Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ԱՆՏԵՍԵԼ Է

Փետրվար 27,2009 00:00

\"\"Հայրենիք վերադարձող գործազուրկ «խոպանչիներին» աշխատանքով ապահովելու համար՝ հայրենի կառավարության հակաճգնաժամային ծրագրում ոչ մի տող չկա:

Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի հարվածներից մեկն էլ լինելու է հազարավոր հայ աշխատանքային միգրանտների վերադարձը հայրենիք: Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն հրահանգը, որ տեղի գործատուներն առաջին հերթին պետք է աշխատանքով ապահովեն ռուսներին, ապա պարզ է դառնում, որ ոչ միայն կսահմանափակվի հազարավոր հայ միգրանտների մուտքը Ռուսաստան, այլ նաեւ նրանցից շատերը ստիպված կլինեն ընդմիշտ վերադառնալ: Սակայն պարզվում է, որ մեր պետությունը նրանց այնքան էլ գրկաբաց չի ընդունի: Համենայնդեպս, կառավարությունը իր հակաճգնաժամային ծրագրերում միգրանտների համար որեւէ կոնկրետ բան չի նախատեսել: Այսինքն, պարզ չէ, թե հայրենիք վերադարձած հազարավոր «խոպանչիները» ինչով պետք է զբաղվեն: Հաշվի առնելով այն, որ այսօր Հայաստանում մի շարք ոլորտներ, սկսած շինարարությունից մինչեւ հանքարդյունաբերություն, անկում են ապրում, ապա, թերեւս, «խոպանչիները» կհամալրեն մեր երկրի գործազուրկների շարքերը:

«Առավոտը» փորձեց կառավարությունից պարզել, թե այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, եւ թե ինչո՞ւ միգրանտների վերաբերյալ հրատապ խնդիրը ճգնաժամի դեմ պայքարի ծրագրում մոռացության է տրվել: Մեր հարցին ի պատասխան, կառավարության լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Հայրենիք վերադարձած հայ միգրանտներին օգնելու համար հատուկ ծրագիր չի նախատեսվել, սակայն հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնություն է հատկացվելու գործարար միջավայրի բարելավմանն ու աջակցություն է ցուցաբերվելու տեղական արտադրողներին: Իսկ որոշակի ծրագրեր ուղղված են նոր աշխատատեղերի բացմանը: Օրինակ՝ «ՎԿՍ Արմենիա» ընկերությանը որոշվել է աջակցել, որովհետեւ այն նախատեսում է մի շարք մարզերում բացել կարի արտադրամասեր եւ ապահովել 10 հազար նոր աշխատատեղ: Իսկ «Թամարա Ֆրութ»-ին եւ մի քանի գյուղացիական տնտեսություններին աջակցությունը կնպաստի ինչպես գյուղատնտեսության ոլորտում աշխատատեղերի ստեղծմանը, այնպես էլ օրգանական գյուղմթերքների արտադրության ու վերամշակման խթանմանը: Ըստ օպերատիվ շտաբ ստացված բիզնես- նախագծերի, ակնկալվում է, որ առաջիկայում կլինեն նմանատիպ աջակցության նոր ծրագրեր»: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ստեղծվելիք նոր աշխատատեղերում կարող են ընդգրկվել ինչպես Հայաստանի բնակիչները, այնպես էլ մեր այն հայրենակիցները, ովքեր ֆինանսական ճգնաժամի հետեւանքով հնարավոր է վերադառնան Հայաստան: Ահա այն ամենը, ինչ կառավարությունը նախատեսել է մի քանի հարյուր հազար «խոպանչիների» համար:

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, միայն Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թիվը հասնում է մոտ 600 հազարի: Անգամ եթե նրանց 1/3-րդն էլ վերադառնա Հայաստան, ապա պարզ է, որ մեր կառավարությանը իսկական անակնկալ է սպասվում, քանի որ 10 հազար աշխատատեղ բացելու համար գումար տրամադրելով՝ խնդիրը չի լուծվում: Բացի այդ, հայ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը արտերկրում աշխատում է ոչ թե կարի կամ պահածոյացման արտադրամասերում, այլ շինարարության, կահույքագործության եւ սպասարկման ոլորտներում:

Մասնագետների կարծիքով, գարնան կեսերից արդեն ստույգ պարզ կլինի, թե որքան հուսախաբ հայեր կվերադառնան հայրենիք: ՀՀ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը «Առավոտին» փոխանցեց, որ ճգնաժամի հետեւանքները ի հայտ կգան ապրիլ ամսվանից սկսած. «Քանի որ մեր հայրենակիցների մեծ մասը հիմնականում աշխատում է շինարարության ոլորտում, ապա հենց այդ սեզոնի աշխատանքները սկսեն՝ նոր պարզ կլինի իրավիճակը»:

Չնայած մեզ հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը առաջարկեց միգրանտներին աջակցելու իր մեթոդը, սակայն ինքն էլ խոստովանեց, որ այդ մեթոդը չի գործի. «Պետությունը կարող է նրանց աջակցել հանրային աշխատանքներով: Որպեսզի աշխատուժը ձեռքը ծալած չնստի, պետությունը ինքը պատվիրում է, օրինակ՝ ճանապարհների շինարարություն կամ, ասենք, ծրագրավորողների համար պատվերներ է բերում եւ այլն: Բայց դրա համար անհրաժեշտ է տնտեսական դիվանագիտություն, ինչը չկա մեզ մոտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել