Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթ չեն ավելացրել»

Փետրվար 26,2009 00:00

«Առավոտ» օրաթերթի 2009 թվականի փետրվարի 18-ի համարի երկրորդ էջում «Բացահայտվեց նոր կեղծիք. Դրա հեղինակը պետական գերատեսչություններն են» վերնագրի ներքո տպագրվել է նյութ, որը պարզաբանման կարիք ունի:

Հիշատակված հրապարակման մեջ հոդվածի հեղինակը պնդում է, որ Հուսիկ Բաղդասարյանին վերաբերող քրեական գործով քննչական գործողություն կատարելու, այն է՝ Հ. Բաղդասարյանի բնակարանում 2008 թվականի փետրվարի 26-ին խուզարկություն կատարելու վերաբերյալ հանձնարարական տալու մասին փաստաթուղթ գործի նյութերում չի եղել ո՛չ ընդհանուր իրավասության եւ ո՛չ վերաքննիչ դատարանում քրեական գործի քննության ժամանակ, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ չկա որեւէ փաստական տվյալ կամ հիշատակում այն մասին, որ դատավարական այդ փաստաթուղթը բացակայել է քրեական գործի նյութերից նախնական քննության, առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում դատական քննության ժամանակ:

Ավելին, 2008 թվականի մարտի 31-ին Հուսիկ Բաղդասարյանի շահերի պաշտպան Վ. Զուռնաչյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, ի պատասխան որի՝ Արարատի մարզի դատախազությունը նշել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի հիման վրա՝ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մարուքյանը խուզարկության կատարումը հանձնարարել է հետաքննության մարմնին՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հ. Պողոսյանին: Այսինքն` Արարատի մարզի դատախազությունը նշել էր այնպիսի հանգամանքի մասին, որն ապացուցում է հեղինակի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանում «ավելացված թերթ» կոչվող փաստաթղթի առկայությունը գործի նյութերում, մինչդեռ, եթե նշված գործ-թերթն ավելացված լիներ ՀՀ բարձրագույն դատական ատյանի գրասենյակում, ապա ակնհայտ է, որ ՀՀ դատախազությունն այն չէր կարող վկայակոչել վերաքննիչ բողոքի իր պատասխանում:

Իրականությանը չի համապատասխանում նաեւ Հ. Բաղդասարյանի պնդումն այն մասին, որ ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարաններն իրենց որոշումներում պարզապես հղում են արել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածին, ըստ որի՝ քննիչն իրավունք ունի հանձնարարականներ տալ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ ուղղակիորեն նշված է, որ քննիչը խուզարկության կատարումը հանձնարարել է հետաքննության մարմնին (գ/թ 218): ԱԼԻՆԱ ԵՆԳՈՅԱՆ

Հ. Գ. Ի պատասխան Վճռաբեկից ստացված այս պարզաբանման՝ Հուսիկ Բաղդասարյանը «Առավոտին» փոխանցեց, որ ինքը պնդում է խնդրո առարկայի վերաբերյալ իր հայտարարությունները, որոնք կարող է անգամ ապացուցել: Ավելին, Հ. Բաղդասարյանը պատկան մարմիններին առաջարկեց խնդրո առարկայի առնչությամբ ծառայողական քննություն նշանակել եւ իրեն եւս ներգրավել այդ քննությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել