն էլ ազատության մեջ լինեն: Բայց ԱԺ-ն ոչ թե դատավորի կեցվածք է ընդունելու, եւ մենք էլ փորձենք ասել՝ հոդվածները փոխենք, որ ազատեն կամ չազատեն, այլ պարզապես հնարավորություն ենք տալիս ավելի հստակեցնելու եւ դատավարության հետեւանքների գնահատականն էլ այս հստակեցումով ավելի ապացուցելի դարձնելու հասարակության համար: Այնպես որ՝ չեմ կարծում, որ այս պահին որեւէ մեկը կարող է ասել, թե օրենքների փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա «7»-ի գործով: Բայց համենայնդեպս՝ կարծում եմ, ազդեցություն կունենա եւ՝ դրական առումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել