Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյո՞ք ամուսնալուծությունը ելք է

Փետրվար 26,2009 00:00

Այն բոլոր խնդիրները չի լուծում

Ինչպես ասվում է մեր երկրի Սահմանադրության 35-րդ հոդվածում՝ ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է, եւ ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք: Այս իրավական դրույթն ընդգծում է ամուսնության եւ ամուր ընտանիքի կարեւորությունը: Սակայն ամուսնական համատեղ կյանքն այնքան էլ հարթ չէ, եւ հաճախ նույնիսկ փոքր կենցաղային հարցերը կարող են «դրամատիկ» ձեւով զարգանալ եւ ընտանիքի քայքայման պատճառ հանդիսանալ: Թեեւ ամուսնալուծությունը կարող է լուծել որոշ խնդիրներ, սակայն դա ժամանակավոր «ուրախություն» է եւ իր հերթին կարող է բերել տարաբնույթ ցավալի դեպքեր: Հոգեբանների կարծիքով, սովորաբար ամուսնալուծությունը չի թուլացնում դեպրեսիան եւ նույնիսկ, եթե զույգերի ամուսնությունը կատարյալ չէ, զուգընկերոջը հարգելը կարող է օգուտ բերել: Ըստ նրանց, եթե տարաձայնությունները լուրջ են, այնուամենայնիվ, ամուսինները լավ կանեն միանգամից «վերջակետ» չդնեն իրենց ամուսնությանը:

Նրանք, ովքեր մտադիր են ամուսնալուծվել, պետք է իրենց հարց տան. «Արդյո՞ք իմ ակնկալիքները գերագնահատված չեն»: Պարզապես, թույլ մի տվեք, որ պահի տակ ծնված բացասական հուզումներն ազդեն ձեր տեսակետի վրա: Նման դեպքերում խորհուրդ է տրվում ընկերակցել այնպիսի մարդկանց հետ, ովքեր մեծ նշանակություն են տալիս ամուսնական հարաբերություններին ու ընտանիքին: Ամուսնալուծությունների հիմնական եւ գլխավոր մեղավորները հենց զույգերն են, սակայն որոշ դեպքերում ամուսնալուծության «սերմերը» պարարտ հողի մեջ են ընկնում մինչեւ ամուսնությունը կամ հարսանիքի օրը: Երբեմն, տրվելով ոչ իրական երազանքներին, ամուսնացողները երջանկություն են համարում ճոխ հարսանեկան արարողությունները, այնինչ՝ հարսանիքից անմիջապես հետո, ակնկալիքներն անկատար են մնում, հարաբերություններն ավելի են լարվում եւ վիրավորված զգացմունքները սկսում են իշխել: Թվացյալ «վարդագույն սերը» «թառամում» է եւ տեղը զիջում հիասթափությանն ու ատելությանը:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Արգայլը իր կատարած հարցումներից հանգել է այն եզրակացության, որ հասարակության ամենադժբախտ մարդիկ ամուսնալուծվածներն ու միմյանցից բաժան ապրողներն են: Կորցրած երջանկությունը ետ բերելու համար ոմանք երկրորդ եւ ավելի անգամ են ամուսնանում: ԱՄՆ գիտնականները եկել են այն եզրակացության, որ ամուսնալուծվածների մեծամասնությունը երկրորդ անգամ կյանքի ընկեր է ընտրում նրան, ով նման է նախորդ ամուսնուն: Ամուսնալուծվածների երկրորդ «փրկությունը» ճակատագրական կարող է լինել, քանի որ դեռեւս թարմ են չստացված առաջին ամուսնության հիշողությունները եւ լուրջ հոգեբանական ընկճվածության պատճառ կարող է լինել: Համատեղ ապրող ամուսինների միջեւ առկա հոգեբանական լարվածությունն ու միմյանց նկատմամբ փոխըմբռնման բացակայության առկայությունն է ամուսնալուծությունների հիմնական պատճառը, բայց քանի որ ամուսինների ներդաշնակության համար կարեւոր է նաեւ բնականոն սեռական կյանքը, ուստի զգալի տոկոս է կազմում այդ պատճառով ամուսնալուծությունների թիվը:

Հետաքրքիր է, ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում «կրկին փորձիր» տարբերակով, պատասխանը պարզ է՝ վախենում են միայնությունից: Սակայն միշտ չէ, որ միայնությունից կարելի է խուսափել ամուսնական կապի մեջ մտնելով: Տարաձայնություններն ու փոխըմբռնման բացակայությունը նորից կարող է սթրեսի, անորոշության եւ նույնիսկ հարազատ երեխաներից առանձնանալու պատճառ հանդիսանալ: Իզուր չէ, որ ամուսնալուծություններից հետո ոմանք այլեւս իրենց չեն գտնում կյանքում եւ շեղվում են ճիշտ ճանապարհից՝ դառնում հանցագործներ, թմրամոլներ ու հարբեցողներ: Ըստ մասնագետների, պատճառը մենակ մնալու եւ ոչ մեկին պետք չգալու զգացումն է, եւ նման դեպքերում մարդու սիրտը պետք է մխիթարվի անկեղծ, սիրառատ բարեկամի ընկերակցությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել