Պատմվածքը գրվել է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների տպավորությունների ներքո
Գյուղական պարզ ու անմիջական գիշեր էր։ Արեւանման բոլորալուսնի ձյունաճերմակ փայլը, որ սփռվել էր Երկիր մոլորակի վրա, սպիտակալույսի մեջ էր առել ամենն ու ամենքին։ Հեռավոր բլուրների չարագուշակ խավարից այս կողմ անմեղ հանդարտությամբ ձգվում-պսպղում էր վիշապագալար խրամատը, որի հեռավոր խաղաղ անկյունում ուս ուսի քնած էին չորս ընկերները։ Խաղաղ օրերին իրարից անտեղյակ, եղբայրացել էին արկերի ու փամփուշտների աղետաբեր տարափի տակ՝ հայրենիքից պոկված-ծվատված փոքրահողն ազատագրելիս։ Եվ հենց էդ տարիներին հասկացել էին, որ հարազատ օթեւան ու ապաստան դարձած խրամատը սոսկ մարտավարական դիրք կամ պաշտպանական միջոց չէր, ոչ էլ հարձակում նախապատրաստելու ռազմավարական հենակետ։ Խրամատը կենդանի մարմին էր, հարյուրիմաստ զգացողություն, աշխարհընկալում ու հոգեբանություն, որ ուղեկցելու էր ամբողջ կյանքում։ Եվ այդուհետ փորձելու էին ամեն գնով ազատվել էդ զգացողությունից, ամեն բան անելու էին, որ հոգիներից դուրս վանեին խրամատի կենսակերպը։ Բայց չէին հաջողելու։ Խաղաղ օրերում նույնպես խրամատավորված էին զգալու եւ մտովի կրծքներին էին սեղմելու հրազենը՝ անվերջ եւ ամենուր փնտրելով թշնամուն։
Չորսն էլ կամավոր էին մեկնել ռազմաճակատ, առանց առաջացած տարիքն ու արդեն մաշվող առողջությունը հաշվի առնելու։ Զինվորագրվել էին անորոշ ծագումով վայրի խառնացեղի դեմ մղվող կենաց-մահու կռվին։ Անսկիզբ ու անվերջ խրամատային գիշերներին երկար էին զրուցել ու էդպես էլ չէին կարողացել որոշել թշնամու ինքնությունն ու ծագումը։ Թաթա՞ր էին՝ կովկասյան թաթար, թե՞ թուրք, ում մասին եվրոպացի հանճարն էր ասել. «Այստեղով թուրքն է անցել»։ Գուցե պարսկական ատրպատականցի՞ էին, ում անունը յուրացրել եւ դարերի խորքը հասնող «պատմություն» էին մոգոնել՝ սեփականելով մյուս ազգերի հուշարձաններն ու մշակույթը։ Ամեն դեպքում, նույն ոչխարարածն ու ոչխարագողը, ոչխարասիրտն ու ոչխարաուղեղն էին մնացել, եւ դրանց գլուխները բացելիս սիրտդ խառնում էր որդնած զանգվածի գարշելի նեխահոտից։
Չորս ընկերներից ամենացածրահասակը դիպուկահարն էր, դրա համար էլ անունը «Սնայպեր» էին կնքել։ Խորհրդային բանակում էնպես էր վարժվել-կատարելագործվել, որ մի քանի կիլոմետրից գարեջրի շշի խցանն անվրեպ էր թռցնում՝ խաղաղ օրերի վարպետ հյուսնը։ Մայրաքաղաքի կենտրոնում մեկ սենյականոց բնակարան ուներ, մեկ կին, մեկ որդի, որ հետո ամուսնանալու եւ մեկ կին ու մեկ զավակ էլ ինքն էր ունենալու։ Բայց էդ դժնդակ օրերին որդին դեռ դպրոցական էր եւ ամեն Աստծո օր բարի լուրի էր սպասում հորից։
Իսկ հայրը նստում էր հեռու բարձունքում, գրկում էր զենքն ու մի աչքը փակած, մյուսը կիպ սեղմած հեռադիտակին՝ դանդաղ քաշում էր ձգանն ու շուն էր սատկացնում։ Արդեն քառասունիննին էն աշխարհն էր ուղարկել։ Մնացել էր մեկը՝ հոբելյանականը, դրա համար էլ շտապում էր, աչքը չորս արած նրան էր փնտրում։ Բայց էդ օրը հեռադիտակի մեջ տեսավ, որ ընկերները ծանր վիճակում էին։ Սիրտն ալիքվեց, արագ ոտքի կանգնեց ու պոկվեց տեղից։ Կուզեկուզ վազեց խրամատի միջով, հասավ ընկերներին։ Երկուսը վիրավոր ընկած էին աջ ու ահյակ, երրորդի ուղղությամբ խոյանում էր ճակատին կիսալուսին խզբզած սեւաստվեր տանկը։ Հրազենը սրան ի՞նչ կանի։ Ձեռքը գոտուն տարավ։ Վերջին հույս նռնակն էր։ «Արի, էլի մոտեցիր, տես, թե ոնց եմ շանսատակ անելու։ Մի քիչ էլ, տասը մետր էլ սողա, այ սողուն»։ Հռնդյունը բռնեց ականջները, փոշու ամպը ծածկեց Երկինքը, մահաբեր փողից դուրս թքած արկը հրե գնդի պես փայլեց խավարի մեջ։ Թափ առավ ու նետեց նռնակը։ Տեսավ, թե ինչպես բռնկվեց երկաթյա գիշատիչը, հրե լեզվակները միանգամից իրենց գրկի մեջ առան հսկային։ Նույն պահին սուր ծակոց զգաց թիկունքում, ձախ թիակի տակ։ Հետո բերանը տաքացավ, թոքերը գոլ ջրով լցվեցին, ձեռքերն ու ոտքերն այրվում էին հաճելի ջերմությամբ։ Աչքերի առաջ մի լույս ճառագեց, ապա երեւացին կինն ու որդին՝ մի բուռ դարձած մի բուռ ընտանիքը մի բուռ տան մեջ։ Հաջորդ պահին կինը մենակ էր. լալիս էր ու մազերն էր պոկում, հետո նրա գրկում նորածին հայտնվեց, բայց կինն էլի լալիս էր ու մազերն էր փետում, եւ որդին չկար, եւ կինը դարձյալ լալիս էր։ Հեռու-հեռվից մի ձայն հասավ ականջին.
– «Սնայպեր», դիմացիր, մերոնք հասան։ Դիմացիր, ախպերս։
Որդին խաղաղության մեջ ավարտեց դպրոցը, բանակ զորակոչվեց, եւ հոր երեք ընկերները զորամաս եկան ու նրան տարան էն բարձունքը, որտեղ հայրն էր զոհվել։ Խոստացավ, որ նրանց «հայրիկ» էր կոչելու, նրանք էլ սեփական որդու պես էին սիրելու իրեն։
Զորացրվեց, ուրախ-ուրախ տուն դարձավ։ Մայրը լալիս էր։ Ուզում էր, որպեսզի որդին ուսում ստանար, հոր նման ծանր աշխատանքի գերին չդառնար։ Բայց որդու միտքն այլ էր։ Հիմա ուսում ստացածն ո՞ւմ է պետք։ Հրեն, մանկության ընկերներից քանի՞սն են ավարտել ու թափառում են անգործ, հարեւան գիտությունների թեկնածուն էլ տաքսի է քշում։ Իսկ տաքուկ տեղերն ու բարձր աշխատավարձը պաշտոնավորների ու փողատերերի զավակների, նրանց ազգուտակի, սիրած-սիրուհիների ու քավոր-սանիկների համար են։ Բա ոնց։ Իրենց հարցերը լուծել են, հիմա էլ սեփական տեսակի շարունակությունն են ապահովում։ Հո չե՞ն թողնելու, որ իրենցից ու իրենց դուրսպրծուկներից զատ՝ ուրիշներն էլ էս արեւի տակ մի բռաչափ տեղ ունենան։ Իրենք որ կարգին ուսում չունեն, քի՞չ բանի են հասել։ Ճիշտ է, գրագետ չեն, բայց հո՞ գրագետ են գործում, էնպիսի հաշվարկներ են անում, որ իսկի քո էդ մաթեմատիկոս դոկտորների ու ակադեմիկոսների խելքի բանը չի։ Չնայած, որ ճիշտը խոսենք, էդ պաշտոնավորների մեջ հազարից երեսուն-քառասունը լավ էլ կրթված ու խելացի են, բայց սրանք էլ հարափոփոխ, հարաճկուն ու չգիտեմ, թե էլ հարա ինչ են։ Էնպես որ, ինքը ոչ առաջինների, ոչ էլ էս մյուսների հետ ճամփա գնացող չի, ինքը իսկական իր հոր կտորն է՝ ուղղամիտ ու ճշմարտախոս։ Էնպես որ, իր մեջքը պետք է ոչ թե կռանալուց ցավի, այլ ծանրություն բարձրացնելուց, լեզուն էլ պիտի կծի միայն ձմերուկի կորիզը ծամելի՜ս, իր ժպիտն ու ծիծաղն էլ պետք է միայն լիաթոք ու անկեղծ լինեն։ Շուտով աշխատանք գտավ եւ ամուսնացավ։ Մայրը դարձյալ լալիս էր։ Մեկ տարի անց որդի ունեցավ, հոր անունը հավերժացրեց։ Մայրն էլի լալիս էր։
Երկու ամիս աշխատավարձ չէր ստացել։ Հիմնարկը փող չուներ։ Լավ էր, երեկոյան հաշվապահը զանգեց ու աչքալուսանք տվեց։ Կեսօրին կարող է գնալ եւ երկու ամսվա փողը միանգամից ստանալ։ Մտքում արդեն հաշվում էր, թե առաջինը ում պարտքն էր փակելու, մնացածով ինչ էր առնելու։ Որդուն էլ չմոռացավ, վաղուց նոր խաղալիք տուն չէր բերել։ Հոգին խաղաղվեց եւ արագ քուն մտավ։
Զարթնեց փողոցը բռնած անսովոր աղմուկից։ Քանի օր է՝ ժողովուրդն իրար էր անցել։ Էլի ընտրություններ էին եղել, ու էլի մի մասն ասում էր, թե կեղծել են, մյուս մասն էլ, թե՝ չեն կեղծել։ Ու էլի իրար դեմ էին ելել։ Ինքն էդ ամենից հեռու էր, գիտեր, որ երկու կողմն էլ ճիշտ էին ու սխալ, նախկինները նախկինում էին սխալ ու հիմա էին ճիշտ, ներկաներն էլ նախկինում էին ճիշտ ու հիմա էին սխալ, ու հերթով մեկը դառնալու էր նախկին, մյուսը՝ ներկա, ու էլի ամեն բան նույնն էր լինելու, եւ ամեն մեկը փորձելու էր ժողովրդին իր հետեւից տանել ու հետո խաբել, ժողովուրդն էլ հավերժ դժգոհ էր մնալու, բայց էլի հավատալու էր փուչ խոստումներին։ Խեղճ ժողովուրդ, հավատում է միայն էն բանին, ինչին ինքն է ուզում հավատալ եւ ոչ մի կերպ չի կարողանում չհավատալ նրան, ինչին չպետք է հավատա։
Մայրն իր խոհանոց-ննջարանից դեպի սենյակը սլացավ. Տանից դուրս չգաս, որդիս։ Սիրտս վատ բան է գուշակում։
Ու էլի լաց եղավ։
Չմտածես, մայրիկ, մեր տունն ուր, պարապների էդ հրապարակն ուր։ Արագ կգնամ, փողը կստանամ ու կգամ։
Հիմնարկ հասավ։ Փողը բերել էին։ Հերթր ոչ մեծ էր, ոչ էլ՝ փոքր, առօրյա դարձած մարդկային շարան։ Զրուցելով, ծիծաղելով, դժգոհելով ու վիճելով ստանում էին իրենց հասանելիքն ու գոհ դուրս էին գալիս՝ ներքին հրճվանք եւ հպարտություն զգալով հերթի վերջում ծվարած մռայլ դեմքերին նայելիս։
Կանգառում երկար սպասեց։ Հիսունից ավելի մարդ էր հավաքվել։ Մեկը մեքենայի միջից բղավեց.
– Տրանսպորտի մի սպասեք։ Փողոցները փակ են։
Ուշանում էր։ Մութը դանդաղ փռում էր թեւերը՝ իր մեջ առնելով շենքերն ու մայթերը, մեքենաներն ու մարդկանց։ Որոշեց ոտքով բարձրանալ։ Տունը մոտ էր, ինքն էլ շտապում էր ուրախացնել հարազատներին։
Արդեն իրենց շենքին էր հասնում, հեռվից նկատեց անդեմ բարձրահարկի միակ փայտյա պատուհանի խավար լույսը։ Շուրջբոլորը մարդկային ամբոխը ծփում, ալեկոծվում էր։ Համազգեստավորներն իրար շատ մոտ ցցված սյուների նման, անհաղորդ աչքերով ցանկապատել էին մարդկանց։ Ինչ էլ ջահել էին, վառոդի հոտը հաստատ առած չեն լինի։ Փորձեց անցնել նրանց շարքի միջով։
– Չի կարելի, հետ գնա։
– Տուն եմ գնում, հրեն մեր շենքը։
– Հրամայված է թույլ չտալ։
– Ո՞վ իրավունք ունի հրամայելու, որ թույլ չտաք, որպեսզի իմ տուն գնամ։
– Չի կարելի, մեծ եղբայր։
– Բայց…
Խոսքը բերանում սառեց։ Մեկեն գետնին տապալվեց։ Մթություն էր ու լռություն։ Խավարի միջից մի լույս ճաոագեց, լուսավորվեց հոր դեմքը։ Լալիս էր անարցունք։
Բոլորը հավաքվել էին միակ սենյակում։ Ներս մտան հոր ընկերները։ Մոտեցան, գրկեցին գլուխը, ուշադիր զննեցին եւ երեքը միաբերան հառաչեցին.
– Սնայպեր ա։