Լրահոս
Օրվա լրահոսը

13 ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԵՑԻՆ

Փետրվար 27,2009 00:00

\"\"Այդ բուհերը պատրաստվում են դիմել դատարան եւ անգամ հասնել Ստրասբուրգ

Գորիսի օտար լեզուների «Կարին» ինստիտուտում ուսանում է 14 ուսանող, բուհը վարձակալում է տարածք, բայց այդ վարձակալությունը նոտարով հաստատված չէ եւ պետական (կադաստրային) գրանցում չունի: Բուհում դասավանդում է հինգ դասախոս, որոնցից միայն մեկն է հաստիքային, եւ այդ հինգից միայն մեկը գիտական կոչում ունի: Այնինչ կարգը պահանջում է, որ աշխատողների առնվազն 50%-ը գրանցված լինի հաստիքացուցակում եւ առնվազն 50%-ը ունենա գիտական աստիճան կամ կոչում:

Չնայած դրան, Գորիսի «Կարին» ինստիտուտի ռեկտորը պնդում էր, որ մարզի դպրոցների օտար լեզուների մասնագետների կարիքը 80%-ով փակում է իր բուհը, եւ ընդհանրապես, «այն ծանր ու վատ տարիներին բացված» այս հաստատությունը որ չլիներ, երեւի հիմա ոչ Գորիսը լիներ, ոչ էլ Հայաստանը….

Երեկ ԿԳՆ–ում կայացավ «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստը, որի օրակարգում էր 13 մասնավոր բուհերի լիցենզիայի գործողությունը կասեցնելու հարցը: Նիստն անցնում էր հետեւյալ ընթացակարգով. հերթով ներս էին հրավիրվում կասեցման «թեկնածու» բուհերի ներկայացուցիչները, որոնք հիմնականում ներկայացված էին ռեկտորի մակարդակով, ապա խոսքը տրվում էր հանձնաժողովի անդամ, «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության մասնագիտական կրթական ծրագրերի պետ Հայկ Պետրոսյանին, որը ներկայացնում էր այն խախտումները, այն հիմքերը, որով տվյալ բուհը արժանի էր համարվում լիցենզիայից զրկվելու, ապա ձայնը տրվում էր բուհի ներկայացուցչին, որը պատմում էր, թե ինչպես են վերացրել խախտումները, հետո նրան հարցեր էին տալիս հանձնաժողովի անդամներն ու ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից պարոն Աբրահամյանը, որից հետո ռեկտորն (ու շատ դեպքերում՝ նրա շքախումբը) դուրս էին հրավիրվում: Ժամը 14-ից սկսված նիստն ընդմիջվեց 18-ին, երբ լսվեցին բոլոր բուհերին վերաբերող հարցերը: Ապա լրագրողներին նույնպես դահլիճից դուրս հրավիրեցին եւ մնացին միայն հանձնաժողովն ու պարոն Աբրահամյանը, որն, ի դեպ, իր հերթին էր մասնավոր բուհերում անցկացրել ուսումնասիրություններ եւ, ինչպես պարզվեց ընթացքում, լիցենզավորման վարչության աշխատակիցներից ավելի աչալուրջ էր եղել: Այս առիթով որոշակի անհամաձայնություններ էին նկատվում նախագահի վերահսկողականի եւ ԿԳ լիցենզավորման եւ հավատարմագրման գործակալության միջեւ: Ի դեպ, մեզ հասած որոշ լուրերով, նախագահի վերահսկողականը երկար ժամանակ է, որ նստած է այս գործակալությունում եւ ստուգում է ոչ միայն մասնավոր բուհերի, այլեւ հենց լիցենզավորող մարմնի գործունեությունը:

Ուղիղ 1,5 ժամ քննարկելուց հետո, 19.30-ին, հայտարարվեցին արդյունքները: Ինչպես եւ սպասվում էր, «պլաստացող» բուհ չեղավ: Բոլորի լիցենզիաներն էլ կասեցվեցին: Ճիշտ է, մի մասինը՝ միայն մի քանի մասնագիտությունների գծով: Մինչ հանձնաժողովի նախագահ, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը կհայտարարեր իր որոշման մասին, միջանցքում հավաքված «կասեցվողները» դժգոհում էին եւ խոսում անպայմանորեն դատարան դիմելու մասին: Նրանք բերում էին իրենց հակափաստարկները, թե ինչու չպիտի փակվեն: Ասենք այն, որ իրենց վարձավճարներն անհամեմատ ցածր են, քան պետական բուհերինը, եւ ոչ ունեւոր երեխաները դիմում են իրենց: Ապա՝ այս ֆինանսատնտեսական պայմաններում չի կարելի այդքան աշխատողի գործազուրկ դարձնել: Ի՞նչ է լինելու այն երեխաների ճակատագիրը, որոնք հիմա սովորում են ավարտական կուրսերում: Ինչո՞ւ են նման կոպիտ ձեւով լուծում այս հարցը եւ չեն թողնում, որ շուկան ինքը կարգավորվի, չէ՞ որ ի վերջո՝ մեծ ձկները կուտեն փոքրերին: Ի դեպ, մեծ ձկների մասին՝ ըստ դժգոհ ռեկտորների, այս ամենի պատճառներից մեկն էլ այն է, որ Լիցենզավորող գործակալության պետ Մհեր Մակիչյանի հայրը՝ Բորիս Մակիչյանը, Հյուսիսային համալսարանի ռեկտորն է, եւ եթե այս 13 համալսարաններից ուսանողներին տեղափոխեն այլ բուհեր, առաջինը նրանց վրա թաթը կգցի հենց Մակիչյանը: Հիշեցնենք, որ լիցենզիաների կասեցման արդյունքում 1100 ուսանող մեկ ամսվա ընթացքում պետք է տեղափոխվի իր նախընտրած այլ բուհ: Եվ վերջապես, ռեկտորները դժգոհ էին, որ իրենց այս նիստում նվաստացրեցին՝ «կարծես քննություն հանձնեինք, այնպես էին խաչաձեւ հարցաքննում, մարդ շփոթվում էր, չէր իմանում՝ ինչ պատասխաներ»…

Սակայն վերադառնանք մեր տարաբախտ 13-ին: «Ագրոբիզնեսի եւ մենեջմենթի ակադեմիան» 78 ուսանող ունի, բայց ընդամենը՝ 270 քմ վարձակալած տարածք, որը կրկին պետականորեն գրանցված չէ: 21 դասախոսներից ընդամենը 2-ն են հաստիքային աշխատող եւ ընդամենը 7-ը ունեն գիտական կոչում կամ աստիճան: Այս «ակադեմիան» իրականացնում է միայն հեռակա ուսուցում՝ չորս մասնագիտություններով: Միայն հեռակա ուսուցում է իրականացնում նաեւ «Կառավարման եւ կրթության զարգացման համալսարանը»՝ յոթ մասնագիտությունների գծով, սակայն ինչպես համալսարանը, այնպես էլ մասնագիտություններից որեւէ մեկը հավատարմագրված չէ: Ի դեպ, հիմնականում այս տասներեք բուհերն այդ վիճակում էին՝ նրանցից քչերն էին հավատարմագրված կամ ունեին հավատարմագրված մասնագիտություններ: «Կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի» ռեկտոր Վաղարշակ Մադոյանն ասաց, որ իր բուհն անցել է հիմնականում հեռակա ուսուցման, քանի որ ինքը որոշել է գիտական գործունեությամբ զբաղվել եւ ժամանակ չունի առկա (ստացիոնար) ուսուցում մատուցելու իր սաներին, որոնք այդ բուհում սովորում են տարեկան ընդամենը 75 հազար դրամ վարձավճարով: Այս բուհի իրավաբան ուսանողներին հինգ մասնագիտական առարկա դասավանդում է անձամբ ռեկտորը:

Մշակութային համալսարանի նկատմամբ հանձնաժողովը մի քիչ բարի էր, կասեցրեց միայն «օտար լեզու եւ գրականություն» մասնագիտության լիցենզիան: Հավանաբար, այդ բարության պատճառը Մշակույթի համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի «կաշառքն» էր. նրանք հանձնաժողովին նվիրեցին իրենց բուհի սաների CD-ները: Այդ սաները ինչ-որ հեռուստատեսային նախագծերում «փայլել են»: Տիկնայք նաեւ նկարագրեցին, թե ինչ «ինքնատիպ կրթօջախ» է իրենց բուհը, եւ ինչպես են իրենք մի նոր էջ բացում Հայաստանի մշակութային կյանքում… Ձեռնունայն չէր եկել նաեւ Ֆիրդուսի համալսարանի ռեկտոր Հարոյանը: Նրա ձեռքին լուսանկարների ալբոմ եւ մի տեսաերիզ էր: Սակայն հանձնաժողովը որոշեց չնայել ալբոմն ու տեսաֆիլմը, այլ հիմնվել միայն փաստերի վրա. «Ֆիրդուսի» համալսարանը կրթական գործունեություն է իրականացնում 11 ուսանողով, 80 քմ տարածքում: Ընդ որում, այն շենքի վրա, որտեղ գործում է «համալսարանը», գրված է, ոչ ավել, ոչ պակաս՝ «ԿԳ նախարարության «Ֆիրդուսի» համալսարան»: «Օրբելու անվան համալսարանի» ռեկտորը հայտարարեց, որ իրենց կերպարվեստի բաժինը փակեցին, եւ այդ բաժնի երրորդ կուրսեցիները սեփական կամքով տեղափոխվեցին այլ բաժիններ: Հետո պարզվեց, որ կերպարվեստ ասելով նա նկատի ուներ դիզայնի բաժինը: Այս համալսարանի ռեկտորն ասաց, որ նախնական պայմանավորվածություն ունի մի քանի այլ՝ «բախտակից» բուհերի ռեկտորների հետ՝ միավորվելու: Սակայն բանը հավանաբար չհասնի դրան, քանի որ թե ինքը, թե բախտակիցները կզրկվեն լիցենզիայից: «Ռոսլին» համալսարանում միայն դիզայն մասնագիտությունն է դասավանդվում: Այս բուհի պատասխանատուներն էլ սկսեցին բացատրել, թե ինչ յուրահատուկ մասնագիտություն է դիզայնը, ինչ բարդ եւ ինքնատիպ… Չազդեց: Կասեցվեց:

«Երեւանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարանի» ռեկտոր Առնոս Հովհաննիսյանն ամենակրքոտն էր: Նա պնդում էր, որ իրեն չեն տեղեկացրել, թե ինչ թերություններ են հայտնաբերել, չեն զգուշացրել թերությունները շտկելու մասին, եւ երբ լիցենզավորման գործակալությունից պնդեցին, որ իրեն էլ, ինչպես մյուսներին, տեղեկացրել են, պարոն Հովհաննիսյանը սկսեց բղավել՝ «սուտ եք ասում, սուտասաններ», հետո պնդում էր, որ «անձնական շահագործման օբյեկտ» ունեցողն իրավունք չուներ փորձաքննություն անցկացնելու: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում էր Մ. Մակիչյանին: Այստեղ իրեն կորցրեց Մ. Մակիչյանը եւ «դուրս արի, խոսանք» ու այլ կարգի արտահայտություններով սպառնում էր իրենից մի քսան տարով մեծ մարդուն: Ճիշտ է, Արա Ավետիսյանը շատ արագ հարթեց միջադեպը, բայց ավելի ուշ պարոն Հովհաննիսյանը դժգոհում էր, թե ինչու են իրեն լիցենզիա տրամադրել, եթե այդքան վատ վիճակում էր: Եվ եթե այն ժամանակ տրամադրել են, ի՞նչն է պատճառը, որ հիմա կասեցնում են… Իսկ ինչ վերաբերում է նրան, որ պետականորեն գրանցված տարածք չունի, ապա՝ ի՞նչ է եղել որ, կարող է իր համալսարանը գրանցել հայրենի գյուղի՝ Գեղադիրի հայրական երկհարկանի առանձնատանը…

Զուտ լրագրական տարածքի պատճառով չենք ներկայացնում մյուս, ոչ պակաս հետաքրքիր բուհերի պատմությունը: Նշենք միայն «Երեւան» համալսարանի մասին, որը դահլիճ մտնելուն պես հայտարարեց, որ մասնաճյուղ ունի Ղարաբաղում: Բայց դա էլ չօգնեց….

Հ. Գ. Երբ պարոն Ավետիսյանը հայտարարում էր արդյունքները, բողոքող ռեկտորներն աղմկում էին, ասում էին, որ դատի են տալու եւ մեղադրում էին նրան՝ իրենց վերեւից նայելու մեջ: Նկատենք, որ զուտ օբյեկտիվորեն ԿԳ փոխնախարարն ուղղակի չէր կարող ներկաներից որեւէ մեկին այլ դիրքից նայել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել