2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ արդեն զոհվել էին մեր 8 քաղաքացիները՝ Հ1-ը ցուցադրում էր «Ճակատագրական կինը» կինոնկարը, եւ Անտոնիո Բանդերասի հետ գլխավոր հերոսուհու կենակցելու տեսարանի ընթացքում ներքեւում վազող տողով գրվեց, թե քիչ անց կներկայացվի «Հայլուրի» հերթական թողարկումը:
Հաջորդող օրերի ընթացքում էլ Հ1-ը գովազդում էր, թե մոտենում է մարտի 8-ը, եւ այդ օրը «Երկու աստղի» մասնակիցները երգելու են սիրո մասին: Եվ ծպտուն անգամ չէին հանում, որ մարտի 8-ին լրանալու է զոհվածների մահվան 7 օրը: Ո՛չ այդ, ո՛չ էլ մյուս հեռուստաընկերությունները կատարված ողբերգությունից հետո մի պահ անգամ չընդհատեցին իրենց զվարճալի եւ երաժշտական հաղորդումները: Հայտնի է, որ պաշտոնապես սուգ չհայտարարվեց, սակայն գործող ԶԼՄ-ներից եւ ոչ մեկը չունեցավ այնքան բարոյականություն, որ գոնե մի օր սեփական նախաձեռնությամբ զերծ մնար երգ ու պար հաղորդելուց, «Եվրատեսիլի» նախապատրաստության եւ Ծաղկաձորում հանգստանալու գովազդներից եւ այլն:
Զոհերի հարազատներից մեկին կամ մյուսի հարեւաններին եթե խոսեցնում էլ էին, ապա միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ մի երկու բառ կորզելու համար:
Մարդկային կորուստների վշտին անհաղորդները, սակայն, ամենայն մանրամասնությամբ հաղորդում էին, թե մարտի 1-ին քանի ապակի, դուռ ու լապտեր է ջարդվել, սալիկ պոկվել, ավերվել լուսացույց ու կանգառ:
Մինչդեռ տեղի էր ունեցել մի բան, որը ոչ միայն խախտում էր ներքաղաքական պայքարի հաստատված խաղի կանոնները, որոնք ժամանակին Վահան Հովհաննիսյանը բնորոշել էր այսպես. «Ինչ էլ լինի՝ իրար վրա կրակել չկա»: Հայրենակիցների միջեւ բեւեռացումը եւ թշնամանքը հասավ այն աստիճանի, որ սիրահար զույգեր բաժանվեցին, իրար խորթացան երկարամյա մտերիմ մարդիկ (մեզ հայտնի են նման բազմաթիվ դեպքեր): Սակայն ի՞նչ էին ասում նման պայմաններում այն մարդիկ, որոնք այդ ժամանակ հնարավորություն ունեին իրենց խոսքը հասցնել ժողովրդին: Արդյոք գոնե փորձ անո՞ւմ էին օգնելու հաղթահարել բարոյաքաղաքական այդ ահավոր ճգնաժամը: Հաշվի առնելով այն, որ 1 տարի անց էլ մարտի 1-ի դեպքերը մնում են իբրեւ չսպիացած վերք՝ վստահաբար կարող ենք ասել, որ չի արվել ոչինչ: