Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆ Է»

Փետրվար 27,2009 00:00

\"\"Պնդելով, որ ավիատոմսերը չեն թանկացել, «Արմավիան», այնուամենայնիվ, հայտարարում է, որ կարող է «որոշակի միջոցառումներ» ձեռնարկել:

«Առավոտը» բազմաթիվ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից եւ զբոսաշրջային գործակալություններից, որ մինչեւ վերջերս Երեւանից Դուբայ ավիատոմսի արժեքը երկու ուղղությամբ սկսվում էր 80000 դրամից, սակայն փետրվարի 9-ից տոմսերը թանկացել են: Դրանց արժեքը սկսվում է 122000 դրամից, այն դեպքում, երբ աշխարհում բոլոր ուղղություններով ավիատոմսերն էժանացել են՝ պայմանավորված վառելիքի գների անկմամբ: «Առավոտին» դիմած զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ ոչ մի կերպ չեն կարողանում այս հարցի պատասխանը ստանալ ազգային ավիափոխադրող «Արմավիայից»: Շատերի համոզմամբ, «Էյր Արաբիայի» «դաշտից» դուրս գալը եւս նպաստել է, որ «Արմավիան» ինքը որոշի «խաղի կանոնները»:

Նշենք, որ Դուբայից ոչ միայն մեծ քանակությամբ ապրանք է ներկրվում Հայաստան, այլեւ մարդիկ զբոսաշրջային նպատակներով են հաճախակի մեկնում Արաբական Միացյալ Էմիրություններ, ու նման թանկացումները, բնականաբար, լուրջ խնդիրներ են ստեղծում: «Ամբողջ հարցն այն է, որ երբ զանգում ենք «Արմավիայի» կոմերցիոն բաժին, որտեղ հենց տոմսերի արժեքներով են զբաղվում, աշխատակիցները հրաժարվում են որեւէ բան մեկնաբանել, ասում են՝ ավիաընկերության տնօրինությունն այդպես է որոշել»,- նեղսրտեց գործակալություններից մեկի աշխատակիցը: Մեկ ուրիշն էլ հաշվարկեց, որ եթե առաջիկայում օդի հարկն էլ մտնի տոմսերի արժեքի մեջ, դրանք կարժենան 132000 դրամ եւ ավելի: Ի դեպ, ընկերություններից շատերը նեղված են մի հանգամանքից՝ ի՞նչ պատասխանեն իրենց այն հաճախորդներին, որոնք նախօրոք պատվիրել են տոմսերն ավելի ցածր գնով, հիմա ստիպված են ավելի շատ վճարել: Իսկ եթե նրանք Դուբայ են մեկնում ընտանիքո՞վ:

Այս հարցերը փետրվարի 20-ին գրավոր ուղարկեցինք «Արմավիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովային՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

Ն. Ավետիսովան զանազան պատճառաբանություններով հետաձգում էր իրենց ընկերության տեսակետը ներկայացնել (մեկ պատճառը Մ. Բաղդասարովի Մոսկվայում գտնվելն էր՝ Կ. Օրբելյանի ծննդյան տոնակատարությունների կապակցությամբ, մեկ էլ՝ մի ուրիշ բան): Երբ մամուլի քարտուղարին հիշեցրինք, որ, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ գործող օրենքի, պարտավոր են 5-օրյա ժամկետում պատասխանել, Ն. Ավետիսովան, չգիտես ինչ հիմքով, սպառնաց դատի տալ, հետո պոռթկաց. «Եթե ամեն ինչ օրենքով լիներ, օրինաց երկիր կդառնայինք» ու անջատեց հեռախոսը: Ավելի ուշ, երբ բացատրեցինք, որ եթե անգամ ընկերության ղեկավարը բացակայում է քաղաքից, ինչը կարող է երկարաժամկետ լինել, մամուլի քարտուղարն ու լրատվական ծառայությունը նրա համար են, որ գրագետ պարզաբանումներ ներկայացնեն լրատվամիջոցին, նա համաձայնեց ուղարկել «Արմավիայի» պարզաբանումները: Դրանք տպագրում ենք առանց խմբագրման. «Արմավիա» Ավիաընկերությունը ավիատոմսերի արժեքը չի թանկացրել, չի թանկանում եւ ոչ էլ մոտ ապագայում կթանկանա, ընդհակառակը, հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 23-ը «Արմավիա» Ավիաընկերությունում գործում էր 20%-յա զեղչ 20 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց եւ բոլոր նրանց համար, ովքեր զինվորական ծառայություն են անցել: Իսկ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը կանանց համար բոլոր ուղղություններով գործում է 25% զեղչ: Զբոսաշրջային որեւէ ընկերություն որեւէ մտահոգություն չի հայտնել (համենայն դեպս «Արմավիա» Ավիաընկերությանը որեւէ զբոսաշրջային ընկերություն նման հարցով չի դիմել), ավելին, որոշ զբոսաշրջային ընկերություններ իրենք են ավելացնում ավիատոմսի արժեքը: Եթե ձեզ հայտնի է որեւէ զբոսաշրջային ընկերություն, որը նման մտահոգություն է հայտնել, խնդրում ենք հաղորդեք մեզ, եւ մենք սպառիչ կպատասխանենք նրա բոլոր հարցերին: «Արմավիա» Ավիաընկերությունն ինչպես աշխատում էր, այնպես էլ շարունակում է աշխատել հայաստանյան շուկայում: «Արմավիա» Ավիաընկերությունը իր ռազմավարությունն ու քաղաքականությունը չի փոխում այս կամ այն ընկերության մուտքով կամ ելքով հայկական շուկա: Եվ եթե ընդունվում են որոշումներ կամ ձեռնարկվում որոշակի միջոցառումներ, ապա դրանք միմիայն «Արմավիա» Ավիաընկերության իրավասությունն են, որը եւ համապատասխանում է ավիափոխադրումների միջազգային շուկայում աշխատանքային փորձին»:

Հ. Գ. «Արմավիայի» լեզվական «վթարների» համար «Առավոտը» պատասխանատու չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել