Բազմաթիվ ոտնահարումներ
2008 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ են թույլ տվել, հատկապես՝ կապված նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած ցույցերի ճնշման հետ: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասված է մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2008 թվականի զեկույցում, որը երեկ է հրապարակվել: «Իշխանությունները քաղաքացիներին թույլ չեն տվել իրացնել կառավարությունը ազատորեն փոխելու իրենց իրավունքը, եւ քաղաքացիները իրենց քաղաքական գործունեության համար ենթարկվել են ձերբակալությունների, կալանքի եւ բանտարկության: Իշխանությունները ուժ են գործադրել, երբեմն՝ մահացու ելքով, քաղաքական ցույցերը ցրելու համար: Իշխանությունները կիրառել են հետապնդումներ եւ դիմել են բյուրոկրատական միջոցների՝ քաղաքական ընդդիմախոսներին ահաբեկելու եւ նրանցից վրեժխնդիր լինելու համար: Ոստիկանությունը ծեծի է ենթարկել նախնական կալանքի տակ գտնվողներին եւ որոշ դեպքերում նորմալ գործընթաց չի ապահովել: Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը գործել են անպատիժ»,- ասված է, մասնավորապես, զեկույցում: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նշում է, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները երկրում անցել են էական թերություններով. «Խնդիրների թվում էին կառավարության թեկնածուի նկատմամբ շահեկան վերաբերմունքը, քվեատուփերի լցոնումների դեպքերը, ընտրակաշառքը, բազմակի քվեարկությունը, ընտրողների ահաբեկումը, ընտրական հանձնաժողովների անդամների եւ կուսակցությունների վստահված անձանց դեմ բռնությունները, ընտրական նպատակներով հանրային ռեսուրսների չարաշահումը»: Խոսքի եւ մամուլի ազատություն» բաժնում Պետդեպարտամենտը արձանագրում է. «Մարտի 1-ին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներից հետո կառավարությունը գրաքննություն մտցրեց եւ արգելեց խոսքի ազատությունը մինչեւ մարտի 21-ը շարունակված արտակարգ դրության ամբողջ ընթացքում»:
Բանգլադեշում ապստամբել են սահմանապահները
Բանգլադեշի իշխանությունները երեկ հաստատեցին, որ 2 օրվա ընթացքում երկրի մայրաքաղաք Դաքայում բռնկված սահմանապահների ապստամբության արդյունքում մահացել է 77 հոգի, որից 67-ը բանակի եւ սահմանապահների հրամանատարության ներկայացուցիչներ են: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Ավելի վաղ իշխանությունները պաշտոնապես հաստատում էին միայն 3 քաղաքացիական անձի՝ պատահական անցորդների մահը: Չորեքշաբթի օրը «բանգլադեշյան հրաձիգները» (այդպես են կոչվում սահմանապահները) գրավել էին սահմանապահ զորքերի շտաբը՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Այնուհետեւ իշխանություններին կարծես թե հաջողվել է համաձայնության գալ ապստամբների հետ՝ լիակատար համաներման դիմաց: Սակայն, ըստ երեւույթին, սահմանապահները չեն հանձնել իրենց ողջ զենքը եւ երեկ Դաքայում նորից սկսվեցին փոխհրաձգությունները: Սահմանապահների շտաբին են մոտեցվել Բանգլադեշի բանակի տանկերն ու զրահատեխնիկան: Երկրի վարչապետ Շեյխ Հասինան հայտարարել է, որ եթե ապստամբները ամբողջապես չզինաթափվեն, նրանց դեմ կիրառվելու են կարծր միջոցներ: Այդ հայտարարության հեռարձակման ընթացքում ապստամբները շարունակում էին հանձնել զենքը: Ապստամբության պատճառով Բանգլադեշում ամբողջությամբ անջատվել է բջջային կապը: Երեկվա ընթացքում ապստամբներն ազատ են արձակել որպես պատանդ պահված ավելի քան 10 կանանց:
Ձերբակալվել է 750 թմրաբիզնեսմեն
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ավարտել են պատմության մեջ ամենախոշոր օպերացիան՝ Մեքսիկայի հզորագույն թմրաբիզնեսներից մեկի դեմ: Ըստ The New York Times-ի, օպերացիան տեւել է մոտ 2 տարի, եւ դրա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 750 հանցագործ: Իրավապահների գործողությունների վերջին փուլն անց է կացվել փետրվարի 24-ին եւ 25-ին՝ Կալիֆոռնիա, Մերիլենդ եւ Մինեսոտա նահանգներում, եւ ձերբակալվել է ավելի քան 50 հոգի:
Թմրակարտելը, որի կենտրոնը գտնվում է Մեքսիկայի հյուսիս-արեւմուտքում, վաղուց է ամերիկյան իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ԱՄՆ իրավապահները մտահոգված էին հարեւան երկրում բռնությունների աճով, որը կապված էր նարկոբիզնեսմենների եւ իշխանությունների բախումների, ինչպես նաեւ ներքին հակամարտությունների հետ: 2008 թվականին այդ հակամարտությունների ժամանակ զոհվել է ավելի քան 6 հազար հոգի: Կարտելը ակտիվ գործողություն էր ծավալում նաեւ ԱՄՆ տարածքում, քանի որ հարեւան երկիրը թմրանյութի հիմնական շուկան էր: 21 ամիս տեւող օպերացիայի ընթացքում առգրավվել է 13 տոննա կոկաին, 8 տոննա մարիխուանա, ավելի քան $59 միլիոն՝ կանխիկ, 149 ավտոմեքենա, 3 ինքնաթիռ եւ 169 միավոր զենք:
Ի դեպ, ինչպես հայտնում է թերթը, երեկ սկսվել է ԱՄՆ-ում գտնվող զենքի խանութի տիրոջ՝ Ջորջ Իխադոսյանի նկատմամբ դատավարությունը: Նա 2 տարվա ընթացքում զենք էր մատակարարում (հիմնականում՝ «Կալաշնիկով» ավտոմատներ) մեքսիկացի թմրաբիզնեսմեններին: