Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը ԱԺ-ում
Համաշխարհային ներկայիս ճգնաժամի պատճառների շարքում է հիմնավորումը, որ մարդու աշխատանքը դիտարկվում է ոչ թե որպես բարիքներ ստեղծելուն ուղղված շնորհ, այլ մարդկանց շահագործելու ճանապարհով հարստություն դիզելու միջոց: Այս պայմաններում առավելագույնս է կարեւորվում իսկական բարեգործության դերը: Այդ տեսակետից ժամանակակից հայկական գործարարների, օլիգարխիայի համար թերեւս ուսանելի է Ալեքսանդր Մանթաշյանցի տեսակը, դավանած արժեհամակարգը եւ ծավալած գործունեությունը: Մանթաշյանցը 19-րդ դարի համաշխարհային նավթարդյունաբերության հսկաներից էր, նաեւ մեծ բարեգործ: Չնայած առասպելական հարստությանը, նա երբեք շքեղության հետեւից չէր ընկնում, ցուցամոլ չէր, համեստ էր, չէր սիրում եւ չէր կրում թանկագին քարերով մատանիներ, ոսկեղեն եւ ադամանդներ, անգամ սեփական կառք չուներ, աշխատանքի էր գնում ոտքով կամ տրամվայով: Մանթաշյանցը կրթված անձնավորություն էր, բացի հայերենից, տիրապետում էր վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներին:
Նրա միջոցներով են կառուցվել, մասնավորապես, Էջմիածնի կաթողիկոսական Վեհարանի նոր շենքը, Փարիզի հայկական եկեղեցին, Թբիլիսիի առեւտրական դպրոցը, Ներսիսյան վարժարանի նոր շենքը, Հայկական դրամատիկական թատրոնը: Մանթաշյանցի նյութական օժանդակությամբ հարյուրավոր հայ երիտասարդներ իրենց կրթությունն են ստացել եվրոպական եւ ռուսական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրանց շարքում էին՝ Ադոնցը, Կոմիտասը, Սիամանթոն, Մանանդյանը, Չորեքչյանը, Շահումյանը, Հայկանուշ Դանիելյանը: Նա նյութապես աջակցել է Հովհաննես Թումանյանին, Մուրացանին եւ այլ մտավորականների: Մանթաշյանցի բարեգործության հիմքում ընկած էր քրիստոնեական այն պատվիրանը, թե «Տվեք այնպես, որ ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը»:
Մեծանուն գրող Շիրվանզադեն Մանթաշյանցի մասին գրել է, մեջբերում եմ. «Մանթաշյանցը չէր կարողանում սառնասիրտ անցնել կարիքի մոտով: Սի՛րտը, ահա գլխավորը, որ կատարում էր միակ դերը եւ՝ վեհ դերը Մանթաշյանցի բարեգործությունների մեջ: Նա տալիս էր առանց ետին հաշիվների, առանց գաղտնի միտումների, առանց սին փառամոլության: Տալիս էր, որովհետեւ այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին»:
Ցավոք՝ սիրտը, այս ոգին եւ Մանթաշյանցներն են մեծապես պակասում այսօրվա հայաստանյան իրականությունից: