Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԿՆՈՋԻՑ ԱՆՊԱԿԱՍ Է

Փետրվար 26,2009 00:00

Կանայք հիմնականում շարունակում են ապրել այն ընտանիքներում, որտեղ իրենց պարբերաբար ծեծում են ու հայհոյում:

«Առաջին ապտակը ամուսնուցս ստացա հենց հարսանիքի հաջորդ օրը: Պատճառն այն էր, որ նրա խնդրած սրբիչը մի փոքր հեռավորությունից գցեցի: Դրան հաջորդեց մի ծանր ապտակ: Պարզվեց, որ դրանով ես նրան արհամարհեցի, ուրեմն ինքը կսով

որեցնի ինձ հարգել իրեն: Եվ արդեն 5 տարի է, ամուսինս ժամանակ առ ժամանակ ինձ ծեծում է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 27-ամյա Նարինեն: «Դե ինչ անեմ, արդեն սովորել եմ: Կինն այնպես է ստեղծված, որ ամեն ինչի հետ էլ ժամանակի ընթացքում հարմարվում է»,- ասաց Նարինե:

ՄԱԿ-ի վիճակագրական տվյալները փաստում են, որ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կինը կյանքում առնվազն մեկ անգամ ենթարկվում է բռնության: Բռնություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն ֆիզիկականն ու սեռականը, այլ նաեւ՝ հոգեբանականը: Բռնություն է համարվում նաեւ հայհոյելը, կամքին հակառակ ինչ-որ բան պարտադրելը, ընտանեկան հարցերում կարծիքը հաշվի չառնելը, աշխատելն ու ծնողների, հարազատների հետ հանդիպելն արգելելը:

26-ամյա Հեղինեն վարսահարդար է: Ամուսնանալուց հետո Հեղինեի ամուսինն արգելել է աշխատել. «Երբ 4 տարի առաջ ամուսնացանք, համոզված էի, որ ամուսինս ինձ ամեն հարցում կհասկանա եւ կաջակցի: Նա ինձ խոստացել էր, որ ամուսնությունից հետո էլ կաշխատեմ: Ամուսնության առաջին տարում աշխատեցի: Ամուսինս նույնիսկ երեկոյան գալիս եւ ինձ տուն էր բերում: Բայց աստիճանաբար սկսեց պահանջել, որ ավելի շուտ գամ տուն, իսկ իմ աշխատանքն ավարտվում էր երեկոյան: Եվ քանի որ նույն գեղեցկության սրահում աշխատում էին նաեւ տղամարդ վարսահարդարներ, նա սկսեց իմ ուշ տուն գալուն այլ բացատրություններ տալ: Օրվա տարբեր ժամերի հայտնվում էր իմ աշխատավայրում, պահանջում, որ գործից դուրս գամ: Մի օր էլ, երբ առավոտյան պատրաստվում էի տնից դուրս գալ, պարզապես դուռը վրաս կողպեց: Բայց ստիպված եմ հաշտվել այս մտքի հետ: Հո չեմ բաժանվի միայն նրա համար, որ ամուսինս թույլ չի տալիս աշխատել»:

30-ամյա Հասմիկն էլ բռնության է ենթարկվել սկեսուրի կողմից: Նա մեզ հետ զրույցում պատմեց. «Եթե մեզ մնար, ես ու ամուսինս երբեք էլ չէինք վիճի: Բայց այն, որ նա ոչ թե հայկական «ադաթի» համաձայն եկել էր ինձ ուզելու, այլ միասին փախել էինք, սկեսուրս դարձրել էր «դրոշակ» եւ տեղի-անտեղի երեսովս էր տալիս: Բայց երբ համբերությանս բաժակը լցվեց եւ փորձեցի նրան պատասխանել, ասաց, որ լեզվանի եմ, եւ սկսեց ամուսնուս, նույնիսկ 3-ամյա որդուս տրամադրել իմ դեմ: Այն աստիճան, որ ամուսինս մի քանի անգամ հենց մոր ներկայությամբ ինձ խփեց: Վեճերը դարձան այնքան հաճախակի, որ դրանցից խուսափելու համար նա աշխատում էր որքան հնարավոր է աշխատանքից ուշ տուն գալ, որ նորից «տուրուդմբոց» չսկսվի: Դե, նրա մայրն էլ, առիթից օգտվելով, ամեն օր ականջիս կաթացնում էր, որ իր տղան ինձանից ավելի լավին է գտել եւ որ վաղ թե ուշ այդպես էլ պետք է լիներ: Գիտակցում էի, որ դրանք պարզապես նրա զառանցանքներն են, որպեսզի էլ ավելի սրի մեր հարաբերությունները: Բայց որքան կարելի էր այդպես ապրել: Բանը հասավ նրան, որ ստիպված էի երեխայիս վերցնել եւ հեռանալ: Բայց ամուսինս սթափվեց. տեսավ, որ ընտանիքը քայքայվում է՝ բնակարան վարձեց եւ տեղափոխվեցինք»: Հասմիկի խոսքերով, արդեն երեք տարի ապրում են վարձով, սակայն՝ խաղաղ: Նրանց ընտանիքում շուտով լույս աշխարհ կգա 2-րդ երեխան:

21-ամյա Լիլիթն իր 4 ամսական դստեր հետ արդեն կես տարի ապրում է ծնողների տանը: Նրա խոսքերով՝ ծնողներն իրեն մի կերպ են ազատել ամուսնու ծեծուջարդից: Լիլիթը պատմում է. «Ես մինչեւ ամուսնանալս գիտեի, որ նա ծանր բնավորություն ունի, շուտ բռնկվող է, կոպիտ, խմիչքի հետ սեր ունի: Բայց աչք էի փակում այդ ամենի վրա: Ասում էի, դե, տղա է, ո՞վ չի խմում: Մտածում էի՝ կամուսնանանք, ամեն ինչ կանցնի: Բայց ամեն ինչ միայն բարդացավ: Գիշերները ուշ էր տուն գալիս, իսկ երբ գալիս էր՝ հիմնականում հարբած էր: Ամեն կերպ վեճի առիթ էր փնտրում, հայհոյում, ծեծում էր ինձ: Ես աշխատում էի ձայն չհանել, որ հարեւանները չլսեն, խայտառակ չլինենք: Հաջորդ օրը, երբ «օյաղանում» էր՝ զղջում էր, ներողություն խնդրում, երդվում, որ էլ չի կրկնվի: Ամբողջ մարմինս կապտուկների մեջ էր: Այնպիսի շորեր էի հագնում, որ ոչ ոք չնկատի դրանք: Երբ ծնողներս կամ նույնիսկ մտերիմ ընկերուհիս հարցնում էին, թե աչքիդ տակ ինչո՞ւ է կապտած, միշտ մի պատճառաբանություն գտնում էի, ասում էի՝ ընկել եմ կամ պահարանի դռանն եմ խփել: Դե՝ ում բողոքեի: Նույն դասարանում ենք սովորել եւ մինչեւ ամուսնանալը 3-4 տարի ընկերություն ենք արել: Իմ ընտրությունն էր, ի՞նչ բողոքեի: Մի երեկո էլ, երբ ամուսինս հարբած տուն էր եկել ու սկսեց ինձ ծեծել, ծնողներս պատահաբար հայտնվեցին մեր տանը: Էլ ինչ պատմեմ, մնացածը պարզ է: Իսկ այդ ժամանակ ես արդեն վեց ամսական հղի էի»:

Լիլիթի խոսքերով, հայրական տուն վերադառնալուց հետո, ամուսինը մի ամիս շարունակ, գրեթե ամեն օր՝ թե՛ հարբած, թե՛ սթափ, իրեն խնդրել-աղաչել եւ նույնիսկ սպառնացել է, որ վերադառնա. «Բայց հո խելագար չէի՞, որքան էլ սիրեի՝ նորից այդ ամենի միջով չէի անցնի: Հետո իմացա, որ գնացել է Ուկրաինա՝ ծնողների մոտ: Նրա գնալուց հետո էլ աղջիկս ծնվեց: Նա երեխային չի էլ տեսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել