Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ «ՈՐՈԳԱՅԹ»՝ ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Փետրվար 26,2009 00:00

Փետրվարի 23-ին Շենգավիթ համայնքի 5-րդ փողոցի անցորդներն ականատես եղան իրական մի սերիալի: 20 դիմակավորներ ավտոմատների խզակոթերով փողոցում պառկեցնում էին այն անցորդներին, որոնք անցնում էին Սամվել Սիմոնյանի տան մոտով: Շատերի տպավորությամբ՝ «Որոգայթի» հերթական սերիալն էր նկարահանվում: Անցորդները չեն պատկերացրել, որ թմրանյութի հայտնաբերման նպատակով դիմակավորները կներխուժեն Սիմոնյանի բնակարան, նրա չորսամյա թոռնիկի ներկայությամբ, խուզարկության անվան տակ, քարուքանդ կանեն նրա բնակարանը: Ի դեպ, խուզարկության թույլտվությունը նրանք ստացել էին փետրվարի 13-ին:

Ոստիկանների գործողությունները ուղղորդել է ոստիկանության ԿՀԴՊ վարչության աշխատակից Պետրոս Սահակյանը: Անարգել քարուքանդ անելով բնակարանը, նրանք «հայտնաբերել» են 16,7 գրամ թմրամիջոց: Դիմակավորները դրանով չեն բավարարվել: Նրանք վախեցած երեխային եւ Սիմոնյանի կնոջը տարել են ոստիկանություն, ուր պահել են մինչեւ ժ. 11.00-ն: Բաց են թողել այն ժամանակ, երբ Սիմոնյանի քույրը հեռագրերով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին եւ քաղաքի ոստիկանապետին: 4-ամյա երեխան անընդհատ միզում է եւ վախից սկսել է կակազել:

Ոստիկանության այսօրինակ գործողությունների պատճառով փախուստի է դիմել 49-ամյա Սամվել Սիմոնյանը, որն անցյալ տարվա դեկտեմբերին ազատվել էր ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկից: Նախկինում մի քանի անգամ դատված Սիմոնյանը տառապում է տուբերկուլյոզով:

Նախնական տեղեկությունների համաձայն, ոստիկանները խուզարկություն պետք է իրականացնեին «ՏԷՑի կռուգ» կոչվող տարածքում՝ վերջերս տաքսու վարորդի վրա ավազակային հարձակման գործով: Սակայն «մտքերը» փոխել են եւ զենքի փոխարեն թմրանյութ փնտրել: Նրանք նախապես հաշվարկել էին այն հանգամանքը, որ Սիմոնյանը թմրանյութից կախվածության համար է նախկինում դատապարտվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել