Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լավ չեք աշխատում»

Փետրվար 27,2009 00:00

ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը այդպես է մտածում ՀՀ կառավարության մասին

«Հայաստանի իշխանությունները լավ չեն պատկերացնում, թե տնտեսական առումով ի՞նչ կարող է տեղի ունենալ ամիսներ հետո»,- կարծում է ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ այդ մարտահրավերներին դիմակայելու առումով հայրենի կառավարությունը լուրջ միջոցառումներ չի մշակում՝ ընդամենն իրավիճակային խնդիրներ են լուծվում: Մեր զրուցակցին վրդովեցնում է, որ կառավարությունը չի միջամտում լեռնաարդյունաբերությունում ստեղծված իրավիճակին՝ պարտադրելու սեփականատերերին խաղալ խաղի իր՝ պետության մշակած կանոններով, քանի որ իրավիճակը հենց նման մոտեցում է պահանջում: Նկատելով, որ ՀՀ բոլոր կառավարություններն էլ իրավիճակային գործելաոճ են ունեցել, մեր զրուցակիցն արձանագրում է, որ անկախ առկա՝ նույնիսկ օբյեկտիվ պատճառներից, բոլոր ժամանակներում էլ պետք է առանձնացնել ունակ մարդկանց եւ հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք զարգացման հեռանկարային ծրագրեր մշակեն: Եթե որեւէ մեկը «ի՞նչ անել» հարցն ուղղեր պարոն Գաբրիելյանին, ապա նա կպատասխաներ. «Որդեգրել 10-15-ամյա նոր տնտեսական քաղաքականություն, որտեղ հստակ կերեւային մեր տնտեսության զարգացման ուղղությունները: Շինարարությունը թողնենք. եթե կյանքը լավանում է, դա ինքնըստինքյան զարգանում է: Ես համարում եմ, որ Հայաստանում նախեւառաջ արդյունաբերությունը պիտի զարգանա, այլապես մեր պետությունը չի կարող լուրջ պետություն լինել: Ոչ թե գոյատեւող, այլ կենսունակ պետություն դառնալու համար առաջին նախապայմանը ՀՀ-ում գիտաարդյունաբերության զարգացումն է՝ արտոնյալ պայմաններով, հարկային եւ մաքսային օրենսդրության արագ փոփոխումներով, ռազմավարական ճյուղերի որդեգրումով»:

Պարոն Գաբրիելյանի կարծիքով, 1995 թվականից հետո հենց այս խնդիրը պետք է առաջնային լիներ, քանի որ 44 հազար կիլոմետր քառակուսում (ներառյալ Արցախը) մեր բնակչության նվազագույն թիվը պետք է կազմեր 4 միլիոն մարդ, որպեսզի հնարավոր լիներ ապագայում կենսունակ պետություն կառուցել՝ «ներկայիս 2,5 միլիոնը կենսունակ պետություն չի կարող կերտել, ուստի քաղաքական եւ տնտեսական խնդիրները պետք է զուգահեռ լուծվեն»: Իսկ կենսունակ պետություն կառուցելու գրավականը նա համարում է այսօր արտահերթ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը հույս կառաջացնի աշխարհասփյուռ հայերի մոտ եւ ներգաղթի ճանապարհ կբացի: «Եթե կառավարությունը խնդիր դնի առաջիկա 5 տարիներում, ներգաղթի հաշվին, բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, ես հանգիստ կլինեմ, քանի որ այլեւս որեւէ մեկը չի կարող խաթարել մեր երկրի ներքին անդորրը, եւ մենք արդեն, հիրավի, կկարողանանք հայտ ներկայացնել տարածաշրջանում ոչ միայն թիվ մեկը լինելու, այլեւ լուրջ դերակատարում ունենալու, քանի որ թե պատմական, թե ոչ հեռավոր անցյալը վկայում են, որ մեր ժողովուրդն այդպիսին է եղել՝ Թիֆլիսն ո՞վ կառուցեց, Բաքո՞ւն… Դա ոչ թե ես եմ ասում, այլ Աստված է մեր գեների մեջ դա դրել, ու պատահական չէ, որ մեզ տրվել է երկրային դրախտը: Մենք ուզենք, թե ոչ՝ այդ դերակատարումը պիտի ստանձնենք, բայց ցանկալի է, որ դա կորուստներով չանենք»,- ասում է պարոն Գաբրիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել