Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈՒ ԵՆՔ ԲԹԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ»

Փետրվար 26,2009 00:00

ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին

\"\"

– Պարոն Ներսիսյանց, Դուք հաճախ քննադատել եք պետական պաշտոնյաների եւ գործարարների գործառույթների համատեղումը: Ի՞նչ առաջխաղացում կա այդ խնդրի լուծման մեջ:

– Նախ շեշտեմ, որ պետական պաշտոնյաների եւ գործարարների գործառույթների համատեղումը, ըստ իս, այսօր ամենագլխավոր խնդիրն է Հայաստանում, որը քայքայում է թե՛ ժողովրդավարական կարգերը եւ թե՛ տնտեսական համակարգը: Այս համատեղման հետեւանքն այն է, որ պետական պաշտոնյայի հավատարմությունը եւ եռանդը պետությունից շեղվում է դեպի իր բիզնեսը՝ խարխլելով պետական համակարգը, իսկ մյուս կողմից խանգարվում է մրցութային դաշտը տնտեսության մեջ եւ խեղաթյուրվում են շուկաները՝ անհավասար պայմանների շնորհիվ: Հենց այսպիսի մտահոգություններից էր, որ ՀՀ Սահմանադրության մեջ ընդգրկվեցին 65-րդ, 88-րդ եւ 98-րդ հոդվածները, որոնք բացառում են օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների պետական պաշտոնյաների եւ գործարարների գործառույթների համատեղումը: Այս հոդվածների շարադրանքը 1995-ի Սահմանադրության մեջ մեղմ էր արտահայտված եւ հետեւաբար հեշտ շրջանցելի էր: Այս խնդրի վրա ժամանակին հրավիրել էի նախկին նախագահ Քոչարյանի ուշադրությունը, եւ իր նախաձեռնությամբ այդ երեք հոդվածները վերաշարադրվեցին ավելի կոշտ տարբերակով՝ 2005-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության մեջ: Սակայն վերոհիշյալ հոդվածների խախտումները դեռ շարունակվում են:

– Իսկ ինչո՞ւ են դրանք շարունակվում:

– Երբ այդ խնդրի վրա հրավիրել եմ ղեկավարության ուշադրությունը, ինձ բացատրել են, որ պետական պաշտոնյաները թաքցնում են իրենց գործարարության գործառույթները եւ սեփականատիրությունը ու հաճախ բարեկամների անուններով են գրանցում, թեեւ իրականում քողարկված պահում են ղեկավարման լծակները: Հետեւաբար, անհնար է փաստել սույն սահմանադրական խախտումները: Կարճ ասած՝ փաստերի հավաքագրման խնդիր կա: Սակայն հանրությունը հաճախ ականատես է լինում հեռուստատեսային ռեպորտաժներում տեսագրված եւ հեռարձակված հայտարարություններին՝ հենց պետական պաշտոնյա-գործարար անձի կողմից՝ իրենց այս կամ այն գործարքի եւ կամ պետական ստուգումների վերաբերյալ, որոնք իրականում արդեն անժխտելի փաստեր են հանդիսանում՝ հաստատելու վերոհիշյալ սահմանադրական խախտումները: Պարզ է, որ այդ հայտարարությունները եւ փաստերը դիտվում են նաեւ հանրապետության դատաիրավական մարմինների կողմից եւ, ըստ երեւույթին, որեւէ հետեւողական վարույթ չի իրականացվում:

– Կոնկրետ օրինակներ կբերե՞ք:

– Օրինակ՝ անցյալ տարի նախագահական ընտրարշավի ընթացքում մի հայտնի ընդդիմադիր պատգամավոր-գործարար համարձակորեն հայտարարեց, որ իշխանությունները զանազան ստուգումների միջոցով խանգարում եւ հալածում են իր բիզնեսները, եւ սա հեռարձակվեց թե՛ հանրային եւ թե՛ այլ հեռուստաալիքների միջոցով: Մյուս կողմից մի այլ հայտնի պատգամավոր-գործարար, այս անգամ իշխանամետ, իշխանություններին պաշտպանելու հայտարարությունով հանդես եկավ, թե իր բիզնեսները նույնպես ստուգվում են իշխանությունների կողմից, եւ դա հաշվետվության նորմալ գործընթաց է: Սա էլ հանրային եւ այլ հեռուստաալիքների միջոցով հեռարձակվեց հանրությանը: Այս տեսակի հայտարարությունները գրեթե բոլոր միջազգային դատաիրավական նորմերի համաձայն կգնահատվեն որպես բիզնես տնօրինելու խոստովանության անժխտելի փաստեր, սակայն որեւէ դատաիրավական մարմնի կողմից գործ չի հարուցվել: Եվ նմանատիպ հայտարարություններ, խոստովանություններ եւ նույնիսկ պարծանքներ հաճախ են հնչում պետական պաշտոնյա-գործարարների կողմից: Անցյալ շաբաթ մեկ այլ հայտնի պատգամավոր-գործարար բացահայտորեն մասնակցեց պետության կողմից կազմակերպված մի գործարանի աճուրդին ու շահեց որպես գործարար՝ զանգվածային լրատվական միջոցների հատուկ ուշադրության ներքո: Կարճ ասած՝ թե՛ ԶԼՄ-ները, թե՛ գործարար աշխարհը, թե՛ հասարակությունը եւ թե՛ դատաիրավական մարմիններն այնքան են բթացել Սահմանադրության հանդեպ, որ նույնիսկ մի վերլուծական հոդված ես չեմ հանդիպել մամուլի էջերում այս սահմանադրական խախտումների վերաբերյալ՝ ինչ-որ տեղ իշխանության հետ հակադարձ կապ ապահովելու համար: Բացառությունը 2007թ. փետրվարին «Առավոտ» օրաթերթում տպագրված իմ հոդվածն էր, որում հորդորում էի գալիք Ազգային ժողովի ընտրություններին պատրաստվելու համար թեկնածուների գրանցման նորմեր սահմանել՝ արգելելու գործարարների մուտքը Ազգային ժողով: Ցավոք, սա էլ անտեսվեց:

Արդյունքում՝ արհամարհվել եւ տուժել է ՀՀ Սահմանադրությունը, այսինքն՝ ժողովրդավարության երաշխիքը: Ըստ իս, դատաիրավական մարմինները պետք է գործ հարուցեին սահմանադրական խախտումների համար եւ բողոք-դիմում ներկայացվեր Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացքով: Ցավալին այն է, որ նույնիսկ ընդդիմությունը չի բողոքել այդ խախտումների դեմ եւ որեւէ ձեւով չի դիմել Սահմանադրական դատարան ու փոխարենը միայն ապարդյուն ամբոխավարական մեղադրանքներով ու լոզունգներով է հանդես եկել որպես հակակշիռ քաղաքական ուժ: Արդյունքում՝ պետական պաշտոնյա-գործարարները վերածվել են օլիգարխների, որոնք խուսափել են հարկերի բավարար վճարումներից՝ չարաշահելով իրենց պետական դիրքերը, խեղաթյուրել են շուկաները անհավասար պայմանների շնորհիվ, խախտել մրցույթի կանոնները, խանգարել եւ կամ արգելակել փոքր եւ միջին գործարարների մուտքը դեպի արտադրություն եւ, այսպիսով, նաեւ կտրուկ սրել սոցիալական բեւեռացումը հանրապետությունում:

– Բայց հնարավո՞ր է, արդյոք, կիրառել Սահմանադրության վերը թվարկած հոդվածները:

– Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է հրավիրել օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների հետ կապված ղեկավար պաշտոնյաների առանձին-առանձին խորհրդակցություններ՝ քննարկելու վերոհիշյալ հոդվածներից բխող կիրառման կանոնակարգերի մշակման, ընդունման եւ իրագործման ժամանակացույցերը՝ խորհրդակցելով համապատասխան հասարակական կազմակերպությունների եւ սահմանադրական իրավունքի մասնագետների հետ: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այս խնդիրն այժմ նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ ուշադրության ներքո է գտնվում: Ակնկալում եմ, որ մոտ ապագայում հանրապետության նախագահի հանձնարարությամբ համապատասխան կանոնակարգեր կմշակվեն օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգ մուտք գործող թեկնածուներին մաղելու եւ նմանատիպ խախտումները վերացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728