Չտրվել «կենտրոնների» դավադրությանը
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում «Հայ կամավորականների համախմբում» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը բարձրաձայնեց իր մտահոգությունն առ այն, որ աշխարհաքաղաքական կենտրոնները ծրագրել են Հայաստանում գարնան վերջին կամ ամռան սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Թե հատկապես ո՞ր կենտրոնի մասին է խոսքը, Սեֆիլյանն առայժմ չի ցանկանում մանրամասնել: Ըստ բանախոսի, սույն ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սրտով չէ, քանի որ, ինչպես Սեֆիլյանը բացատրեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այնպիսի մի պատկեր է ստեղծվելու, որտեղ նախագահը խորհրդարանում մեծամասնություն չի ունենալու ու վերածվելու է «անգլիական թագուհու»: Բայց Սեֆիլյանի կարծիքով՝ ծրագրի հիմնական նպատակը ընդդիմության շուրջ ձեւավորված վճռական հավաքականության փոշիացումն է: Իր այս մտահոգությունները Սեֆիլյանը փոխանցել է ընդդիմության ղեկավարներին՝ հորդորելով չմասնակցել այդ ֆարսին, քանի որ դրա արդյունքում ստեղծվելու է մի խորհրդարան, որտեղ մեծամասնությունը չեն լինելու ժողովրդի կողմնակիցները:
Այս ամենի նպատակը, բանախոսի համոզմամբ, հայաստանամետ Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելն է. «Տեր-Պետրոսյանը մերժվում է աշխարհաքաղաքական բոլոր շահագրգիռ կողմերից, որովհետեւ նա այսօր քաղաքական արենայում երեւացող գործիչներից ամենահայաստանակենտրոն գործիչն է: Իսկ այդ կենտրոնները ցանկանում են, որ մեր երկրում լինեն ապօրինի կամակատար խամաճիկներ, որպեսզի իրենք իրենց գործերը անեն: Ուստի այսօր մեր խնդիրը ոչ թե այս ռեժիմի պարագլուխների դեմ պայքարելն է, այլ աշխարհաքաղաքական կենտրոններին պարտադրել մեր ուզած հայաստանամետ քաղաքական գործչին: Ըստ էության, այս մեկ տարվա պայքարը մեր անկախության կերտման պայքարն է: 91-ին մենք ձեւականորեն քվեարկել ենք, բայց փաստացի անկախություն չենք ստացել: Այսօր ենք դա կերտում: Այսօրվա զոհողությունները, նաեւ մարտի 1-ի զոհերը, ես կհամարեի անկախության, ազատության նահատակներ»: