Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 27,2009 00:00

Մեկ սխալը ճակատագրական եղավ

Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարը երեկ կայացած 7-րդ տուրի Արոնյան-Իվանչուկ, Անանդ-Գրիշչուկ, Դոմինգես-Վան Յուե, Ռաջաբով-Կարլսեն հանդիպումներով հատեց միջնագիծը: Նախորդ տուրում կենտրոնականը առաջատարներ Լեւոն Արոնյանի եւ Ալեքսանդր Գրիշչուկի դիմակայությունն էր: Այդ պարտիան «ChessPro.ru»-ով մեկնաբանող գրոսմայստեր Մաքսիմ Նոտկինը գրում է, որ հայաստանցի գրոսմայստերը, շնորհիվ խաղասկզբում կիրառած հետաքրքիր նորույթի, ժամանակի առումով հսկայական առավելություն ստացավ: Եվ, իրոք, եղավ մի պահ, երբ Արոնյանը մոտ մեկ ժամ ավելի ուներ իր հետագա քայլերը կատարելու համար: Սակայն նա, նույն Նոտկինի խոսքերով ասած, չափից ավելի լավատեսորեն էր տրամադրված, քան խաղատախտակի վրա իրական դրությունն էր: Եվ արդյունքը եղավ այն, որ հայաստանցին 38-րդ քայլում կոպիտ սխալ թույլ տվեց, որը, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, ճակատագրական եղավ եւ Լեւոնը պարտվեց:

Նույն օրը Մագնուս Կարլսենը սպիտակներով առավելության հասավ աշխարհի չեմպիոն Անանդի նկատմամբ, իսկ Իվանչուկ-Դոմինգես, Վան Յուե-Ռաջաբով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Վեցերորդ տուրից հետո Գրիշչուկը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, որն այսպիսի տեսք ստացավ:

1. Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)՝ 4,5 միավոր

2. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 3,5

3. Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 3,5

4. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 3,0

5. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 3,0

6. Լեյնյեր Դոմինգես (Կուբա)՝ 2,5

7. Վան Յուե (Չինաստան)՝ 2,0

8. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 2,0:

Հավանաբար, նյարդերը տեղի տվեցին

\"\"Մոսկվայում ավարտվեց շախմատի «Aeroflot Open» միջազգային ավանդական 8-րդ փառատոնը: Փառատոնի ուժեղագույնների «A1» խմբում մինչեւ եզրափակիչ տուրը հայաստանցի գրոսմայստեր Արման Փաշիկյանն ընթանում էր առջեւում: Սակայն վճռորոշ պարտիայում նրա նյարդերը տեղի տվեցին: Արմանը զիջեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Էտյեն Բակրոյին (հենց նա էլ դարձավ հաղթող) եւ 6,0 միավորով միանգամից նահանջեց 9-րդ հորիզոնական: Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը՝ 5,5 միավոր, բավարարվեց 14-րդ տեղով:

\"\"«A2» խմբում իրեն լավագույն կողմերով դրսեւորեց միջազգային վարպետ Դավիթ Պետրոսյանը: Մրցաշարի վերջին օրը նա իր վաստակած միավորների պաշարին ավելացրեց եւս կես միավոր եւ 6,5 միավորով ամփոփիչ աղյուսակում 84 մասնակիցների մեջ հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Այստեղ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը գրավեց 2-րդ տեղը:

Երեկ, «Aeroflot Open»-ի ավարտի հաջորդ օրը, Մոսկվայում մեկնարկեց արագ շախմատի աշխարհի առաջնության որակավորման մրցաշարը: 165 մասնակիցների մեջ բավականին մեծ թիվ են կազմում ինչպես հայաստանցի, այնպես էլ այլ երկրներ ներկայացնող հայ շախմատիստները: Մեր հանրապետությունից մրցաշարին մասնակցում են Զավեն Անդրիասյանը, Լեւոն Բաբուջյանը, Ավետիք Գրիգորյանը, Աղասի Ինանցը, Դավիթ Քալաշյանը, Տիգրան Քոթանջյանը, Հրանտ Մելքումյանը, Արա Մինասյանը, Արտաշես Մինասյանը, Առնոլդ Մինասյանը, Արման Փաշիկյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռաֆայել Վահանյանը, ինչպես նաեւ Յուրի Հայրապետյանը՝ Ուկրաինայից, Վարուժան Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը, երկուսն էլ՝ ԱՄՆ-ից:

Էլինան նախընտրել է «Գրան Պրին»

Մարտի 2-21-ը Ստամբուլում կայանալու է կանանց «Masters» երկրորդ մրցաշարը, որը միեւնույն ժամանակ լինելու է ՖԻԴԵ-ի հովանու ներքո առաջին անգամ անցկացվող կանանց «Գրան Պրիի» անդրանիկ փուլը: Ստամբուլում հանդես են գալու ժամանակակից կանանց շախմատի մի ամբողջ շարք առաջատար գրոսմայստերներ, որոնց մեջ է նաեւ մեր Էլինա Դանիելյանը: Շախմատային որոշ կայքեր, անդրադառնալով Թուրքիայի մրցաշարին, ցավով նշում են, որ այն ժամկետներով համընկնում է մարտի 7-21-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, հետեւաբար՝ բացասաբար կանդրադառնա վերջինի մարզական մակարդակի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել