ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նկատեց, թե ճգնաժամի պայմաններում գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը կարող է ունենալ սոցիալական լուրջ հետեւանքներ. «Հայաստանում ավելի քան 1 մլն մարդ խոցելի վիճակում է, եւ այդ թանկացումներից անկասկած կտուժեն հատկապես բնակչության անապահով խավերը»: Հիշատակեց, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է «Մաքսային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել Հայաստան ներկրվող մսամթերքի, ձվի, ձեթի եւ մի քանի այլ ապրանքների մաքսատուրքը, եւ սա նույնպես կարող է հանգեցնել թանկացումների: Հարցին ի պատասխան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն ասաց. «Խնդիրն իրոք արդիական է, թեեւ կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասենք, մինչեւ սակագները կարգավորող հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի սակագների հետ կապված: Բայց ամեն դեպքում, այդ հնարավոր բարձրացումները նկատի ունենալով, դեռեւս անցած տարի կառավարությունը համապատասխան նախատեսումներ արել է: Դրանք արտացոլված են նաեւ 2009-ի պետբյուջեում: Մասնավորապես այն բարձրացումները, որոնք տեղի են ունեցել 2009-ի հունվարի 1-ից կենսաթոշակների, նպաստների, դրամական օգնությունների եւ վճարների գծով, նաեւ նկատի ենք ունեցել մասնավորապես գազի սակագների հետ կապված հնարավոր բարձրացումը: Մեր հաշվարկներով, հնարավոր բարձրացման արդյունքում միջին վիճակագրական սպառողի, ընտանիքի համար գազի սակագների բարձրացումը կբերի լրացուցիչ շուրջ 100-150 դրամի ավելի ծախս: Դա չեմ կարծում, որ մեծ գումար է այդ բարձրացումների ֆոնի վրա: Այլ խնդիր, որ պիտի գնահատենք, եթե այլ բարձրացումներ եւս տեղի ունենան՝ դրա ընդհանուր ազդեցությունն ինչքան կլինի»:
Վիկտոր Դալլաքյանի արձագանքն էր, թե սոցիալական ցնցումների վտանգի մասին իր մտահոգությունն իրատեսական է. «Տա Աստված, որ ես սխալվեմ, բայց կա աքսիոմատիկ ճշմարտություն՝ եթե որեւէ կառավարություն կամ իշխանություն չի լուծում ժողովրդի հարցերը, ժողովո՛ւրդն է լուծում այդ իշխանության եւ կառավարության հարցերը: Ես ընդամենը ձեզ զգուշացնում եմ»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ժպիտով հավելեց. «Զգո՛ն եղեք, զգո՛ն»: