Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՋՎԱԾՔԸ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՁԵՎ Է, ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 27,2009 00:00

\"\"Մասնագետի խոսքերով՝ դաջվածք անողները տարբեր բնավորության տեր մարդիկ են \"\"

Պիրսինգ, «բոդի արթ», տատու… Տարիներ առաջ այս բառերը հայերիս ոչինչ չէին ասում: Դժվար թե գտնվեր մի հայուհի, որ դաջվածք ունենար մարմնին. իսկ ովքեր էլ ունեին՝ հասարակության կողմից չէին ընդունվում ու համարվում էին չափից դուրս մոդայիկ, արտասովոր, թեթեւաբարո եւ այլն: Հատկապես վերջին տարիներին Հայաստան ներխուժեցին հայկական մենտալիտետին խորթ, շատերի կարծիքով՝ հայերին ոչ հարիր երեւույթներ, որոնցից մեկը կանանց եւ աղջիկների մարմնի վրա դաջվածք ունենալն է:

Ինչպե՞ս են ընդունում երիտասարդները դաջվածքները: «Առավոտը» փորձեց հարցախույզի միջոցով ստանալ այս հարցի պատասխանները: Հարցումների ժամանակ հանդիպեցինք աղջիկների, որոնք արդեն մի քանի տարի է՝ դաջվածք ունեն իրենց մարմնի տարբեր մասերին:

Օրինակ, 28-ամյա Իրինան մեզ հետ զրույցում ասաց. «Ես երեք տատու ունեմ մարմնիս վրա: Դրանք իմ կյանքի անբաժանելի մասնիկներն են եւ ինձ ավելի մեծ ինքնավստահություն են տալիս: Կարծում եմ, դաջվածքը մարմնի վրա շատ սեքսուալ է, տղաներին էլ դուր է գալիս, իսկ ես այնպիսի հագուստ եմ կրում, որ դրանք միշտ նկատելի լինեն»:

24-ամյա Տիգրանի խոսքով դաջվածքը գեղեցկություն է միայն աղջիկների համար. «Ես կցանկանայի, որ կնոջս մարմնին դաջվածք լինի՝ այն էլ ամենագաղտնի, միայն ինձ համար հասանելի եւ տեսանելի հատվածում»:

37-ամյա Կարենն անկեղծացավ. «Չեմ սիրում, երբ տղաներն իրենց մարմինները զարդարած են լինում տատուներով, բայց երբ աղջկա մարմնին եմ տեսնում, թեկուզեւ շա՜տ պուճուրիկ մի դաջվածքիկ, այն ինձ «ոգեւորում» է բառիս բուն իմաստով»:

18-ամյա Նանան էլ սրտնեղեց. «Ես երազում եմ գոտկատեղից ներքեւ տատու անեմ, բայց դեմ լինողներ շատ կլինեն, ինձ համար դա տարբերվելու եւ ինքնադրսեւորվելու միջոց է»:

Չնայած դաջվածքների մասին ասված դրական կարծիքներին՝ հնչեցին նաեւ դեմ կարծիքներ: Օրինակ, 26-ամյա Մելինեն նշեց. «Ես դեմ չեմ դաջվածքներին, բայց հայերին չի սազում, տատուն հայեցի չէ: Չգիտես ինչու, իմ ընկալմամբ, եթե հայուհին դաջվածք է անում, ուրեմն նա արդեն ինչ-որ հարցում թերացել է»:

27-ամյա Արմանն էլ փաստեց. «Հայ աղջկա մարմնին տատուն «վուլգարիզմ» է: Դաջվածք են անում, մարմինը բացում եւ ցուցադրում, բայց դա սխալ է ու հայերին ոչ հարիր»:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց Երեւանում գործող «Body art» կենտրոնի տնօրեն, մասնագիտությամբ նկարիչ, դաջվածքներով զբաղվող սիրիահայ Սիրո Քեջեջյանի հետ: Նրա խոսքով դաջվածքն արդեն խորթ եւ հակասական տպավորություններ թողնող երեւույթ չէ. «Արդեն երեք տարի այս գործում եմ: Առաջ միայն տղաներն էին անում, դա ինձ անգամ վախեցնում էր, մտածում էի, որ եթե այսպես շարունակվի՝ սկսածս գործը չի հաստատվի: Հուրախություն ինձ, տարիների ընթացքում հայ հասարակության մեջ կամաց-կամաց մտավ ու ընդունվեց դաջվածք անելը»: Հարցին, թե հիմնական հաճախորդները ո՞ր սեռի ներկայացուցիչներն են, Սիրոն դժվարացավ պատասխանել. «Այդ հարցը միշտ ինձ տալիս են: Չեմ կարող հստակ պատասխանել: Գուցե այս հարցին կարողանայի պատասխանել մի քանի տարի առաջ, որովհետեւ այն ժամանակ միայն տղաներն էին գալիս, այն էլ շատ քչերը, որոնք բանակում եղած ժամանակ էին դաջվածք արել եւ ուզում էին թարմացնել: Այն ժամանակ ես չէի էլ կարող երազել աղջիկ հաճախորդների մասին: Այսօր պատկերն այլ է. հաճախորդներիս մեծամասնությունն աղջիկներ են: Իսկ այն, որ ասում են, թե դաջվածք անող աղջիկները վարքից թույլ են, փչացած կամ սխալ դաստիարակություն ստացած՝ այդպես չէ, ու նաեւ պարտադիր չէ, որ դաջվածքներ ունեցող մարդը ռոքեր լինի, որովհետեւ ասում են նաեւ, որ հիմնականում նրանք են անում»:

Իսկ հարցին, թե ի՞նչ բնավորության տեր մարդիկ են գնում դաջվածք անելու, մեր զրուցակիցը պատասխանեց.«Տարբեր բնավորությունների տեր մարդիկ են գալիս: Եվ ինչ բնավորություն էլ ունենան, նախքան գործընթացը սկսելը պայմանագիր եմ կնքում, իսկ նախքան պայմանագիրը երկար-բարակ զրուցում նրանց հետ, բացատրում, հոգեբանական խորհրդատվություն անում այն մասին, թե ինչ է դաջվածքը, այն ինչ կարող է իրեն տալ եւ այլն: Այս կերպ փորձում եմ ինքս հասկանալ՝ տվյալ անձն իրո՞ք ուզում է դաջվածք անել, արդյո՞ք հետո չի փոշմանելու: Նրանց բացատրում եմ, որ ետդարձի ճամփա չի լինելու, որ ամբողջ կյանքում դա իր հետ է լինելու»: Մեր զրուցակիցը նաեւ նշեց, թե իր հաճախորդներից քչերին է հայտնի, որ ամեն դաջվածք ունի իր նշանակությունը. «Միայն տղաներին է հետաքրքրում, օրինակ, թե ինչ նշանակություն ունի խաչը, առյուծի գլուխը, վագրը… Աղջիկների համար նշանակություն չունի, հազարից մեկն է հարցնում: Նրանց համար դաջվածքն ուղղակի գեղեցկություն է, իսկ տղաների համար՝ ինքնադրսեւորում, որ շրջապատում գլուխ գովելու, հպարտանալու եւ ցուցադրելու բան ունենան»: Իսկ թե հիմնականում ի՞նչ դաջվածքներ են նախընտրում հայերը, Սիրոն ասաց. «Տղաները՝ խաչ, աղջիկները՝ ամեն ինչ: Վերջերս մի ամերիկաբնակ աղջիկ եկավ, նուռ դաջեցինք գոտկատեղից ներքեւ: Մարդիկ տեսնում են հեռուստացույցով, հավանում, ցանկանում նմանվել ինչ-որ մեկին, ոմանց համար դա առանձնահատուկ իմաստ է ունենում, օրինակ, մարդ կա՝ եղբայր է կորցրել, նրա անունն է դաջում մարմնի վրա, կամ աղջիկը սիրահարված է եղել ինչ-որ տղայի, նրա հետ կապված հիշողություն է ունենում՝ նրա անունն է դաջում, բայց մեծամասնությունը գեղեցկության համար են անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել