Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Փետրվար 26,2009 00:00

\"\"Ընդդիմության հանրահավաքից առաջ ոստիկանները որոշել էին «պրոֆիլակտիկ» միջոցառումներ իրականացնել

Երեկ, ժամը 17:00-ին, «Հանրապետություն» կուսակցության Ավանի տարածքային կառույցի գրասենյակում Հայ ազգային կոնգրեսի՝ Ավան համայնքի կառույցի պատասխանատուներ Արամ Սարգսյանն ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, նաեւ «Հանրապետություն» կուսակցության Ավանի կառույցի ղեկավար Լյովա Եղիազարյանը հանդիպել էին Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների եւ ապակուսակցական քաղաքացիների հետ:

Հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել են մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին առնչվող կազմակերպչական հարցեր, գրասենյակ են ներխուժել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մի քանի տասնյակ աշխատակիցներ եւ Լյովա Եղիազարյանին հրավիրել էին դուրս՝ զրուցելու: Լ. Եղիազարյանի փոխանցմամբ, ոստիկանները հայտարարել էին, թե ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ այդ հասցեում քաշքշուկ է սկսվել, իրենք էլ եկել են՝ պարզելու: Հետո ոստիկանները պահանջել էին, որ Լ. Եղիազարյանը իրենց հետ գնա ոստիկանության բաժին: Վերջինս չէր համաձայնել՝ պահանջելով, որ իրեն ծանուցագիր ներկայացվի: Ի վերջո, ոստիկանները պահանջել էին, որ մի երեք հոգի բացատրագիր գրի, որ գրասենյակում ոչ մի միջադեպ չի եղել: Բացատրությունները տրվել էին:

Այդ գործողություններին զուգահեռ ոստիկանները որոշել էին տուգանային հրապարակ տանել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ավտոմեքենան: Ի պատասխան Ա. Սարգսյանի հարցադրումների, վերջիններս հայտարարել էին, թե իրենք ստուգել են ավտոմեքենայի տվյալներն ու պարզել էին, որ դրա «տեխասմոտրի» ժամկետն անցել է: Ոստիկանները հավաստիացրել էին, որ դա շատ մեծ խնդիր չէ, եւ եթե վարորդը համաձայնի գնալ ոստիկանություն՝ այդ հարցերն արագ կկարգավորեն, եւ մեքենան տուգանային հրապարակից դուրս կբերվի: Ավելի ուշ պարզվել էր, որ ոստիկանությունում, չգիտես ինչու, վարորդից նաեւ մատնահետք են վերցրել. ասել են՝ օրենք է:

Բայց ոստիկանության ապօրինությունները միայն սրանով չեն սահմանափակվել: Սպասելով, որ հանդիպումն ավարտվի եւ գրասենյակը դատարկվի, ոստիկանները, արդեն 18:30-ին, ետ էին եկել արդեն «ծանուցագրով» եւ Լ. Եղիազարյանից պահանջել էին ներկայանալ Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ սպառնալով հակառակ դեպքում բերման ենթարկել: Ծանուցագիր կոչվածն էլ (տես նկարում) ամենեւին պատշաճ ծանուցագիր չէր հիշեցրել. այնտեղ որեւէ հիմնավորում չկար, թե ինչու են մարդուն բաժին հրավիրում, որեւէ նշում չկար, թե Լ. Եղիազարյանը ո՞ր գործով ու ի՞նչ կարգավիճակով է ներկայանալու ոստիկանություն: Այդուհանդերձ, կուսակցության ներկայացուցիչը ոստիկանների ուղեկցությամբ գնացել էր Նոր Նորքի բաժին, որտեղ նրան պահել էին շուրջ 3 ժամ: Միայն ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցչի ժամանումից հետո ոստիկանները Լ. Եղիազարյանին ազատ արձակեցին: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, թե ինքը հրաժարվել էր որեւէ բացատրություն տալ, առավել եւս, որ իրեն այդպես էլ չէին ասել, թե ինչու են հրավիրել ոստիկանություն: Լ. Եղիազարյանը միայն գրել էր, որ հրաժարվում է բացատրություններ տալուց՝ համարելով, որ իրեն ոստիկանություն տանելը համարում է քաղաքական հետապնդում: Ի դեպ, Լ. Եղիազարյանի փոխանցմամբ, ոստիկանության Ավանի բաժնի պետը ձեռքի հետ հետաքրքրվել էր, թե իրենց գրասենյակը ինչ հիմունքներով է տեղակայվել կոնկրետ հասցեի բնակարանում եւ արդյոք համապատասխան պայմանագիր կա՞ սեփականատիրոջ հետ, թե՞ ոչ: Ուշ երեկոյան հայտնի դարձավ նաեւ, որ անհայտ անձը կամ անձինք պոկել են գրասենյակի մոտ կախված «Հայ ազգային կոնգրես» ցուցանակը:

Եվս մի մանրամասն: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Լ. Եղիազարյանին տարել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը շտապել էր այնտեղ: Ոստիկանության «օպերներից» մեկը իր գործընկերներին «հրահանգել» էր Շամշյանին հեռացնել բաժնի տարածքից ու նաեւ մի քանի ֆոտոթղթակցի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ էր արել: Բարեբախտաբար, այս անգամ բանը ֆոտոթղթակցի դեմ ուժ կիրառելուն չէր հասել եւ նրա շորերը չէին պատռել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել