ՏՈՊԱԼՈՎԸ ԿՐԿԻՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է
Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար Վեսելին Տոպալով-Գատա Կամսկի հավակնորդների մրցամարտում պայքարն ընթանում է փոխադարձ «խոցումներով»:
Տանտիրոջ դերում հանդես եկող բուլղարացի Վեսելին Տոպալովը չորրորդ տուրում կրած պարտության «պարտքը» վերադարձրեց հաջորդ իսկ օրը: Իսկ երեկ սեւերով հասավ ոչ-ոքի արդյունքի: Վեց տուրից հետո հաշիվը գլխավորում է Վեսելին Տոպալովը՝ 3,5:2,5:
ՖԻԴԵ-ի գավաթակիր Գատա Կամսկուն «մաքուր» պարտությունից խուսափելու համար մնացած երկու պարտիաներում պահանջվում է առնվազն հավասարեցնել հաշիվը:
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ-ՎԱՆ ՅՈՒԵ՝ ՈՉ-ՈՔԻ
Լինարեսում մեկօրյա ընդմիջումից հետո աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները երեկ պայքարը վերսկսեցին հինգերորդ տուրում:
Լեւոն Արոնյանը սեւերով խաղում էր Չինաստանի ներկայացուցիչ Վան Յուեի հետ: Հակառակ սպասվածի, նրանց մեջ տեւական մրցակցություն չծավալվեց: Մինչ մյուս զույգերը՝ Դոմինգեսն ու Ռաջաբովը, Իվանչուկն ու Անանդը, Գրիշչուկն ու Կարլսենը, շարունակում էին որոշել հարաբերությունները, չինաստանցին շատ արագ «հասկացավ», որ սպիտակ խաղաքարերն իրեն առավելություն չեն տալիս եւ 26-րդ քայլում համաձայնեց ոչ-ոքիի:
ԱՂԱՍԻ ԻՆԱՆՑՆ ԻՐ ԽՄԲՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է
Մոսկվայում շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարում ավարտվեց ըստ վարպետության աստիճանի բաժանված չորս խմբերից երկուսի պայքարը:
«C» խմբում գերազանց մրցելույթ ունեցավ մեր հանրապետության ներկայացուցիչ Աղասի Ինանցը: Նա 9 հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով դարձավ մրցաշարի հաղթող: Իր թիմակցի հետ հավասար միավորներ վաստակեց նաեւ Առնոլդ Մինասյանը: Սակայն նա հարկադրված եղավ բավարարվել 4-րդ հորիզոնականով:
Կարգով մի փոքր ավելի՝ «B» խմբում հանդես եկող մեր տղաներից լավագույն արդյունքը Հայկ Վարդանյանինն է՝ 6,0 միավոր: Նա հանգրվանել է 6-րդ հորիզոնականում: Այստեղ նույնպես մեր հանրապետության ներկայացուցիչներից մեկը՝ Յուրի Համբարձումյանը, վաստակել է 6, 0 միավոր, սակայն նույն պատճառով մրցաշարը եզրափակել է 14-րդ հորիզոնականում:
Երեկ, ուշ երեկոյան, «A1» եւ «A2» խմբերի պայքարը դեռ չէր ավարտվել:
Հաստատվեցին որպես մարզիչներ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի միջեւ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի մանկապատանեկան հավաքականների մարզչական կազմերի թեկնածուների հարցերը եւ կատարվել համապատասխան նշանակումներ: Ըստ այդմ, տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչներ նշանակվել են:
Մինչեւ 19 տարեկանների հավաքական
Արմեն Սանամյան, գլխավոր մարզիչ
Արթուր Մկրտչյան, օգնական
Հայկ Կիրակոսյան, դարպասապահների մարզիչ:
Մինչեւ 17 տարեկանների հավաքական
Սամվել Պողոսյան, գլխավոր մարզիչ
Սուրեն Չախալյան, օգնական
Վաղարշակ Շահնազարյան, դարպասապահների մարզիչ:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի նշանակման շուրջ բանակցություններն, ըստ ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տրամադրած տեղեկատվության, ավարտական փուլում են: Նորանշանակ մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում: