Տավուշի մարզի հանրակրթական 81 դպրոցներ (որից 71-ը՝ միջնակարգ) է հաճախում 18 222 աշակերտ: Նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ՝ առաջին դասարանցիների թիվը պակաս է 50-ով: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի վկայությամբ, մարզի սահմանամերձ, հեռավոր, փոքր համայնքների ընդհանուր թվով 20 դպրոցներ ունեն երկկոմպլեկտ դասարաններ, երբ տարբեր տարիքի երեխաներ նույն դասասենյակում են դասեր անում, յուրաքանչյուր դասարանին տրամադրվում է դասաժամի մի հատվածը: Նման ամեն դպրոցում 2-4 երկկոմպլեկտ դասարան է գործում:
Ժամանակին մարզի սահմանամերձ 24 դպրոցներ գործուղումներով կադրեր են ուղարկվել, երիտասարդներ, ովքեր սահմանամերձ կրթօջախում դասավանդելը գերադասել են ժամկետային զինծառայությունից: 2005 թվականից այս պրակտիկան վերացվել է: Թեեւ մարզպետարանի կրթության վարչության պետը համարում է, որ իրենք «կադրերի պակաս չունեն», սակայն սահմանամերձ, հեռավոր դպրոցներում դեռեւս դասավանդում են ուսուցիչներ, ովքեր բարձրագույն մանկավարժական կրթություն չունեն:
Ինչո՞ւ մարզի այլ համայնքներից այնտեղ համապատասխան մասնագետներ չեք գործուղում մեր հարցին՝ պարոն Փաշինյանն ասաց, որ սահմանամերձ, փոքր դպրոցներում աշակերտների թվին համապատասխան, դասաժամերի քանակը քիչ է, օրինակ, առարկայի հաշվով՝ 5-6 ժամ, եւ այդ քիչ դասաժամերի (այսինքն՝ նաեւ քիչ աշխատավարձի) համար իմաստ չունի ուսուցիչներ ուղարկել այնտեղ: