«Գրավոր վիրավորանք» չկար
Ռուզաննա Ներսիսյանը համաձայն չէ քաղաքապետարանի դիրքորոշման հետ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախորդ օրը սկսվեց Գյումրիի «Թոռնիկ Ռուզաննա» նախակրթարանի՝ պաշտոնից հեռացված տնօրեն Ռուզաննա Ներսիսյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի: Հիշեցնենք, որ Ռուզաննա Ներսիսյանը Գյումրիի ավագանու նախկին անդամ Կարապետ Ներսիսյանի կինն է, որի պնդմամբ՝ իրեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացրել է քաղաքական դրդապատճառներով: Տիկնոջ ներկայացնելով, քանի որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր ամուսինը «հանդգնել» է առաջադրել իր թեկնածությունը, ավելին՝ նախընտրական քարոզարշավից մեկ շաբաթ անց ինքնաբացարկ է հայտնել ու միացել Վարդան Ղուկասյանի հակառակորդին՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Սուքիասյանին, հետեւաբար քաղաքապետը իրեն պաշտոնանկ անելու միջոցով քաղաքական հաշվեհարդար է տեսել: Այս պնդումները շարունակվեցին նաեւ նախորդ օրվա դատական նիստի ընթացքում: Կարապետ Ներսիսյանը, որը հանդես եկավ որպես իր կնոջ լիազոր-ներկայացուցիչ, հայտարարեց, որ այս պատմությունը ապացույցն է այն բանի, որ Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու իրավունք ունի միայն Վարդան Ղուկասյանը: Կ. Ներսիսյանը բերեց օրինակներ՝ քաղաքապետի «քաղաքական հաշվեհարդարներից»: «Նույն ձեւով մի քանի տարի առաջ աշխատանքից հեռացվեց Գյումրիի թիվ 9 նախակրթարանի տնօրենը՝ Գայանե Մելոյանը, որը հանդգնել էր ՏԻՄ ընտրությունների ժամանակ սատարել Վարդան Ղուկասյանի հակառակորդին՝ Մարտուն Սուքիասյանին: Հեռացվեց նաեւ թիվ 6 նախակրթարանի տնօրենը, որի ամուսինը եւս սատարել էր Մարտուն Սուքիասյանին»,- հավելեց Կ. Ներսիսյանը:
Հայցվորը պնդեց, որ իր ու քաղաքապետարանի միջեւ չի եղել աշխատանքային պայմանագիր: Հետեւաբար, քաղաքապետը իրավունք չուներ լուծարել պայմանագիրը: Ռ.Ներսիսյանն ասաց, որ քաղաքապետը նեղ շրջանակներում իր հասցեին «ավելորդ» արտահայտություններ է արել: Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե քաղաքապետի արած հայտարարություններից որեւէ ապացույց ունե՞ն: «Արտահայտություն անողը էդքան միամիտ չէր, որ դրանք գրավոր աներ»,- շտապեց հարցին պատասխանել հայցվորի ներկայացուցիչ Աննա Դավթյանը: Քաղաքապետարանը դատարանին ներկայացրեց նախակրթարանի տնօրեն Ռուզաննա Ներսիսյանի եւ Գյումրիի քաղաքապետի միջեւ կնքված պայմանագիրը: Սակայն հայցվոր կողմը կասկածում էր դրա իսկությանը՝ ասելով, որ այսօր տեխնիկական միջոցներն այնքան զարգացած են, որ հնարավոր է Ռ. Ներսիսյանի ստորագրությունն ու ձեռագիրը հայտնվեին այդ թղթում: Քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպված եղան բերել պայմանագրի բնօրինակը՝ սակայն սա եւս չհամոզեց հայցվոր կողմին: Փաստաբան Աննա Դավթյանը խնդրեց դատարան ներկայացնել նաեւ իր վստահորդի հետ 2007-2008 թթ. կնքած պայմանագիրը, որպեսզի ինքը համեմատի ու ըստ այդմ կողմնորոշվի՝ միջնորդե՞լ դատաձեռագրական, դատաքիմիական փորձաքննություն նշանակել:
«Առավոտը» քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է Ռ. Ներսիսյանին աշխատանքից ազատելու պատճառը: «Պատճառները շատ են: Ունենք ժամկետային պայմանագիր եւ գիտենք, որ ժամկետը լրանալու է, դրա համար էլ ընթացքում աշխատանքային թերությունների համար կարգապահական տույժեր կամ համապատասխան գրավոր նկատողություններ չեն տրվել: Իսկ քաղաքական դրդապատճառների մասին կասեի, որ փորձում են շոու դարձնել աշխատանքից ազատումը, այստեղ կարծես թե քննարկվում է աշխատողին ոչ թե ժամկետային պայմանագրի լուծման հիմքով աշխատանքից ազատելու հարցը, այլ՝ քաղաքապետի ընտրությունները»,- ասաց Արա Սարգսյանը: