Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փետրվար 26,2009 00:00

«Քաղաքական վրեժ»

Ռուսաստանյան ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու մայրը՝ Մարիա Խոդորկովսկայան, հայտարարել է, թե իր որդու քրեական հետապնդման պատվիրատուները երկրի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինն ու փոխվարչապետ Իգոր Սեչինն են: 2005 թվականին 8 տարվա ազատազրկման դատապարտված Խոդորկովսկուն եւ նրա բարեկամ ու գործընկեր Պլատոն Լեբեդեւին առաջադրվել են նոր մեղադրանքներ, եւ նրանք նախօրեին Չիտայի բանտից տեղափոխվել են Մոսկվա՝ արդեն մարտի սկզբին կրկին դատարանի առջեւ կանգնելու համար: «Ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը այդ գործի նկատմամբ: Դա Պուտինի եւ Սեչինի պատվերն է: Ես դա ասել եմ դեռ այն ժամանակ, երբ հրապարակվեց առաջին դատավճիռը»,- «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը ասել է Մարիա Խոդորկովսկայան: ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը 2005 թվականին 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել հարկերից խուսափելու եւ խարդախության մեղադրանքներով: Նրան եւ Lեբեդեւին առաջադրվող նոր մեղադրանքների համաձայն՝ 1998-2003 թվականներին նրանք ապօրինի յուրացրել են 7,5 միլիարդ դոլար եւ լվացել 450 միլիարդ ռուբլու հասնող գումարներ: Դատարանում այդ մեղադրանքների հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Խոդորկովսկին եւ Լեբեդեւը կտրականապես հերքում են ինչպես նախկին, այնպես էլ նոր մեղադրանքները՝ քրեական հետապնդումը որակելով «քաղաքական վրեժ»: Մարիա Խոդորկովսկայան համոզված է, որ իշխանություններն ամեն ինչ անում են իր որդուն ընդմիշտ բանտում պահելու համար: Դատավարությունը մեկնարկելու է մարտի 3-ին:

Վթարվեց թուրքական ինքնաթիռը

\"\"Երեկ առավոտյան Նիդեռլանդների մայրաքաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս ընկավ «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը Ստամբուլից ուղեւորվում էր Ամստերդամ: Ըստ gazeta.ru-ի, Ամստերդամի Սկիպխոլ միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ օդանավը բաժանվեց 3 մասի: Ամստերդամում եղանակը ամպամած էր: Ինքնաթիռը մի քանի հարյուր մետր չհասնելով թռիչքուղուն՝ ընկավ դաշտի մեջ: Ամենաշատը տուժել է օդանավի պոչը, իսկ նրանք, ովքեր Boeing-ի առաջամասում էին՝ վնասվածքներ չեն ստացել: Օդանավում գտնվող 134 հոգուց, որոնցից 7-ը անձնակազմն էր, զոհվել է առնվազն 1 ուղեւոր, եւս 20 հոգի վնասվածքներ է ստացել: 50-ից ավելի ուղեւոր չի տուժել: Չնայած հարվածը գետնին ուժեղ էր, հրդեհ չի բռնկվել, ինչի պատճառով՝ զոհերի թիվը համեմատաբար քիչ է: Որպես վթարի նախնական պատճառ՝ դիտորդները նշում են շարժիչներից մեկի խափանումը: Չի բացառվում նաեւ «մարդկային գործոնը». օդաչուները սխալվել էին վայրէջք կատարելու ժամանակ: Boeing 737-ը աշխարհում ամենատարածված մարդատար ինքնաթիռն է՝ 1967 թվականից արտադրվել է 6160 նման օդանավ: Այդ ընթացքում վթարի է ենթարկվել 144 ինքնաթիռ եւ մահացել է 3832 հոգի: Բացի այդ, 110 անգամ Boeing-ը գրավվել է ահաբեկիչների կողմից եւ նման գործողությունների արդյունքում մահացել է 516 հոգի:

Շվարցնեգերը չի կերպարանափոխվելու

\"\"Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը սկսել է նկարահանվել Սիլվեստր Ստալոնեի ֆիլմում: Ինչպես գրում է «Գազետա» թերթը, այդ կինոնկարում նա ըստ էության խաղալու է ինքն իրեն, այսինքն՝ Կալիֆոռնիայի նահանգապետի դերը: 2003 թվականին զբաղեցնելով այդ պաշտոնը, Շվարցնեգերն, ըստ էության, հրաժարվել է դերասանական գործունեությունից եւ այս ընթացքում միայն 3 անգամ է էպիզոդիկ դերերով հայտնվել էկրանին: Սակայն այժմ նա համաձայնել է նկարահանվել Ստալոնեի «Անվրդով մարդիկ» ֆիլմում, որը պատմում է, թե ինչպես է վարձկանների մի խումբ փորձում պաշտոնանկ անել լատինամերիկյան բռնապետներից մեկին: Ստալոնեն ոչ միայն այդ ֆիլմի ռեժիսորն է, այլեւ գրել է դրա սցենարն ու կատարում է գլխավոր դերերից մեկը: Ֆիլմում կնկարահանվեն նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դոլֆ Լունդգրեն, Էրիկ Ռոբերտսը եւ Միկի Ռուրկը: Նկարահանումները կսկսվեն մարտի վերջին եւ տեղի կունենան հիմնականում Բրազիլիայում եւ Նոր Օռլեանում: Իսկ այն տեսարանները, որտեղ Կալիֆոռնիայի նահանգապետը հանդես է գալու իր սեփական դերում, նկարահանվելու են, բնականաբար, Լոս Անջելեսում: Մամուլում արդեն բազմիցս նշվել է, որ 2011 թվականին ավարտելով նահանգապետի իր լիազորությունները, Շվարցնեգերը կվերադառնա իր դերասանական գործունեությանը: Ոչ պաշտոնական տվյալներով, 60-ամյա քաղաքական գործիչն ինքն է հայտարարել, որ ցանկանում է կրկին նկարահանվել ֆիլմերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել