Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 27,2009 00:00

\"\"Երեւանցիները չգիտեն, թե ում է տրվելու իրենց քաղաքը

Մայիսին Երեւանում դարձյալ ընտրություններ են, երբեւէ չեղած եւ չփորձված: Երեւանի քաղաքապետարանի ընտրություններին պատրաստվող իշխանությունը եւ ընդդիմությունը կարծես այս անգամ եւս կրկնելու են միեւնույն սխալները, ինչ արվում էր մինչ այժմ եղած գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ՝ կողմերը ընտրության են գնալու առանձին-առանձին, յուրաքանչյուրը իր թեկնածուին առաջն արած: ՀՀԿ-ն իր ցուցակն է գովերգելու, «Օրինաց երկիրը»՝ իրենը, Դաշնակցությունը օրիգինալ երեւալու համար ցուցակում առաջինը կդնի մի նոր անուն, «Բարգավաճ Հայաստանն» էլ իր ցուցակով կհպարտանաո եւ արդյունքում ձայները ցաքուցրիվ կլինեն: Նույնը անելու է նաեւ ընդդիմությունը. ՀԱԿ-ը մարտի 1-ից հետո նոր թափով կնախապատրաստվի քաղաքապետարանի ընտրություններին եւ ցուցակ կկազմի, եւ այդ գործընթացում ընդդիմադիր լիդերների ամբիցիաները հերթական անգամ կխանգարեն ընդհանուր գործի հաջողությանը. «Ժառանգությունը» արդեն իսկ հայտարարել է, որ առանձին է գնալու, իր ցուցակով, եւ ով կուզի՝ կարող է մասնակից լինել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցում քննարկեցինք ապագա քաղաքապետական ընտրությունները: Հարցրինք, թե, իր կարծիքով, ՀԱԿ-ի կողմից ինչպե՞ս է ընդունվելու «Ժառանգության» որոշումը՝ ընտրությունների գնալ առանձին ցուցակով: Մեր զրուցակիցն ասաց, որ, իր կարծիքով, ՀԱԿ-ը իրենց որոշումը նորմալ է ընդունել. «Որովհետեւ այստեղ խոսքը գնում է ընդդիմադիր լայն ճակատի մասին. մենք մասնակցությունը ոչ թե տեսնում ենք բացառապես «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում, այլ ընդհակառակը՝ ավելի լայն ընդդիմադիր ճակատում, որի կողմ, կարծում ենք, պետք է հանդիսանան հասարակական լայն շրջանակները, անձինք, ովքեր հասարակության մեջ մեծ համարում ունեն»:

Նկատեցինք, որ 1,5 միլիոն ձայներով ընտրվելիք պաշտոնը իշխանությունները ամենեւին էլ հեշտությամբ չեն հանձնի ընդդիմությանը: Սա պարոն Մարտիրոսյանը գիտեր եւ հավելեց. «Պետք է նշեմ, որ այս դեպքում ոչ այնքան կարեւոր է բնակչության թիվը, այլ այն գումարները, որ մինչեւ այժմ աշխատել են իշխանությունները Երեւան քաղաքում. այսինքն՝ տնօրինելով հողերը որպես գերակա շահ, բավականին գումարներ կարելի է աշխատել, եւ, կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ Հայաստանում թիվ մեկ բիզնեսը դա հենց անշարժ գույքի բիզնեսն է, ուստի այս առումով, բնականաբար, իշխանությունները պետք է փորձեն այդ հարստության օջախը պահել իրենց ձեռքում: Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների պատրաստակամությանը՝ նորմալ ընտրություններ անցկացնելու, ապա, եթե այս դեպքում իշխանությունները նեղ անձնական շահով չառաջնորդվեն, եւ եթե անձնական շահը չգերակշռի, եւ իշխանությունները այս դեպքում չփորձեն անձնական շահով առաջնորդվող ինչ-որ համամասնական ցուցակ կազմել եւ անձնական շահով առաջնորդվելով ընտրություններ կազմակերպել՝ կաշառքով, ընտրակեղծիքներով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, այլ առաջնորդվեն պետական շահով եւ այդպես առաջ շարժվեն, այս դեպքում մենք կունենանք ոչ միայն ընտրված քաղաքապետ, այլեւ առավել մեծ խնդիր լուծած կլինենք: Կարծում եմ, մենք հնարավորություն կընձեռենք, որպեսզի քաղաքական դաշտը, այնուամենայնիվ, կայանա, կրիմինալ-օլիգարխիկ համակարգը քաղաքական դաշտից զատվի եւ, ամենակարեւորը, քաղաքական գորդյան հանգույցը, որն առաջացել է անցած տարվա մարտի 1-ից հետո, բացվի այսպիսի քաղաքական երկխոսության արդյունքում»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դեռեւս հայտնի չէ, թե ով է գլխավորելու «Ժառանգության» ցուցակը, մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ ցուցակը ընդդիմության ՀԱԿ-ական թեւի հետ բանակցությունների արդյունքում գլխավորի, ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը կամ Արամ Զավենի Սարգսյանը, պարոն Մարտիրոսյանը այսպես պատասխանեց. «Մենք բաց ենք երկխոսության համար եւ մենք նախաձեռնել ենք երկխոսությունը մեր գործընկերների հետ, ավելի ճիշտ՝ ես չէի ասի երկխոսություն, կասեի՝ քննարկումներ, եւ այդ քննարկումների հետագա ընթացքը ցույց կտա, թե ով կգլխավորի այդ ցուցակը»:

Ուզեցինք պարզել նաեւ հետեւյալը՝ հնարավո՞ր է, որ մարտի 1-ի հանրահավաքում ընդդիմության գործիչներից մեկը ելույթ ունենալով՝ քննադատի քաղաքապետական ընտրություններին՝ միայնակ գնալու վերաբերյալ «Ժառանգության» այս որոշումը: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ինքն այս դեպքում եւս խնդիր չի տեսնում. «Եթե քաղաքական որեւէ գործիչ կգտնի, որ անհրաժեշտ է այդ մասին քաղաքական քննադատական խոսք ասել՝ «Ժառանգությունը» հենց դրա համար է պայքարում, որ ցանկացած մարդ ունենա ազատ արտահայտվելու իր իրավունքը եւ իրացնի այդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել