Արձագանքելով «Առավոտի» նախորդ համարում տպագրված «Պաշտոնները փոխանցվում են ժառանգաբար» հրապարակմանը, երեկ «Առավոտի» խմբագրություն էին դիմել Արաբկիր համայնքի թիվ 9 մանկապարտեզի եւ թիվ 12 մանկապարտեզին կից գործող «Էդի ընդ Էդիտ» նախակրթարանի տնօրենները: Հոդվածում մասնավորապես նշվում էր, որ Արաբկիր համայնքի մանկապարտեզներում տնօրենների պաշտոնները փոխանցվում են ժառանգաբար՝ մորից աղջկան, սկեսուրից հարսին, բացի այդ, գրել էինք, որ համայնքի թիվ 9 եւ 12 մանկապարտեզներում գործում են, այսպես կոչված, VIP մանկապարտեզներ, որոնց ամսական վարձը անհամեմատ բարձր է սովորական մանկապարտեզներից, եւ որ VIP-երը գործում են հարկայինից ծածուկ:
«Առավոտին» դիմած տնօրենները վստահեցնում էին, որ իրենց գործունեությունն օրինական է: Թիվ 9-ի տնօրեն Ա. Սալոյանն ասաց, որ հավելյալ վարձ իրենք գանձում են այլ խմբակներին մասնակցելու դեպքում միայն: «Էդի ընդ Էդիտ» նախակրթարանի տնօրեն Ա. Հովհաննիսյանն էլ պնդում էր, որ իրենք սկսել են գործել միայն այս տարվա փետրվարի 11-ից եւ որպես ՍՊԸ գրանցված են հարկայինում ու իրենց մատուցած ծառայությունների դիմաց երեխաների ծնողներից գանձում են 60 հազար դրամ: Մինչդեռ «Առավոտի» հավաստի տեղեկություններով, նախակրթարանն արդեն քանի ամիս է՝ ինչ գործում է: Երեկ սա, մեզ հետ զրույցում, հաստատեց նաեւ Արաբկիրի թաղապետի խորհրդական Ա. Կուբանյանը. «Երբ իմացանք նրանց գործունեության մասին՝ վրդովվեցինք եւ պարտադրեցինք, որպեսզի գործեն օրինական դաշտում, ինչն էլ արդեն անում են»: