Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՄԱՆ «ՇՌԱՅԼՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

Փետրվար 27,2009 00:00

\"\"Ասում է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը

Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կկայանան սիրողական բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ հանդիպումները:

Նախնական մրցափուլերից սկսած՝ առանձին քաշային կարգերում հանրապետության չեմպիոնի կոչմանն արժանանալու համար պայքարի մեջ ներգրավվել էին գրեթե բոլոր մարզերի 150 մարզիկներ: Մասսայականության այս փաստն արդեն ուրախացնում է, քանի որ ոչ վաղ անցյալում, որքան հիշում ենք, Հայաստանի առաջնություններին մասնակցելու հայտեր շատ քիչ էին ստացվում: Մինչդեռ, կրկին մեր տվյալներով, կազմակերպիչներն այս անգամ հարկադրված են եղել ընտրություն կատարել՝ շատերին մերժելով: Եվ պատճառը եղել է մասնակցել ցանկացողների արդեն ոչ բավարար պատրաստվածության աստիճանը:

Երեկ «Դինամոյում» կիսաեզրափակիչի հանդիպումներն էին, եւ «Առավոտը» զրուցեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի հետ:

– Սովորաբար, մրցաշրջանի առաջին լուրջ մրցումը, այն էլ՝ հանրապետական մակարդակի, ոչ միայն ցույց է տալիս, թե տվյալ մարզաձեւի մասնագետները նախորդ տարվա վերջին եւ դրանից հետո ինչպես են աշխատել, այլեւ պատասխանատու մասնագետներին իրավիճակը վերլուծելու եւ ապագան հնարավորին չափ կանխատեսելու հնարավորություն է ընձեռում: Դուք, որպես երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, ի՞նչ կասեք:

– Մարզիկների պատրաստվածության արդյունքն ընդհանուր առմամբ ինձ բավարարում է: Ինձ համար առաջնայինը ընտրություն կատարելու հնարավորությունն է: Իսկ դա հնարավոր է միայն մասսայականության շնորհիվ: Խնդիր, որը հատկապես վերջին շրջանում կարգավորվում է: Այսօր ռինգում տեսնում ենք հանրապետության գրեթե բոլոր մարզերի ներկայացուցիչներին: Ճիշտ է, նրանցից շատերի վարպետության աստիճանը դեռ հեռու է միջազգային ստանդարտներից, բայց այն, որ նրանք արդեն ընտրությամբ Հայաստանի առաջնությանը մասնակցելու թույլտվություն են ստացել, արդեն ինչ-որ բան ասում է:

Կիսաեզրափակիչ հասած բռնցքամարտիկների պատրաստվածության աստիճանն ընդհանուր առմամբ բավարար է: Ունենք քաշային կարգեր, օրինակ՝ 51, 54, 57, 60, 91, գերծանր քաշայինները, որոնցում մի քանի հոգի հավասար ուժեր ունեն: Նրանք իրենց ցուցադրել են նաեւ միջազգային մրցաշարերում:

– Առաջնության արդյունքներով ընտրելու եք ամենաարժանավորներին: Շարունակությունն ի՞նչ է լինելու:

– Մարտի 7-ին ուսումնամարզական հավաքի կմեկնենք Ծաղկաձոր: Հետո կիջնենք Աբովյան, որից հետո կմեկնենք Մոսկվայի մոտակայքում գտնվող Նոգինսկ քաղաք՝ մասնակցելու միջազգային խոշոր մրցաշարի: Միայն այդ ժամանակ կընտրենք այն տղաներին, ում կուղարկենք Լեհաստան՝ օգոստոսի 16-ին մեկնարկող Եվրոպայի առաջնություն:

– Որքան հասկացանք, այս տարվա գլխավոր ստուգատեսը Եվրոպայի առաջնությո՞ւնն է:

– Պաշտոնապես՝ այո: Բայց այսուհետեւ, նկատի ունեմ մեր ֆեդերացիայի նոր ղեկավարության պահանջը, իմիջիայլոց ոչ մի մրցում չի լինելու:

– Իսկ այդպիսիք շա՞տ են նախատեսված:

– Դա հարաբերական է ու անմիջականորեն կապված է համապատասխան կադրերի առկայության հետ: Հիմա, իմ համոզմամբ, մեծ ճանապարհի սկիզբն է դրվում: Միանգամից արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ: Իսկական ցուցանիշները ի հայտ կգան քիչ ավելի ուշ: Ուզում եմ ասել, որ թե՛ մինչեւ Եվրոպայի առաջնությունը, թե՛ դրանից հետո ծրագրվել է մասնակցել մի շարք միջազգային մրցումների: Նման «շռայլության» հնարավորություն մենք դեռ չենք ունեցել: Սա մեր մարզաձեւն անվերապահորեն տանելու է դեպի նոր բարձունքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել