Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Փետրվար 27,2009 00:00

\"\"Քաղբանտարկյալները դատական նիստերի արանքում անգամ երգեցին

Երեկ «Յոթի» գործով դատական նիստը, հակառակ մեր սպասումների, չհետաձգվեց եւ տեւեց 6 ժամ: Դատական նիստերի ողջ ընթացքը բոլոր յոթ քաղբանտարկյալները կանգնած անցկացրին: ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը դա բացատրեց ոչ թե դատարանի, այլ մարտիմեկյան դեպքերի արդյունքում զոհված անձանց իրավահաջորդների նկատմամբ իրենց ունեցած հարգանքով ու նաեւ՝ դատաքննություն սկսելու իրենց ցանկությամբ: Բոլոր 7 մեղադրյալները դատավարության ողջ ընթացքում աշխատեցին ձեռնպահ մնալ դատավորին ուղղված որակումներից, չտրվեցին մեղադրող կողմի սադրանքներին եւ ամեն ինչ արեցին դատավարությունը առանց միջադեպերի ավարտելու համար: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ, ի դեպ, ի տարբերություն մեղադրողների, այս անգամ պակաս ագրեսիվ էր:

Նա դատական նիստը սկսեց նրանից, որ դատավարության կողմերի քննարկման առարկա դարձրեց Սասուն Միքայելյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ դեռ 2008թ. դեկտեմբերի 23-ին արած միջնորդությունը, որով դատավորին առաջարկվել էր ինքնաբացարկ հայտնել: Երեկ քննարկվեցին նաեւ Մելանյա Առուստամյանի եւ Վարդուհի Էլբակյանի՝ դատավորի ինքնաբացարկը պարունակող միջնորդությունները: Բոլոր այդ դեպքերում, անկախ միջնորդության հիմնավորված ու պատճառաբանված լինելու հանգամանքից, դատավոր Մարտիրոսյանը, նախկինի նման ցիտելով այդ միջնորդությունների վերաբերյալ դատախազ Կորյուն Փիլոյանի առարկությունները, դրանք համարում էր «անհիմն եւ մերժման ենթակա»: Միջնորդությունների քննարկման ընթացքում էլ մեղադրողները չէին խորշում պաշտպաններին ուղղված վիրավորական արտահայտություններից: Նրանք իրենց առարկություններում հաշվի չէին նստում նաեւ փաստերի հետ: Ասենք՝ հայտարարում էին, թե պաշտպանական կողմը դատախազությանն ուղղված իր բողոքները ժամանակին չի ներկայացրել, թեեւ կային փաստաթղթեր, որոնք ապացուցում էին հակառակը, կամ հայտարարում էին, թե դատավորը որոշում է ընդունել ԶԼՄ-ների աշխատանքները դահլիճից դուրս կազմակերպելու մասին, ինչը իրականում չկար եւ այլն:

Ինչպես դատավարության առաջին երկու, այնպես էլ երեկվա նիստում տուժողների՝ սպանված երեք երիտասարդների իրավահաջորդները միանում էին պաշտպանական կողմի բոլոր միջնորդություններին: Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, երեկ կրկնեց դեռ դատական նիստի առաջին օրն արած իր հայտարարությունը՝ առ այն, որ ինքը մինչ օրս դատարանում շահերի պաշտպան չունի, թեեւ համապատասխան լիազորագիր վաղուց է ներկայացրել: Նա կրկին պահանջեց գործի քննությանը ներգրավել իր լիազոր ներկայացուցչին ու նաեւ հավելեց, թե հայտնի է, որ իր որդին սպանվել է «Չերյոմուխա 7» հատուկ միջոցով. «Իմ որդին սպանվել է զինվորականի ձեռքով՝ հատուկ միջոցից: Ինչո՞ւ եք մեր որդիների սպանությունները կցել այս գործին»:

Եվ «7»-ի պաշտպանները, եւ իրենք՝ քաղկալանավորները, պնդեցին, որ հարկավոր է բավարարել տուժողի իրավահաջորդի միջնորդությունը եւ անհապաղ դատավարությանը ներգրավել նաեւ նրա լիազոր ներկայացուցչին՝ դատավարությանը լիարժեք եւ պատշաճ ձեւով մասնակցելու համար: Դատավորը, սակայն, անդրդվելի մնաց: Նա հայտարարեց, որ դատարանը դրան կանդրադառնա ավելի ուշ, երբ ավարտվի պաշտպանների միջնորդությունների քննարկումը: Խոսեց նաեւ զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա նախ մատնացույց անելով մեղադրյալներին՝ կրկնեց դատական նիստի ընդմիջման ժամանակ արած իր հայտարարությունը. «Փառք այս տղաներին, որ մարտի 1-ին հարյուրավոր զոհեր չեղան, իսկ այսօր նրանց դուք դատում եք 10 զոհերի սպանությունների համար»: Միջնորդություններով եւ հայտարարություններով հանդես եկան նաեւ քաղբանտարկյալները: Մասնավորապես Շանթ Հարությունյանը հրապարակեց հաղորդում՝ հանցագործության մասին: Նա հայտարարեց, որ մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո ՀՀ առաջին նախագահը եւ նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեք անչափահաս թոռները, իշխանությունների կողմից եւ իրավապահների հսկողության ներքո տնային կալանքի տակ են եղել, եղել են փաստացի պատանդի կարգավիճակում: Հիշեցրեց նաեւ, որ իշխանությունները մարտյան դեպքերի արդյունքում ընդվզող ժողովրդի դեմ ուժ կիրառելու ճանապարհով փաստացի բռնությամբ իշխանություն են պահել: Ըստ այդմ, Շանթն առաջարկեց քրգործեր հարուցել պատանդառության եւ իշխանությունը բռնությամբ պահելու հոդվածներով, որպեսզի իրենք ու դատավորը միասին դատեն դրա պատասխանատուներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Աղվան Հովսեփյանին:

Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, թե չի հասկանում դատավորի՝ իր ինքնաբացարկի առաջարկը մերժելու շահագրգռությունը: «Մենք ձեզ հնարավորություն ենք տալիս էս գործից հրաժարվել: Ինչի՞ ես էս ամեն ինչը վերցնում քո վրա, մեղք ես, ընտանիք, երեխեք ունես»,- դատավորին դիմեց Ս. Միքայելյանը: Նա նկատեց, որ եթե իրենց մեկ տարի ապօրինաբար պահում են բանտերում եւ ուզում են դատապարտել, որովհետեւ իրենք խանգարում են իշխանություններին, ապա թո՛ղ ուրիշ հոդվածով դատեն, որովհետեւ իրենք մարդասպան կամ դավաճան չեն:

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ հայտարարեց, թե՝ «7»-ի գործի 45 հատորներում ոչ մի ճիշտ բան չկա: «Միակ ճիշտ բանը անուն-ազգանունս ա: Հայրանունս էլ ա սխալ: Մենք 1992թ.-ին առաջին լինիայում ենք եղել: Ադրբեջանցիներն ասում են՝ Խոջալուում գենոցիդ ա եղել, տվեք էդ հոդվածով դատվենք: Մենք բոլորս էլ գիտենք, թե ովքեր են սպանողները: Բոլորն էլ գիտեն, որ սպանությունների հետ ո՛չ ոստիկանությունը կապ ունի, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ բանակը: Մարտի 1-ին իրենք իրանց քիլլերներն են ունեցել տարբեր պազիցիաներում: Ընդամենը 2 րոպե է պետք՝ պարզելու համար, թե ով, որտեղ, ում է սպանել: Թե մարդկանց ինչի՞ եք բերել ստեղ նստացրել, էս մարդիկ դրա հետ ի՞նչ կապ ունեն: Իրանք էլ լավ գիտեն, թե ովքեր են սպանել, բայց ո՞ւմ ասեն, ո՞ւմ մեղադրեն: Գիտեն, որ կգան ստեղ, մեր կողքը կնստեն»,- դիմելով դահլիճում նստած ոստիկաններին՝ ասաց Հ. Հակոբյանը:

Մյասնիկ Մալխասյանն ու Ալիկ Արզումանյանն էլ կրկնեցին իրենց նախորդ միջնորդություն-հայտարարությունները՝ դատարանի դահլիճը ոստիկանության աշխատակիցներից ազատելու եւ իրենց հարազատներին դատավարությանը մասնակցելու հնարավորություն տալու, նաեւ ԶԼՄ-ներին դատարանի նիստերի դահլիճում աշխատելու դատարանի որոշումը հարգելու եւ կատարելու վերաբերյալ: Հ. Հակոբյանը դատավորին առաջարկեց դատն անել ավելի մեծ դահլիճում եւ ներս բերել ավելի մեծ թվով ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների. «Թող միանգամից մի 2500 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից լցնեն ստեղ: Եթե բոլորին հավաքեք, բերեք, դրսում մեր հարազատներին նեղություն տվող չի լինի, համ էլ ժողովուրդը կփրկվի դրանցից, թող դատն էլ 5 տարի տեւի»: Շանթ Հարությունյանն էլ նույն խնդրի առնչությամբ նկատեց, որ «սովետի ժամանակ, երբ քաղբանտարկյալներին դատում էին, դատարանի դահլիճը լցնում էին ԿԳԲ-ականներով, շրջկոմների քարտուղարներով, միլիցիայի աշխատողներով, որ տպավորություն ստեղծեն, թե, իբր, հրապարակային դատավարություն են անում: Բայց սովետն արդեն չկա: Ինչի՞ եք կրկնում նրանց արածները»:

Դատական հաջորդ նիստը կկայանա այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել