ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պատասխանել է մեր թերթի երեկվա համարում «Կհեռանանք անհապաղ՝ 24 ժամում» լուրին, որտեղ նշել էինք, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ժամանակին հրապարակավ պնդել է, թե «անհապաղ՝ նշանակում է 24 ժամվա ընթացքում»: Ըստ Սոնա Տռուզյանի՝ «Նման հայտարարություն, պնդում գլխավոր դատախազը երբեւէ չի հնչեցրել: Նշված հարցը, թե ինչ է նշանակում «անհապաղ», արծարծվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի՝ ԱԺ-ում քննարկման ժամանակ»: 2006-ի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազին հարց էր ուղղվել, թե ինչու Հակոբ Հակոբյանի ձերբակալության մասին անմիջապես չի իրազեկվել ԱԺ նախագահը, ինչպես պահանջում է Սահմանադրության 66-րդ հոդվածը: Հարցին ի պատասխան՝ Աղվան Հովսեփյանն ասել է. «Օրենքում գրված է «անհապաղ» բառը: Անհապաղ չի նշանակում անմիջապես, անհապաղ բառը մեկնաբանության առարկա է, կարող է նաեւ այստեղ ծիծաղի առիթ տա, բայց իրավաբանորեն դա լուրջ պարզաբանման հարց է, որին անդրադարձել է նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դա զուտ միայն բառ չէ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետից հասկացվում է, որտեղ նույնպես օգտագործվում է «անհապաղ» բառը, որ ձերբակալվածին անհապաղ պետք է ներկայացնել դատարան: Անհապաղ հասկացվում է այն ժամկետը, որը տրվում է դրա համար: Մասնավորապես դատարանին նույնպես ներկայացվում է անհապաղ, այսինքն՝ 72 ժամվա ընթացքում»: Ըստ Սոնա Տռուզյանի՝ «Արտահերթ նիստի սղագրությունը տեղադրված է ԱԺ կայքում, եւ յուրաքանչյուր ոք կարող է կարդալ այն: Իհարկե, առավել նախընտրելի է հնչեցված հայտարարությունների բովանդակությանը ծանոթանալ մինչեւ դրանք մեկնաբանելը»:
Ի գիտություն ընդունենք այս պարզաբանումը եւ նկատի ունենանք՝ եթե ԱԺ-ն ի վերջո ընդունի այն լրացումը, ըստ որի՝ զանգվածային անկարգությունների «վայրից անհապաղ հեռացած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության», ապա դեպքի վայրից իրոք պետք է հեռանալ անհապաղ, այսինքն՝ 72 ժամվա ընթացքում: