Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար լեզուների ուսուցումը՝ հարցականի տակ

Փետրվար 27,2009 00:00

Մասնագետները դժգոհում են ՀՀ հանրակրթական դպրոցներում այս ոլորտում տիրող անմխիթար վիճակից

Երեկ ԵՊՀ-ում մեկնարկեց «Օտար լեզուներ եւ գրականություն (տեսություն եւ պրակտիկա)» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված այս գիտաժողովը, որի նպատակն էր ընդհանրացնել լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, գրականագիտության եւ լեզվամշակութաբանության բնագավառում գոյություն ունեցող տարբեր ուղղություններ, նվիրված է ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին: Գիտական հավաքին մասնակցում էին մասնագետներ ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան բուհերից, մասնավորապես ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Վրաստանից: Ողջույնի խոսքերից եւ որոշ զեկուցումներից հետո մասնակիցները բաժանվեցին խմբերի եւ լեզվաբանական տարբեր խնդիրներ քննարկեցին արդեն ավելի նեղ մասնագիտական շրջանակներում:

Հաճախ զեկուցումների թեմաները դուրս էին գալիս զուտ լեզվաբանական շրջանակներից, օրինակ՝ քննվեցին Հայկական տեղանունների բառաքերականական յուրահատկությունները, մանկական գրականությանը վերաբերող հարցեր: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ գիտաժողովը չպետք է սահմանափակվի զուտ գիտական շրջանակներով. «Նման գիտաժողովները պիտի նաեւ ուղղված լինեն հանրակրթական դպրոցներում օտար լեզուների ուսուցման մակարդակի բարձրացմանը: Ցավոք, օտար լեզուների դասավանդումն այսօր դպրոցներում դրված է մեծ հարցականի տակ, վկա՝ այն ուսանողական համակազմը, որ գալիս է բուհ սովորելու, վկա՝ այն ուսուցիչների մասնագիտական մակարդակը, որ դասավանդում են դպրոցներում: Հատկապես մարզերում հաճախ օտար լեզվի ուսուցիչներ չկան, այդ գործով զբաղվում են ընդամենը միջնակարգ կրթություն ունեցող ուսուցիչներ, ինչն անթույլատրելի է»: ԵՊՀ պրոֆեսոր Յուրի Գաբրիելյանն էլ փաստեց, որ օտար լեզուների դասավանդման պարագայում, երբ ուսուցչակենտրոն համակարգից անցում է կատարվել աշակերտակենտրոնի՝ ավանդական մոտեցումների ժամանակն արդեն անցել է: Պրոֆեսորը մանրամասնեց. «Եթե նախկինում՝ խորհրդային ժամանակաշրջանում, օտար լեզուների դասավանդմանը վերաբերող հարցեր ցուցումների կարգով ստանում էինք կենտրոնից, ապա մեր երկրի անկախանալուց հետո ստիպված ենք ինքնուրույն հաղթահարել այդ դժվարությունները»: Պարոն Գաբրիելյանը խոսեց նաեւ մեկ այլ լեզվաբանական միտումի մասին. «Լեզվաբանական գիտությունն այսօր ավելի սերտ է առնչվում այլ գիտակարգերին, մասնավորապես բնական գիտություններին: Օրինակ՝ ստեղծվել է մաթեմատիկական, կենսաբանական, նեյրոլեզվաբանություն»:

Մինչ լեզվաբանները Չարենցի անվան դահլիճում քննում էին լեզվին եւ դրա ուսումնասիրությանը վերաբերող արդի հիմնախնդիրները, մի խումբ մանուկներ Մայր բուհի բակում իրենց երեւակայություններն ու երազանքներն էին «հանձնում» ասֆալտին: Նրանց կավճանկարներում պետհամալսարանն էր՝ իր գլխավոր մասնաշենքով, արեւ եւ մանկական հույզեր: «Ես սովորելու եմ Երեւանի պետական համալսարանում»՝ նկարները հաճախ այսպիսի մակագրություններով էին զուգորդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել