Վտանգավոր բեռների տեղափոխման հարցը՝ օրակարգում
ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելու համար: Բայց գործնականում այս հոդվածը չի կիրառվում եւ ոչ թե այն պատճառով, որ վտանգավոր քիմիական նյութերի տեղափոխումն իրականացվում է անվտանգ, այլ որովհետեւ նման կանոններ չկան հաստատված:
2008 թ. մայիսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, վթար է տեղի ունեցել Երեւան-Մեղրի-Իրան միջպետական մայրուղու 152 կմ հատվածում. Թեհրանում գրանցված «Ատակ Թառամբը» ՍՊ ընկերության վարորդ Հասան Ասղազարդե Ալամդարի Ահմադին պատկանող «Վոլվո» մակնիշի THR-86495/6 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել էր Դարբ գետի մեջ: Մեքենան տեղափոխելիս է եղել կաուստիկ սոդայի հեղուկ զանգված՝ Երեւանի «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքի «Սանդբադ Տիր» ՍՊԸ-ի միջեւ կնքված առուծախի միջազգային պայմանագրի հիման վրա:
Վթարի պահին մեքենայի մեջ եղել է 23.600 կգ կաուստիկ սոդայի հեղուկ զանգված, որը արտահոսել եւ թափվել է Արփա գետին միացող Դարբ գետակի մեջ, որի հետեւանքով գետի կենդանական աշխարհին եւ ջրային ավազանին պատճառվել է ավելի քան 11 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի վարույթում դեռեւս 2008 թ. մայիսի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով՝ ջրերն աղտոտելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ վարորդը հետընթաց կատարելիս երթեւեկել է ճանապարհի աջ եզրով եւ հողը, չդիմանալով բեռի ծանրությանը, փլուզվել է, իսկ մեքենան շրջվել գետը: Վարորդի կողմից թունավոր նյութի բեռնափոխադրման ընթացքում տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման հանգամանքը պարզելու համար նախաքննության շրջանակներում նշանակվել է տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ կատարումը հանձնարարելով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Սակայն բարձրացված հարցերը մնացել են անպատասխան, փորձագետները տեղեկացրել են, որ վտանգավոր բեռների (այդ թվում՝ կաուստիկ սոդայի) ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխման եւ առաքման կարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, հետեւապես այդ հարցերին պատասխանել չեն կարող: Նախկինում վտանգավոր բեռների փոխադրման երթուղիները համաձայնեցվել են ճանապարհային ոստիկանության հետ, սակայն սկսած 11.12.2007թ.՝ գործող օրենքներով վտանգավոր բեռների փոխադրման համար թույլտվություն սահմանող նորմ այլեւս գոյություն չունի. ոլորտը կարգավորող օրենք չի ընդունվել, հետեւաբար՝ ՀՀ ոստիկանությունն այլեւս լիազորված չէ նման թույլտվություն տալու համար: Թե ինչու մինչ այժմ պատկան մարմինները՝ ի դեմս տրանսպորտի եւ կապի նախարարության, չեն փորձել կանոնակարգել վտանգավոր բեռների տեղափոխման հարցը, առավել եւս մոլիբդենի արտադրություն, «Նաիրիտ» ունենալու դեպքում եւ հարցին անդրադառնալ միայն դատախազության միջնորդագրից հետո, դժվար է ասել:
«Փաստորեն, կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքով պայթյունավտանգ, արագ բռնկվող, թունավոր եւ այլ վտանգավոր բեռների (բացառությամբ՝ ռադիոակտիվ նյութերի) փոխադրման կարգ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի եւ այդ ոլորտը օրենսդրորեն կարգավորված չէ: Օրենսդրության այդպիսի բացը զրկում է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված եւ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործություններով մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից»,- տրանսպորտի եւ կապի նախարարին ուղղված գրության մեջ նշել է Վայոց ձորի մարզի դատախազը՝ նկատելով, որ ներկայումս հանրապետության տարածքում իրականացվող բոլոր տեսակի, այդ թվում նաեւ պայթյունավտանգ, արագ բռնկվող, թունավոր եւ այլ վտանգավոր բեռների տարատեսակ փոխադրումների գերակշիռ մասն իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ, ինչի ծավալներն ու ինտենսիվությունը զգալիորեն աճել են: Դատախազության կարծիքով, նման պայմաններում էապես աճում է դրանց իրականացման ընթացքում տարաբնույթ խախտումների ու դրա հետ կապված անկանխատեսելի ծանր հետեւանքների (էկոլոգիական աղետների, ազգաբնակչության կյանքի եւ առողջության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների) առաջացման հնարավորությունն ու ռիսկը եւ առաջարկել միջոցներ ձեռնարկել հիշատակված ոլորտում առկա օրենսդրական բացը լրացնելու եւ կանոնակարգելու ուղղությամբ: Ի պատասխան Վայոց ձորի դատախազության գրությանը՝ տրանսպորտի նախարարությունը խոստացել է 2009 թվականին մշակել համապատասխան կարգը եւ ներկայացնել կառավարության հաստատմանը: