Խուզարկուներ՝ սոցապո՞ւմ
Սոցիալ-ապահովության ծառայությունները կարծես ԿԳԲ-ացվում կամ հատուկ ծառայություններին բնորոշ գործելաոճ են որդեգրում: Նպաստառու ընտանիքի պայմաններին ծանոթանալու համար՝ տեսուչների ձեռքը հարցաշարով բլանկներ են տրվել եւ ուղարկվել պարզելու, լրացնելու, թե տվյալ ընտանիքն ինչքան պարտք ունի, ինչպիսի հագուկապ, սննդակարգ ունի եւ նեղ անձնական ինչ այլ խնդիրներ կան: Ինչպե՞ս պարզել:
Տարբերակ 1. Հիմք ընդունել տանտիրոջ խոստովանությունը, օրինակ՝ «Հարեւանուհուս պարտք եմ 10.000 դրամ, սնվում եմ հաց ու պանրով, օգնություն ստացած լոբու ճաշով, հագնում եմ 20 տարվա վերարկու եւ բաճկոն, հագուստներս գնում են «սեկընդհենդի» (երկրորդ ձեռք) վաճառասրահներից, հեռուստացույցս էլ սեւուսպիտակ է»: Եթե տեսուչն այդ խոստովանությունը հալած յուղի տեղ ընդունի՝ ընտանիքը կնպաստավորվի:
Տարբերակ 2. Տեսուչն անձամբ համոզվելու համար խուզարկում է տան պահարանը, սառնարանը, ստուգում ճաշի պարունակությունը եւ հատ-հատ գրանցում արտասահմանյան մակնիշի տեխնիկան: Այնուհետեւ տանտիրոջը հայտնում, որ նա չի կարող «Փարոսի» նպաստառուի կարգավիճակ ստանալ: Իսկ եթե տանտերը ճգնաժամի պատճառով էդ տան ունեցվածքի չափով էլ պարտքեր ունի՞:
Այստեղ մի կարեւոր նրբություն կա. քաղաքացին չի կարող արգելել տեսուչին տուն մտնել, քանի որ մինչ այդ մի բլանկ էլ քաղաքացին է լրացնում եւ ստորագրությամբ համաձայնում՝ չխոչընդոտել տեսուչի աշխատանքին իր բնակարանում: Եվ դա ոչ այլ ինչ է, քան «խուզարկություն, քաղաքացիական սանկցիա»՝ առանց դատարանի միջամտության եւ, ինչու չէ, հնարավոր բացասական հետեւանքներով:
Այդուհանդերձ, ընտանիքի կարիքավորության աստիճանը որոշելու վերոնշյալ մեթոդը սուբյեկտիվ, անբարեկիրթ լինելուց զատ, կարող է նաեւ վտանգավոր լինել: Ուրեմն, գուցե ավելի քաղաքակի՞րթ տարբերակ ընտրենք՝ եթե նպաստ հատկացնելու նախապայմանը «բոմժի» արտաքին ունենալն ու աղբամանից սնվելը չէ:
ԼՈԻԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆ
«Օդնոկլասնիկի» գործը» չշարունակվեց
Երեկ Երեւանի քրեական դատարանում պետք է շարունակվեր «Օդնոկլասնիկ» սրճարանում անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքի, Անդրանիկ Բաբայանի սպանության գործով դատաքննությունը:
Տուժող Աբել Միքայելյանը, Բաբայանի կինը, ինչպես նախորդ 3 նիստերին, բացակայում էին: Իսկ նախագահող Վարդան Աբրահամյանն էլ աճապարել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Ասում էին՝ դատավորների նոր նշանակումների եւ դատարանների լուծարման պատճառով:
Հասանք «եզրափակիչ»
Հանրապետության փողոցում գտնվող այս խանութի ցուցափեղկին հայտնվել է «Եզրափակիչ զեղչեր» ռուսատառ գովազդային-ցուցապաստառը: Երեկ «եզրափակիչի» մասնակիցներս հայտնվեցինք խանութ-սրահում ու պատկերացրեք, ոչինչ չկատարվեց: «Եզրափակիչ խաղը» միայն դրսում էր, ներսում՝ սովորական առեւտրային առաջնություն:
Ն. Ա.
Կեղծ փաստաթղթեր է կազմել
Երեկ ԴԱՀԿ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի բացահայտվել է, որ համակարգի Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Սեւակ Բաղդասարյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմել է կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես, Ս. Բաղդասարյանը կազմել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին կեղծ արձանագրություն, կնքել անշարժ գույքի առուվաճառքի մասին կեղծ պայմանագիր եւ առանց համապատասխան լիազորագրի՝ կատարել նոտարական վավերացում: Այնուհետեւ պայմանագիրը հանձնվել է գնորդին, որն էլ ներկայացրել է այն Անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժին՝ համապատասխան գրանցում կատարելու նպատակով: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, Ս. Բաղդասարյանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են, փաստի առիթով նշանակվել է ծառայողական քննություն, կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով միջնորդագիր է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Ռ. Մ.