Նախորդ օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության երկու սպաների ներկայացրած հայցի քննությունը: Հիշեցնենք, որ խոսքը 2008 թ. սեպտեմբերի 9-ին Հյուսիսային պողոտայի մոտակայքում ոստիկանության սպաների կողմից Վլ. Կարապետյանին վիրավորելու եւ նրան ապօրինաբար Կենտրոնի բաժին բերման ենթարկելու մասին է: Այդ միջադեպի առնչությամբ Վլ. Կարապետյանը ժամանակին դիմել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որի շրջանակներում ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանը սկսել էր նյութեր հավաքել, բայց 3 ամիս անց մերժել էր ոստիկանության սպաների նկատմամբ քրգործ հարուցել՝ հայտարարելով, թե դրա համար հիմքեր չկան: ՀՔԾ քննիչի գործողությունների վերաբերյալ Վլ. Կարապետյանը բողոք էր ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, որն, ի պատասխան, հայտարարել էր, թե քննիչ Հ. Սարդարյանի որոշումը հիմնավորված է եղել: Վլ. Կարապետյանը փետրվարին հայցով դիմել էր ընդհանուր իրավասության դատարան: Գործը ընդունվել էր դատավոր Ա. Մելքումյանի վարույթ եւ դատական նիստ էր նշանակվել փետրվարի 23-ին, ժ. 12.30-ին: Մեծ էր եղել Վլ. Կարապետյանի եւ նրա շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի զարմանքը, երբ դատավոր Ա. Մելքումյանի քատուղարը հայտարարել էր, թե դատական նիստը հետաձգվել է, որովհետեւ հայցվորն ու նրա ներկայացուցիչը նշված ժամին դատարան չեն ներկայացել: Սա այն դեպքում, երբ ե՛ւ Վլ. Կարապետյանը, ե՛ւ Տ. Աթանեսյանը դատարանի միջանցքում եղել են նշված ժամից դեռ 15 րոպե առաջ:
Վլ. Կարապետյանի փոխանցմամբ, ինքը ավելի ուշ հայտնաբերել էր, որ հիշյալ դատավորի մոտ նշանակված դատական նիստերի ժամանակացույցում փետրվարի 23-ին եւ որեւէ ժամի իր գործով նիստի մասին նշում չի էլ եղել: Պաշտպան Տ. Աթանեսյանի մատուցմամբ, դատական նիստ չի եղել, որովհետեւ դատավորն ինքը նիստին չի եկել: «Ըստ իս, նա պարզապես չի ուզում քննել այս գործը, ուզում է հեռու մնալ դրանից ու ձեռքերը լվանալ, մանավանդ որ դատավորների տեղափոխության հարցեր են քննարկվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փաստաբան Տ. Աթանեսյանը: