Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՊԱՐՏ ԵՆ, ՈՐ ՀԱՅ ԵՆ»

Փետրվար 26,2009 00:00

Իր ղեկավարած դպրոցի սաների մասին ասում է Գլենդելի հայագիտական թեքումով դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աննա Գրիգորյանը:

\"\"
\"\"\"\"

Հայկական դպրոց ԱՄՆ-ում, որը չունի ոչ կրոնական, ոչ էլ կուսակցական ուղղվածություն: Դպրոց, որը ոչ միայն հայապահպանության խնդիր է լուծում հեռավոր Ամերիկայում, այլեւ հայ աշակերտին տալիս է հիմնական այն գիտելիքները, որոնք նա կարող էր ստանալ, եթե սովորեր հայաստանյան դպրոցում: Դպրոց, որտեղ հայագիտական առարկաները դասավանդում են միայն ՀՀ պետական լեզվով, իսկ դասագրքերը դպրոցն իր սեփական միջոցներով ձեռք է բերում հենց Հայաստանից: Ահա այսպիսի համբավ ունի Գլենդելում Scholars Armenian School & Arts Center -ը, որը եթե բառացի թարգմանես, կստացվի՝ Գիտակների հայկական դպրոց եւ գեղագիտական կենտրոն:

Չնայած ամերիկահայերի ընտանիքների մեծ մասում անգլերեն են շփվում, այս դպրոցում անգամ դասամիջոցներին երեխաները միմյանց հետ պետք է միայն հայերեն խոսեն: Դպրոցում կան անպարտաճանաչ աշակերտներին կարգի հրավիրելու հետաքրքիր մեթոդներ: Օրինակ՝ եթե երեխան առաջին անգամ է անպատրաստ գալիս դպրոց, նա ստիպված է 15 րոպե վազել, երկրորդ անգամ՝ 30 րոպե, երրորդ անգամ՝ 45 րոպե:

Գլենդելում գործող այս կրթօջախի հիմնադիր Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոց հիմնելու գաղափարը պատահական չի ծնվել: Այն հասունացել է ժամանակի ընթացքում, երբ նա փորձել է ուսումնասիրել ԱՄՆ-ում հայկական դպրոցների ու համալսարանների հայագիտության ամբիոնների վիճակը: «Օրինակ, երբ գնացի UCLA համալսարան, ասացի՝ ողբամ քեզ, հայ ժողովուրդ, որ այդպիսի Նարեկացու ամբիոն ունեք, որ այդպիսի պատմագիտության ամբիոն ունեք, նույն բանը կարող եմ ասել ՍԻՍԱՆԻ-ի, Նորթրիջի համալսարանների մասին՝ հիմնադրված արեւմտահայության կողմից, որոնց կրթական մակարդակը բավարար չէր: Չնայած չեմ ցանկանա քննադատել, քանի որ նրանք այդքանով են կարողացել պահպանել հայոց լեզուն եւ հայոց պատմությունը»,- նշում է Աննա Գրիգորյանը: Իսկ վերջնական որոշմանը նպաստել է այն հանգամանքը, երբ վերջինս որոշել է պատշաճ դպրոց գտնել իր դպրոցահասակ երեխայի համար ու չի գտել: «Բնականաբար, սկսեցի հետաքրքրվել հայկական դպրոցներով: Բոլորը «վարժարան» էին: Հայագիտական կողմը պահպանվում էր այնքանով, որքանով՝ չակերտների մեջ: Նրանց խնդիրը եղել էր հայկական ակումբ ունենալը, այսինքն՝ ընդամենը հայապահպանությունը, կրոնապահպանությունը, ազգապահպանությունը եւ ոչ թե ակադեմիական կրթությունը»,- ասում է Աննա Գրիգորյանը: Նա, 1999 թ. տեղափոխվելով Գլենդել, սկսել է ամեն ինչ անել հիմնադրելու դպրոց, որպեսզի, իր բառերով, «կրթական մակարդակը ակադեմիական բարձունքին լինի»: Սակայն դպրոց հիմնադրելու համար միայն որոշումը քիչ էր, եւ Ա. Գրիգորյանից բավականին ժամանակ, լայնածավալ աշխատանք եւ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ եղել այդ գաղափարը կյանքի կոչելու համար: Scholars Armenian School-ը ընդամենը 1,5 տարի է գործում, բայց արդեն ունի 3-17 տարեկան շուրջ 300 աշակերտ: Միայն դպրոցի նախակրթարանը 100-ից ավելի սան ունի:

Դպրոցի տնօրենը հպարտությամբ նշում է, որ ԱՄՆ-ում հայկական վարժարաններ կան, որ 30-40 տարի է՝ գործում են, բայց ավելի քիչ աշակերտ ունեն: Դպրոցում աշխատում է 40 ուսուցիչ: Դասավանդվում է նաեւ ռուսերեն լեզու՝ Ռուսաստանից ստացված դասագրքերով:

Աշակերտության 90%-ը նախկին հայաստանաբնակների երեխաներն են: Կան նաեւ Իրանից գաղթած հայերի երեխաներ: Տնօրենը նկատում է, որ նրանց ծնողներն ու պապերը, Հայաստանից ԱՄՆ տեղափոխվելով, «հացի կարոտ, ջրի ծարավ լինեմ, բայց երեխայիս լավ մարդ դարձնեմ» սկզբունքով առաջնորդվելով, ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները լավ կրթություն ստանան: «Մեր աշակերտները սովորում են մեծ հաճույքով՝ պարծանք զգալով, որ իրենք հայ են»,- ասում է Ա. Գրիգորյանը: Դպրոցում կան բեյրութահայեր, նաեւ երեխաներ, որոնց ծնողներից մեկը արաբ է: «Կան մեծահարուստ ժուլիկների երեխաներ, որ այստեղ կրթվում են եւ գնում իրենց ծնողներին էլ տանն են կրթում: «Ժուլիկ» ասելով՝ նկատի ունեմ, որ ավելի շատ ճարպկությամբ են փող աշխատում, քան խելքով, չնայած խելքը կա, քանի որ ճարպիկ մարդիկ ամենախելացիներն են: Ամենաշքեղ մեքենաները կամ աուկցիոնում են, կամ մեր դպրոցի առջեւ»,- ասում է Աննա Գրիգորյանը: Դպրոցում երեխաները անցնում են նաեւ պարի, երաժշտության, երգեցողության, նկարչության, կարատեի դասեր:

Աննա Գրիգորյանն անընդհատ շեշտում էր, թե դպրոց բացելու նպատակն էր, որ «հիմք ստեղծվի համալսարան բացելու համար»: Իսկ համալսարանի հավատարմագրման գործընթացը կավարտվի հաջորդ տարի եւ այն, ենթադրվում է, կբացվի 2011 թ.-ին: Այն կոչվելու է Scholars University, այսինքն՝ Գիտակների համալսարան: Այն հայկական չի կոչվելու, որպեսզի դիմեն նաեւ այլազգիներ: Թեեւ, Աննա Գրիգորյանի կարծիքով, համալսարանի առաջին ուսանողները կլինեն այսօր Scholars Armenian School-ում սովորող աշակերտները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել