Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր հարաբերություններ՝ Իտալիայի հետ

Փետրվար 28,2009 00:00

Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ իր այցն Իտալիա կնպաստի մեր երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը:

Հայաստանն ու Իտալիան տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն, որը դեռ ամբողջ ծավալով չի իրացվել: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության՝ փետրվարի 23-ից 26-ն Իտալիայի Հանրապետություն կատարած այցը միտված էր այդ ներուժի իրացմանը: Նրան հրավիրել էր Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ջաննի Լետան: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել հայ-իտալական երկկողմ համագործակցության մի շարք գործնական պայմանավորվածություններ: Ջաննի Լետայի հետ քննարկվել են հայ-իտալական երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Իտալիայի պաշտպանության պետական քարտուղար Ջուզեպպե Կոսիգային Արթուր Բաղդասարյանն առաջարկել է համագործակցության համաձայնագիր կնքել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ: Ջ. Կոսիգան նշել է, որ համաձայնագրի կնքումից հետո Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հատուկ հարաբերություններ կստեղծվեն, ինչը կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ Իտալիայի համար: Եվրահամայնքային քաղաքականության նախարար Անդրեա Ռոնկիի հետ քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարարի գլխավորած պատվիրակությունն ամռանը կայցելի ՀՀ՝ կոնկրետացնելու համագործակցության եւ փոխօգնության ձեւերն ու մեթոդները: Իտալիայի պետկառավարման եւ նորամուծությունների նախարար Ռենատո Բրունետայի հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանն առաջարկել է համագործակցության երեք ոլորտ՝ պետական եւ համայնքային ծառայողների վերապատրաստման, նորարարությունների եւ ընդհանուր ուղղություններով բարեփոխումների: Այս նախարարության հետ եւս համագործակցության համաձայնագիր կստորագրվի արդեն իսկ այս աշնանը: Իտալիայի արտաքին գործերի պետական քարտուղար Ալֆրեդո Մանտիկան գալիք շաբաթ կայցելի տարածաշրջան, այդ թվում՝ Երեւան, կքննարկվեն համագործակցությունը խորացնելու գործնական քայլերը: Իտալիայի ՆԳ նախարար Ռոբերտո Մառոնիին Արթուր Բաղդասարյանն առաջարկել է աջակցել ՀՀ ոստիկանությանը տեխնիկական վերազինման հարցում:

Այցի ընթացքում քույր քաղաքների վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Պրիվերնո եւ Գավառ, Նարդո եւ Գյումրի քաղաքների միջեւ: Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում սպասվում է եւս 4 քաղաքների եւ մարզերի միջեւ համագործակցության համաձայնագրերի ստորագրում: Ա. Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Իտալական հեղինակավոր «Իլ մեսաջեռո», «Լա ստամպա», «Լա Ռեպուբլիկա» օրաթերթերը եւ մի քանի էլեկտրոնային թերթեր անդրադարձել են մեր պատվիրակության այցին: Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ յոթ ուղղություններով համաձայնագրերի ստորագրումը կնպաստի հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը: Այցի գլխավոր քաղաքական արդյունքը, ըստ ԱԱ խորհրդի քարտուղարի, պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմի ձեւավորումն է եւ դրան նպաստող հատուկ հանձնաժողովի ստեղծումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել