Սիսիանի նոր քաղաքապետը դժգոհ է իր ստացած «ժառանգությունից»
Քիչ հավանական է, որ այսպիսի ճանապարհներով
դպրոց գնալ-գալու պարագայում երեխաները դեռ ցանկություն
ունենան կրծել գիտության գրանիտը:
Սիսիան հասնելուն պես նկատեցինք, որ Շահումյան, Իսրայելյան եւ մյուս ոչ ծայրամասային փողոցները լուսավորված էին, իսկ ճանապարհները նույն անմխիթար վիճակում էին: Մասնավորապես, Սիսիանի թիվ 1 միջնակարգ եւ թիվ 13 օժանդակ դպրոցներ տանող ճանապարհները, որոնցով ամեն օր երեխաներն անցնում են՝ ամբողջովին ցեխով ու ջրափոսերով են ծածկված: Աշակերտները բողոքում են, որ շատ դժվարությամբ են հասնում դպրոց, իսկ ուսուցիչներից ոմանք էլ բարկացած ասում էին, որ եթե չեն կարողանում աշխատանքի գնալ՝ իրենց համար կարեւոր չէ, թե հրապարակում նոր տարվա շքեղ տոնածառ էր կանգնեցվել: «Նոր տարուն պետք է մտածենք տոնածառի մասին, ամռանը կմտածենք փողոցները բարեկարգելու մասին»,- ի պատասխան՝ հայտարարել էր քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, որ քաղաքապետ է ընտրվել 2008-ի նոյեմբերի 2-ին:
Այս տարի Սիսիանի բոլոր փողոցները, այդ թվում՝ ծայրամասային, մաքրվել են ձյունից, եւ ճանապարհների նման վիճակը բնավ կապ չունի տեղացած ձյան հետ: Խնդիրը ջրամատակարարման ներքին ցանցն է: Քաղաքապետն ասաց, որ այդ հարցով խոսել է «Հայջրմուղկոյուղու» Հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի ու «Հայջրմուղկոյուղու» կառավարմամբ զբաղվող ֆրանսիացի Պատրիկ Լորենի հետ: Ընկերության ղեկավարությունը համաձայնել է իրենց առաջարկի հետ՝ քանդել փողոցները, փոխել 50 տարվա ջրատար խողովակները: Քաղաքապետի խոսքերով՝ ջրամատակարարումն առաջնային խնդիրներից է՝ «Ոչինչ, թող մի տարի էլ մենք «լատոկներով» անցնենք, պայմանով, որ ունենանք նորմալ ցանց»: Քաղաքում մինչեւ այսօր կա թաղամաս, որ կոյուղի չունի, այս խնդիրների լուծման համար խոստացել են մեկ տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն դոլարի ներդրում կատարել: Սիսիանցիները չեն հավատում, որ ինչ-որ դրական փոփոխություն կլինի, խոստումները միայն թղթի վրա են մնում:
Քաղաքապետն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ստուգումներ են անցկացվել, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքի «Իշկա փոս» կոչվող հատվածում, 2008 թվականի հուլիս ամսին պետք է կատարվեին ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ ընդհանուր՝ 2,210 միլիոն դրամի: 4,285 միլիոն էլ պետք է ծախսվեր Խանջյան փողոցի բարեկարգման համար: 5 միլիոն դրամ հատկացվել է լուսավորության համար: «Այսքան փողոց լուսավորվել է, բայց դեռ 4 միլիոն չի ծախսվել, Գայի թաղամասն էլ պետք է լուսավորենք: Քաղաքապետ եմ դարձել, ստացել եմ միայն մեկ կնիք եւ շատ-շատ պրոբլեմներ, ինչի որ ձեռք եմ տալիս՝ պրոբլեմ է, խնդիր»,- ասում է քաղաքապետը: Նախկին «Որոտան» ռեստորանի տարածքում կար Վահագնի արձանը, ռեստորանն արդեն մասնավոր տարածք է եւ ցանկապատված է, ի՞նչ է սպասվում արձանին, 40-50 միլիոն դրամ արժողությամբ պոլիկլինիկան վաճառել են հապճեպ՝ առանց ավագանու նիստի, 10 միլիոնով՝ նախկին քաղաքապետի խնամուն: Նոր քաղաքապետը դիմել է դատարան, եթե այնտեղ էլ փորձեն անհետեւանք թողնել՝ դիմելու է հանրապետության նախագահին: «Տարբերությունը 30-40 միլիոն դրամ է՝ հսկայական գումար: Այդ գումարով ես կարող եմ Սիսիանը ոտքի կանգնեցնել»,- վստահորեն ասում է քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Կուլտուրայի տունն է մասնակի վաճառված. 36 միլիոն դրամ գնահատված շենքը վաճառվել է 17 միլիոնով: Երաժշտական դպրոցի մի մասն է վաճառված: Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը 25 տարով վարձակալության է տրված: Քաղաքապետի տեղեկություններով՝ կազինո են ուզում սարքել: Ավագանու որոշումով վարձակալության պայմանագիրը անվավեր է ճանաչվել եւ այդ հարցով դիմել են դատարան: «Սա ժողովրդի գումարն է: Եթե ես լուսավորության համար 4 միլիոն դրամ եմ ծախսել, պատկերացրեք՝ ինչե՜ր կարող եմ անել 35 միլիոնով: Լավ, էս ինչի՞ եք սենց թշնամություն ցուցաբերել ժողովրդի հանդեպ»,- զայրանում է քաղաքապետը:
Քաղաքապետից հետաքրքրվեցինք նաեւ քաղաքապետարանում սպասվող աշխատողների կրճատումների մասին: «Դեռ ոչ մեկին չեմ կրճատել, տենց բան չկա, ինչի՞ են աղաղակում թերթերը, բայց լինելու է համայնքային ծառայողի մրցույթ, որը նման չի լինի նախկին քաղաքապետի օրոք անցկացված մրցույթին»,- եղավ պատասխանը:
«Առավոտը» զրուցեց քաղաքապետարանի համայնքային ծառայությունների կառավարման բաժնի արդեն նախկին պետ Վիկտոր Պետրոսյանի հետ, ով 2008 թ. դեկտեմբերից այլեւս քաղաքապետարանում չէր աշխատում: Վերջինս ասաց, որ նորընտիր քաղաքապետը չէր ուզում, որ ինքն աշխատի, ասել է, որ ցանկանում է իր թիմով աշխատել ու կառուցվածքային փոփոխություններ անել: Ինքն էլ, ինքնասիրությունից ելնելով, դիմում է գրել ու հեռացել: «Ես մի քանիսին ասել եմ, որ ձեր աշխատանքները ինձ չեն բավարարում, ասել եմ աշխատակազմի ղեկավար Վաչե Միրաբյանին, կառավարման բաժնի աշխատակիցներ Համլետ Բաբայանին, Արայիկ Հովհաննիսյանին, ճարտարապետ Մանվել Համբարձումյանին: Մարդիկ կան, որ էստեղ շատ լավ աշխատում են, ինչի՞ պիտի նրանց հեռացնեմ: Ես 4 տարվա մեջ շատ բարեփոխումներ եմ կատարելու: Ինչքան ինձ հակադրվում են, այնքան ես հաճույքով եմ աշխատում»,- ասաց քաղաքապետը:
Առայսօր Սիսիանի քաղաքապետարանում չկան մշակույթի, կրթության, քաղաքաշինության բաժիններ: Քաղաքում ապրում է բուհ ավարտած 1500 երիտասարդ, որ այսօր անգործ է: «Ես ավելացրել եմ քաղաքապետարանի աշխատողների թվաքանակը, աշխատավարձ եմ բարձրացրել, աշխատատեղերի հարց եմ լուծել ու տվածին համապատասխան պահանջելու եմ: Ես չեմ եկել, որ իմ բարեկամին, իմ խնամուն, իմ ընկերների երեխաներին աշխատանքի ընդունեմ, նման բան չի լինելու: Մինչդեռ հիմա նույն հիմնարկում աշխատում են նույն ընտանիքի անդամները: Ես չեմ շարժվելու կուսակցական շահով, ես շարժվելու եմ պրոֆեսիոնալիզմով»,- հայտարարեց Աղասի Հակոբջանյանը:
«Առավոտը» զրուցեց քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների հետ, վերջիններս թեպետ խուսափում էին խոսել, բայց ակնարկեցին, որ քաղաքապետն ընտրություններից հետո պաշտոններ է խոստացել: Աշխատակազմի ղեկավարը հրաժարվեց խոսել, իսկ քաղաքապետն այդ առթիվ ասաց. «Աշխատակազմի ղեկավարը քաղաքապետի առաջին վստահելի անձը պետք է լինի, մինչեւ հիմա ավագանու նիստերի գրանցամատյան չի եղել, դրա համար ես ասել եմ պարոն Միրաբյանին, որ չեմ ուզում ինքն այդ պաշտոնում աշխատի, ինձ պետք են աշխատող մարդիկ՝ կլինի դաշնակ, բարգավաճ, թե հանրապետական՝ կարեւոր չէ»: