Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցիները՝ ԱԺ-ի այգու ցանկապատը հանելու մասին

Փետրվար 27,2009 00:00

\"\"«Առավոտի» հարցախույզը՝ այս թեմայով

Վերջին շաբաթների ընթացքում ամենաքննարկվող թեմաներից էր ՀՀ Ազգային ժողովի այգու ցանկապատի ճակատագիրը: Մի այգու, որն ականատես է եղել այնպիսի դեպքերի, ինչպիսին էր «հոկտեմբերի 27»-ը, «ապրիլի 12»-ը եւ այլն: Հիշեցնենք, որ ցանկապատի մասին քննարկումները ծայր առան ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսից հետո: Ճարտարապետը հայտարարեց, որ, իրոք, հնարավոր է Երեւանի այդ հատվածում փոփոխություններ կատարվեն, ինչի արդյունքում կամ ցանկապատը հանվի, կամ տեղաշարժվի մի փոքր ետ: Սրանք դեռ խոսակցություններ են եւ հայտնի չէ, թե, ի վերջո, ինչ կորոշվի: Սակայն նկատենք, որ այս հարցում կարեւոր է նաեւ երեւանցիների կարծիքը, քանի որ քաղաքի «տերը», ի վերջո, այդտեղի բնակիչն է: Բայց մինչ այժմ նրանց կարծիքը ոչ ոք չի փորձել իմանալ: Ուստի՝ «Առավոտը» փոքրիկ հարցախույզ անցկացրեց երեւանցիների շրջանում, պարզելու՝ ինչպիսի՞ն կցանկանային տեսնել իրենց բնակավայրը, մասնավորապես՝ կողմ են ԱԺ-ի այգու ցանկապատի մնալո՞ւն, թե՞ վերացնելուն: Մեր կատարած հարցման արդյունքները ցույց տվեցին, որ բնակիչների մեծամասնությունը ցանկանում է, որ ՀՀ օրենսդիր մարմնի այգին «օտարված» չլինի հասարակությունից, եւ այլեւս չստեղծվի այնպիսի տպավորություն, թե այգին միայն պատգամավորներինն է:

Օրինակ, 15 տարեկան Արփինե Խաչատրյանը «Առավոտի» այն հարցին՝ ցանկանո՞ւմ է ԱԺ-ի այգին ցանկապատված տեսնել, այսպես պատասխանեց. «Շատ լավ կլինի, եթե ցանկապատը հանեն: Չէ՞ որ այգին որոշ մարդկանց սեփականությունը չէ, դրսից երեւում է, որ գեղեցիկ էլ այգի է, ուրեմն ինչո՞ւ բաց չլինի, որ քաղաքացիներն այդտեղ ուզած պահին զբոսնեն, հետաքրքիր ժամանակ անցկացնեն»:

48 տարեկան Նարինե Հովակիմյանը որոշ վերապահումով է վերաբերվում այգու ցանկապատի վերացմանը. «Իհարկե, ցանկալի է, որ այգին ցանկապատված չլինի: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ բա որ հանկարծ մյուս զբոսայգիների օրն ընկնի՞, սկսեն աղտոտել այն»:

55 տարեկան Ռոբերտ Հունանյանն էլ է մոտավորապես նույնկերպ մտածում. «Մենք՝ հայերս, դեռ չենք հասել այն գիտակցության, որ կարողանանք մաքուր պահել մեր երկիրը, քաղաքն ու տունը: Վախենամ՝ նույն ճակատագրին արժանանա այդ այգին եւս»:

28 տարեկան Արամ Հարությունյանը նշեց. «Ցանկապատ երեւույթն արդեն տհաճ բան է: Այն պատնեշում է հարաբերությունները: Ազգային ժողովի ցանկապատն այսօր մեզանում միայն ցանկապատ չի ընկալվում, այն կարծես խոսուն վկայություն լինի այն բանի, որ իշխանության եւ ժողովրդի միջեւ անջրպետ կա»:

19 տարեկան Նարինե Միքայելյանն էլ ուշադրություն է դարձնում երեւույթների գեղագիտական կողմին. «Լավ կլինի, որ ցանկապատը հանեն, վերջապես այգին անցորդներին եւ այցելուներին կերեւա իր ողջ գեղեցկությամբ: Թե չէ այժմ այնպիսի տպավորություն է՝ կարծես այն թաքնված դրախտ լինի, որտեղ մուտքը միշտ արգելված է»:

Նշենք նաեւ, որ միջին տարիքի մեր զրուցակիցների մեծամասնությունը «նոստալգիա» էր ապրում, երբ սկսում էր խոսել, այսպես կոչված, «ցեկայի» այգու մասին, հիշում այնտեղ անցկացրած երջանիկ պահերը, դրա հետ կապված պատմություններ: Իսկ քանի դեռ այգին ցանկապատված է, հիշողություններում այն կմնա՝ որպես ճաղերի ետեւից երեւանյան անցուդարձին հետեւող բանտարկված գեղեցկուհի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել