Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐԸ ՊԻՏԻ ՇԱՏԱՆԱՆ

Փետրվար 25,2009 00:00

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը Ֆրանսիայում անցկացված աշխարհի գավաթի թիմային առաջնությունից տուն վերադարձավ որպես բրոնզե մեդալակիր:

\"\"
Բարի ավանդույթ է դարձել, որ սպորտի ղեկավարները
հաղթողներին եւ մրցանակակիրներին պատվում են օդանավակայանում
հանդիսավոր դիմավորումով:

Մեր թերթի ընթերցողներն արդեն տեղեկացված են, որ, ի տարբերություն այլ մարզաձեւերի, ըմբշամարտում աշխարհի գավաթը խաղարկվում է թիմային պայքարում, այլ ոչ թե առանձին քաշային կարգերում:

Երեկ «Առավոտը» զրուցեց մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի ղեկավարների հետ:

Փոխնախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Գեւորգյանը, որը պատվիրակության կազմում ներկա էր մրցաշարին, պատասխանեց մեր հարցերին:

– Մեր թիմի մասնակցությունից գո՞հ եք:

– Ընդհանուր առմամբ՝ այո: Որովհետեւ կարծում եմ, որ կարող էինք նաեւ գլխավոր եզրափակիչում լինել Ռուսաստանի մրցակիցը: Եվ այդ ժամանակ դժվար կլիներ ասել, թե աշխարհի գավաթը ո՞ւմ բաժին կհասներ՝ մե՞զ, թե՞ ռուսներին:

– Ցանկալին եւ իրականությունը միշտ չէ, որ համընկնում են:

– Հարցադրման իմաստը հասկանում եմ: Բայց ասածս հիմնավորեմ: Մենք Ֆրանսիա մեկնել էինք թերի կազմով: Բացակայում էին օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն Դենիս Ֆորովը: Եթե նրանք չբացակայեին, մենք, անկասկած, գավաթը վիճարկողներից մեկն էինք լինելու: Մրցավայր ժամանած մյուս բոլոր յոթ ուժեղագույն հավաքականներն էլ 90%-ով Ֆրանսիա ներկայացել էին իրենց մարտական կազմերով: Այդուհանդերձ, մենք նախնական մրցաշարում 6:1 հաշվով առավելության հասանք Հունգարիայի ուժեղ թիմի նկատմամբ, այնուհետեւ, համառ պայքարում, երբ սկզբում զիջում էինք մեր սկզբունքային հակառակորդ Ադրբեջանին, 4:3 հաշվով հաղթանակ տարանք (սա անկախության ժամանակաշրջանում մեր երկու երկրների թիմային առաջին պայքարն էր, որում մենք պատվով դուրս եկանք) եւ միայն վերջին օրը զիջեցինք Ռուսաստանին, որի հավաքականի կազմում ընդգրկված էին բոլոր օլիմպիական չեմպիոնները: Իսկ երրորդ տեղի համար պայքարում մեր տղաների առջեւ անձնատուր եղան նաեւ կուբացիները:

– Ամոյանն ու Ֆորովն ինչո՞ւ չմասնակցեցին:

– Առջեւում, մոտ մեկ ամիս հետո, Եվրոպայի առաջնությունն է: Հավաքականի մարզիչներն ու ֆեդերացիայի մարզչական խորհուրդը նպատակահարմար գտան, որ նրանք շարունակեն անհատական ծրագրով նախապատրաստվել այդ կարեւոր մրցմանը:

– Փաստորեն այդ քաշային կարգերում մեր երկիրը ներկայացված էր երկրորդ համարներով: Նրանց մրցելույթներից գո՞հ մնացիք:

– Այո: Եվ ոչ միայն նրանց: Բոլոր տղաներն էլ արեցին առավելագույնը, ինչ նրանցից ակնկալում էինք: Հիմա, գուցե, արդեն կարող ենք վստահ լինել, որ ցանկացած մրցաշարում առաջին համարների բացակայության դեպքում էլ ձեռքբերումներ կարող ենք ունենալ:

– Շատերն ասում են, թե աշխարհի գավաթի առաջնությունում, եթե գլխավոր մրցանակը չես նվաճում, գրաված մյուս տեղերն արդեն այնքան էլ կարեւոր չեն:

– Համաձայն չեմ: Եթե գլխավոր նպատակը միայն գավաթը լիներ, մրցանակային տեղեր զբաղեցնող հավաքականներին չէին գնահատի եւ համապատասխան մեդալներ չէին տա: Երկրորդ, որը մեզ համար ավելի կարեւոր է. այն, որ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը Պեկինի օլիմպիական խաղերից հետո (իսկ դրանից առաջ՝ վարկանիշային մրցաշարերում ցույց տված արդյունքների հանրագումարում) մտել է աշխարհի ութ ուժեղագույն հավաքականների մեջ, արդեն իրադարձություն է: Իսկ եթե աչք ունենանք՝ տեսնելու եւ սիրտ՝ գնահատելու, որ աշխարհի այդ լավագույն ութնյակի մեջ երրորդն ենք, արդեն ամեն ինչ ասում է:

Հարցազրույցի ընթացքում մեզ մոտեցավ նաեւ ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանը: Նրա խոսքը նույնպես հետաքրքիր էր լսել:

– Պարոն Սոֆոյան, Ֆրանսիայում հավաքականի մրցելույթը ֆեդերացիային բավարարո՞ւմ է:

– Իհարկե: Դրա համար էլ ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը աշխարհի գավաթի առաջնության մասնակիցների համար դրամական խրախուսանք սահմանեց: Բացի այդ, եթե մասնակցությունը հաջող չլիներ, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ մեր հավաքականին դիմավորելու չէին գնա ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի պետական կառույցի, ազգային ֆեդերացիայի եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավարները:

– Սա, փաստորեն, ֆեդերացիայի նորընտիր կազմի առաջին քննությունն էր միջազգային մրցագորգում, որը հաջող անցավ: Հետագա քայլերը որո՞նք են լինելու:

– Պատասխանս կարճ է: Յուրաքանչյուր հաջորդ մրցումում մեր երկրի համար հնարավորին չափ ավելի շատ եւ ավելի մաքուր ձուլվածքի մեդալներ նվաճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել